Կարծիք

21.04.2020 18:20


Հարգելի Սերժ Թանկյան, բինգո խփելու շանս ունեք

Հարգելի Սերժ Թանկյան, բինգո խփելու շանս ունեք

Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
Բինգո խփելու շանս ունեք: Ժողվարչապետը վաճառում է իր բնակարանը: Իհարկե, հայտարարությունից դժվար է հասկանալ` բնակարանը Մասիս սարին նայու՞մ է, թե՞ ոչ, բայց միայն այն, որ բնակարանը պատկանում է ձեր լեգենդար ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության լեգենդար առաջնորդին, արդեն իսկ լուրջ հնարավորություն է Ձեզ համար:

Պատկերացնո՞ւմ եք` Դուք «մի կրակոցով երեք նապաստակ խոցելու» շանս ունեք: Ընդամենը 85 հազար ԱՄՆ դոլարով Դուք կարող եք իրականացնել ժողվարչապետին տված Ձեր լեգենդար խոստումը` բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: Միևնույն ժամանակ` ձեռք կբերեք հենց ժողվարչապետի բնակարանը` լավություն անելով անձամբ Ձեր առաջնորդին: Երրորդը` Դուք կարող եք այդ լեգենդար բնակարանն օգտագործել բարեգործական նպատակներով:

Ինչո՞ւմն է բանը. եթե ժողվարչապետը վաճառում է իր բնակարանը, ապա նոր գնորդը, բնականաբար, իր ձեռք բերած բնակարանից դուրս է հանելու այն կարիքավոր ընտանիքին, որին փիառվելու նպատակով բնակարանը ժամանակավոր կացության իրավունքով հանձել էին տեր և տիկին Փաշինյանները: Դուք կարող եք գնել այս բնակարանն ու շարունակել ժողվարչապետի «բարեգործությունը»` հնարավորություն տալով այդ կարիքավոր ընտանիքին շարունակել ապրել իրենց համար արդեն հարազատ դարձած այդ բնակարանում: Ի վերջո, Դուք կարող եք ժողվարչապետին պատկանող բնակարանը ձեռք բերել ու վերածել ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության թանգարանի:

Համաձայնեք, սա ճակատագրի նվեր է: Մի կորցրեք Ձեր շանսը:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը