Մեկնաբանություն

22.05.2020 22:35


«Կռուտիտի» վարպետներ ունենք` աշխարհը չունի

«Կռուտիտի» վարպետներ ունենք` աշխարհը չունի

Էն, որ Նիկոլն ու իր վկաները «պրոֆի» են կռուտիտի գործում` միակ բանը, որ լավ են անում, «հեղափոխական էյֆորիայի» տակ մնացածներին նորից ու նորից մատների վրա «ֆռռացնելն» է, աքսիոմատիկ ճշմարտություն է, այսինքն` ապացուցման կարիք չի զգում։

Բայց արի ու տես, որ ոչ մի կերպ չեն «հանդարտվում»`կաշվից դուրս են գալիս, որ ոչ մեկի մոտ կասկած չմնա` հավասարը չունեն էդ «գործում»։ Մտածել-մտածել են, փորել-քչփորել, ու գտել են` ինչն է պատճառը, որ փառավորապես տապալել են կորոնավարակի դեմ պայքարը և մեկ միլիոն շնչին ընկնող վարակակիրների ցուցանիշով տվել-անցել բոլոր հարևաններին։

Կառավարության նիստում այդ մասին «զգուշորեն» ակնարկեց վարչա(հրամայա)պետ Փաշինյանը, թե բա` հետո՞ ինչ, որ մեր գործերը լավ չեն, իրավիճակը շատ ավելի լուրջ ա, քան պատկերացնում ենք, «զատո» Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված`գների բարձրացում չի եղել, ի տարբերություն արդյունավետ հակաճգնաժամային կառավարման շնորհիվ ճգնաժամը հաղթահարած «որոշ» երկրների։ «Համեմատական վերլուծություն», բնականաբար, չարեց, որ հասկանանք`ինչի՞ց է որոշել, որ գնաճն ուղիղ համեմատական է համավարակի տակից դուրս գալու արագությանը կամ հակառակը` համավարակի տակից դուրս գալու արագությունն է ուղիղ համեմատական գնաճին։

Շեֆի պակաս թողածը լրացրեց Արսեն Թորոսյանը` ասելով. «Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, խիստ և ուժեղ են իրականացվել, այդ թվում` մինչև օրս», բայց դե`չկա չարիք առանց բարիքի. արդյունավետ հակաճգնաժամային քաղաքականությունը «բերում է հետևանքների`սկսած գնաճից, վերջացրած արտարժույթի ինֆլյացիայով»։ Ավելին` պարզվում է, «Վրաստանի առողջապահական համակարգը, հատկապես համաճարակային համակարգը էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից` ոչ լավ իմաստով»։

Ասել կուզի`վրացիները դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտեն, որ հասնեն մեզ` Թորոսյանի և կամպանիայի թեթև ձեռքով փաստացի «լուծարված» հակահամաճարակային համակարգի էֆեկտիվության տեսանկյունից, և կարողանան այնպես անվրեպ տեղորոշել ու վնասազերծել վարակակիրներին, ինչպես մե՛նք ենք կարողանում դա անել։

Շարունակելով «կռուտիտի ենթարկել» առցանց ասուլիսի մասնակիցներին` առողջապահության նախարարն ավելի «զիլ» պատճառաբանություն գտավ` արդարացնելու մեր և Վրաստանի «կորոնավարակային իրավիճակների» սարուձորի տարբերությունը։ Ասաց` կա նաև մեթոդաբանության խնդիր. «Ես 100 տոկոս ինֆորմացիա չունեմ (պատկերացնո՞ւմ եք, որ ունենար` ի՜նչ դարակազմիկ հայտնագործություններ կաներ.-Լ.Պ.), և անկեղծ ասած, չեմ համարում առաջնային նպատակ, բայց հնարավոր է, որ, օրինակ, Վրաստանի արած 40 հազար թեստերը ՊՇՌ թեստեր չլինեն, այլ մի մասը լինեն արագ թեստեր, որոնցից մենք պրակտիկորեն չենք օգտվում, քանի որ դրանք հավաստի և վստահելի չեն»։

Սա դեռ ոչինչ։ Ամենացնցող նորությունն այն է, որ «ժողովրդի կառավարությունը» նորից որոշել է փոխել ընդամենը 2-3 օր առաջ «հեղափոխած» հակաճգնաժամային քաղաքականությունը. թեթև կամ «առանց ախտանիշների» հիվանդների մեկուսացման և բուժման գործառույթը «քաղաքային պոլիկլինիկաների և գյուղական ամբուլատորիաների» (գործնականում իրենց` հիվանդների) ուսերին բարդելը քիչ համարելով՝ հիմա էլ ոչ ավել, ոչ պակաս`անցնում է «հիվանդների բուժման խորը սորտավորման» քաղաքականության։ Ինչպես պատերազմի ժամանակ. «Երբ ա՛յն պացիենտներին են հիմնականում վերցնում բուժման, որոնք որ շանս ունեն փրկվելու և հակառակը»։

Այսինքն` 3 միլիոն վարչապետերից ոչ բոլորին «շանս կտրվի»` օգտվել պետության հոգածությունից. Միայն` նրանց, ովքեր «փրկվելու շանս ունեն», իսկ ովքեր չունեն` սատանան իրենց հետ. թող հանգիստ նստեն տանը և շնչահեղձ լինեն, ինչքան կարող են։

Լիլիթ Պողոսյան

Այս խորագրի վերջին նյութերը