Հարցազրույց

05.05.2020 10:34


Այս իշխանությունը հանրային կյանքի բարեփոխման տեսլական չունի․ Խոսրով Հարությունյան (տեսանյութ)

Այս իշխանությունը հանրային կյանքի բարեփոխման տեսլական չունի․ Խոսրով Հարությունյան (տեսանյութ)

Կորոնավիրուսի ծագման հիմնական պատճառները շատ փորձագետներ գտնում են այլ հարթակներում, մասնավորապես նշում են՝ սա 2008-2009թթ․ ֆինանսական գլոբալ ճգնաժամի բնական շարունակությունն է, որով փորձում են քողարկել համաշխարհային տնտեսական բացերը։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի գլոբալ նշանակության ու դրա տարածման պատճառներին։

Խոսրով Հարությունյանը չի բացառում ոչ մի վարկած․ «Անկախ նրանից՝ ինչից է առաջացել այս վիրուսը, մեզ մտորելու տեղիք է տալիս սրա հետևանքը։ Այն կյանքը, որը կար մինչև կորոնավիրուսը, այլևս չի լինի այդպիսին՝ կորոնավիրուսից հետո»։

Դիտարկմանը՝ ասում են՝ վախեցած մարդկանց հեշտ է կառավարելը, Խոսրով Հարությունյանը նշել է․ «Հեղինակավոր միջազգային կառույցների շատ ղեկավարներ նշում են, որ շատ երկրներ կարող են կորոնավիրուսով իրենց քաղաքական նպատակները հետապնդել։ Եթե լինում են սահմանափակումներ, առաջանում են վախեր, իսկ վախեցած մարդկանց կառավարելն իսկապես ավելի հեշտ է»։

Խոսրով Հարությունյանի խոսքով՝ իր համար զարմանալի ու սարսափելի էին կորոնավիրուսի պայմաններում ՀՀ վարչապետի վերջին հայտարարությունները նախկինների մասին․ «Բարձրաստիճան պաշտոնյան պետք է պատասխանատվություն ունենա։ Այն հենարանը, որն ունի Փաշինյանը ԱԺ-ում, ՀՀ ոչ մի ղեկավար չի ունեցել, բայց կներեք՝ ինձ մոտ տպավորություն է, որ այս իշխանությունը հանրային կյանքի բարեփոխման տեսլական չունի»։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բառապաշարին, Գավառում օրեր առաջ տեղի ունեցած ողբերգական միջադեպին՝ Խոսրով Հարությունյանը նշել է․ «Աշխարհը հային չի ճանաչում, մեր ղեկավարներով ճանաչում են մեզ։ Ձևավորվում է ընդհանուր պատկերացում՝ ով է հայը»։

Դիտարկմանը՝ տեսակետ կա, որ ամեն ինչ տանում է նրան, որ խաթարվում են ինստիտուտներն, այս դեպքում՝ ոստիկանական համակարգը, Խոսրով Հարությունյանը պատասխանել է․ «Որքան էլ Նիկոլ Փաշինյանն ասի՝ ինքը որևէ ազդեցություն չունի, օրինակ՝ դատական համակարգի վրա, սուտ է։ Չկա ուղիղ ճնշում, պարզապես ստեղծվում է մի միջավայր, որը ճնշում է դատական, ոստիկանական համակարգերը»։

Ըստ Հարությունյանի՝ այս միջավայրի ձևավորման համար մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է։

Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի միջև վերջին շրջանում ծագած լուրջ հակասությունների, տարաձայնությունների մասին՝ Խոսրով Հարությունյանն ասել է․ «Վանեցյանի սթափության հայտարարությանը լուրջ չվերաբերվեցին։ Վերջինիս այդ կոչը բարձրաձայնում էր ապագա հնարավոր վտանգավոր զարգացումների մասին»։

Խոսրով Հարությունյանը բարձր է գնահատում Արթուր Վանեցյանի պահվածքը։

Խոսրով Հարությունյանի խոսքով՝ երբ մարդկանց «մեղադրում են» արտաքին ուժերի գործակալ լինելու մեջ, պետք է մի բան հստակ իմանալ՝ վարչապետի խոսքն օրենք է, կարելի է շատ բան մտածել, բայց պարտադիր չէ ամեն ինչ բարձրաձայնել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը