Մեկնաբանություն

18.03.2011 22:09


Քաղաքական սերիալ «Լևոն». դիտեք առաջի՛ն ալիքով

Քաղաքական սերիալ «Լևոն». դիտեք առաջի՛ն ալիքով

Լևոն Տեր–Պետրոսյանի քաղաքական գործունեությունն ու իր ղեկավարած հանրահավաքները վաղուց արդեն վերածվել են հեռուստասերիալ հիշեցնող ներկայացումների, որի գլխավոր դերերում են Լենին պապին (կներեք՝ Լևոն պապին) ու Սերժ Սարգսյանը։ Սերիալն այդ բավական լայնորեն գովազդվում ու ցուցադրվում է «ազատ, բայց սերժատու» հեռուստաալիքներով և իր լսարանով չի զիջում «Աննա» սերիալին։ Տարբերությունն այն է, որ այս սերիալի անունը «Լևոն» է։

Սցենարը հետևյալն է. Լևոնը 2008թ ձգտում էր նախագահ դառնալ՝  իրեն հավատացողներին «կուտ» տալով, թե «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի», բայց ունեցանք 10 զոհ, որոնց մեջ ինքը չկար։

Լևոնն ուզում է նախագահ դառնալ ոչ թե իր փառասիրությունը, իշխանատենչությունը և եսակենտրոնությունը բավարարելու, այլ հայ ժողովրդին փրկելու նպատակով։ Իսկ փրկելու համար, ըստ Լևոնի, անհրաժեշտ է լուծել  (ավելի ճիշտ՝ հանձնել) Ղարաբաղի հարցը և Թուրքիայի հետ «նախաձեռնողականություն» խաղալ, որպեսզի Սերգո ջանը լավ ապրի։

2008–ի ողբերգական դեպքերից հետո «Լևոն» սերիալը դրամատիկ զարգացում է ունենում։ Բանն այն է, որ մարտի 1–ի գնով նախագահի աթոռին հայտնված Սերժը բռնում ու ինքն է դառնում «նախաձեռնողական»՝ խլելով մրցակցի «թուրքական» դրոշը։ Դրանից հետո Լևոնը մի պահ նախանձից պայթում է, քանի որ ինքը երդվյալ քիրվա է, իսկ Սերժը՝ էպիզոդիկ, բայց հետո, երբ հասկանում է, որ դիմացինը շատ «ճկուն» է ու պետք եղած ժամանակ ոչ պակաս քիրվա կարող է դառնալ, հետաձգում է բողոքի ակցիաներն ընդդեմ «ֆուտբոլասերի», տուն ուղարկում միտինգավորներին ու սիրահարվում է Սերժին՝ վերածվելով  վերջինիս «միաբանի»։

Սերն առ Սերժ ու վախն առ Ռոբերտ այնքան շատ է լինում Լևոնի մոտ, որ վերջինս որոշում է հանդես գալ Սերժի ներիշխանական կայունության երաշխիքի դերում ու պաշտպանել ՀՀԿ «ճկուն» ղեկավարին չար Ռոբերտից, ով ասել էր, թե եթե ինքը լիներ նախագահ, ապա Երևան չէր հրավիրի Լևոնի սիրելի Թուրքիայի նախագահ  Գյուլին։

Գյուլի գալուց ու Սերժին տրվելուց հետո Լևոնը սկսում է պահանջել արդեն պաշտոնաթող Ռոբերտի հրաժարականը՝ իր «վկաներին» հիմնավորելով, որ ավելի լավ է Սերժը մնա, քան Ռոբը գա։ Դա շատ հարմար ու շահութաբեր զբաղմունք է դառնում Լևոնի համար, քանի որ դրա դիմաց ինքը բազում «վիտամիններ» է ստանում Բաղրամյան 26–ից ու գործողություններն այդ հանրությանը ներկայացնում որպես հմուտ ռազմավարություն։

«Անտիռոբ» ու «Պռոսերժ» ծրագրերի շրջանակներում Սերժը Լևոնից շատ բան չի պահանջում. մի քանի ամիսը մեկ հանրահավաքներ անել ու հետո մարդկանց ուղարկել տուն, ինչը «միաբանն» անում է էջմիածնականների հնազանդությամբ։

Ամեն ինչ այդպես հանգիստ կգնար, եթե չլինեին մի շարք հանգամանքներ, որոնք ստիպեցին Լևոն–Սերժ տանդեմին գնալ սցենարային որոշակի փոփոխության (երկրում խորացել էր Սերժ–Տիգրան զույգի վարած քաղաքականությամբ պայմանավորված ճգնաժամը)։

Հանրահավաքային միապաղաղության ու ճահճային կայունության ապահովման մասով Սերժի ու Լևոնի խաղաքարտերը խառնեց նաև Րաֆֆին, ով ցույց տվեց, որ Լևոնից «խլված» Ազատության հրապարակն իրականում փակ չէ, պարզապես Լևոնին դեռ չեն հրահանգել մտնել այդտեղ։ Մարտի 17–ին հրահանգեցին, ու Լևոնը «նվաճեց» «աննվաճելին». ոստիկանները քիչ էր մնում ծաղիկներով դիմավորեին «արմատականներին»։

Այժմ Լևոնի դերակատարումն այլ է։ Նա պետք է մի քանի ամիսը մեկ անցկացվող հանրահավաքները դարձնի մի քանի շաբաթը մեկ, բայց դրանից նրա ֆունկցիան ու խնդիրը  չեն փոխվելու։ Իսկ ֆունկցիան ու խնդիրն այդ հետևյալն են.

. կրճատել հանրահավաքների միջև ընկած դադարները և ամեն անգամ սպասումներ առաջացնել, որպեսզի մարդիկ չփորձեն մտածել ու հասկանալ, որ իրենց գործիքի տեղ են դնում, այլ առաջնորդվեն «Ինքը մի բան  գիտի» զոմբիական կարգախոսով,

. միտինգավորներին կանչել Մատենադարան ու հետո ուղարկել տուն՝ սերիալային սպասում առաջացնելով, իսկ եթե զանգվածները, Սերժի վարած քաղաքականության արդյունքում, շատ կատաղած լինեն, ապա սոցիալական լարվածության «գոլորշին» բաց թողնելու նպատակով մարդկանց տանել Ազատության հրապարակը «գրավելու» և մեկ–երկու ժամ «գրավյալ» տարածքում պարային համարներ ցույց տալուց հետո՝ նրանց կրկին ուղարկել տուն։

Այդպիսով Լևոնը համատեղում է հաճելին օգտակարի հետ ու հաջողացնում Սերժի հետ սիլի–բիլի անելիս հա՛մ հաճույք ստանալ, հա՛մ կույս մնալ։ Իսկ հաջողվում է այդ ամենը նրան, քանի որ միտինգավորներից մի մասի աչքերը դեռ փակ են։ Ու որպեսզի լևոնասերժական «կայֆերը»  հնարավորինս երկար տևեն ու նախորդ սերիալներից մեկի հերոս օրինաց Արթուրի վարքագծի կրկնությունը չբացահայտվի՝ կողմերը գաղտնի են պահում իրենց կապը հանրության աչքերից, բայց արձանագրենք, որ  երբեմն ունենում են փոխադարձ սիրո խոստովանության հրապարակային պոռթկումներ, ինչը Լևոնի կողմից ներկայացվում է որպես քաղաքական գործարք, այլ ոչ թե արթուրիկություն։ Սերժն այդ ամենն առաջարկում է որպես ռեվերանս չընկալել։

Սիրային այս պատմության հանգիստ ընթացքին երբեմն խանգարում են «Հի՛–մա՛, հի՛–մա՛» գոռացողները, բայց Լևոնը նրանց հակադարձում է, թե իրենք շախմատ են խաղում ու պետք չէ «հիմա» գոռալ, քանի որ գործարքը կարող է փոզմիշ լինել։

Լևոնը, թերևս, մտահոգություն ունի, որ «հիմա»–ի պարագայում Սերժը կարող է նեղանալ ու այլևս ռեվերանսներ չանել իր հասցեին, ինչին նա այդքան սպասել էր դեռևս Եղիազար Այնթապցու ժամանակներից։

Վստահաբար կարելի է պնդել, որ, ինչպես հեռուստասերիալներում է լինում, քաղաքական այս սերիալի գլխավոր դերակատարները վերջում միանալու են ու կազմելու մեկ «ընտանիք»։ Ավելի ճիշտ, «հերոսներն» արդեն միացել են, բայց փորձում են գաղտնի պահել իրենց կապը, որպեսզի ունկնդիրների քանակը չպակասի, ինտրիգը պահպանվի ու «գովազդային» շատ գումարներ հավաքվեն։ Հարցն այն է, թե հանդիսատեսը ե՞րբ գլխի կընկնի, որ իրեն խաբում ու «ֆալշ» են մատուցում։ Ցանկալի է, որ միտինգավորները շուտ հասկանան, թե ինչն ինչոց է, այլապես ստիպված կլինեն նկարահանվել «Որբերը» սերիալում։

Թե կոնկրետ ինչպիսի զարգացումներ կլինեն «Լևոնի» հաջորդ սերիայում՝ կիմանաք ապրիլի 8–ին։ Դիտեք այն առաջի՛ն ալիքով։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը