Հարցազրույց

17.04.2020 13:37


Կաթողիկոսը խղճի ու բարոյականության կոչ է արել Հայաստանի դատական համակարգին․ Ռազմիկ Դավոյան (տեսանյութ)

Կաթողիկոսը խղճի ու բարոյականության կոչ է արել Հայաստանի դատական համակարգին․ Ռազմիկ Դավոյան (տեսանյութ)

Այս իշխանությունները երկիրը կազմաքանդել են, ինչպես իրենց ուսուցիչն էր ասում, երկրի արտաքին հարաբերությունները, միջազգային հեղինակությունն իջել է զրոյական մակարդակի։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։

Ըստ Ռազմիկ Դավոյանի՝ երկու տարի առաջ տեղի ունեցածը սկսվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վրեժխնդրությունից«Ռոբերտ Քոչարյանին ծնկի բերել չէր ստացվում, դրա համար էլ մտածեցին վրեժխնդրության մի նախագիծ, որը անակնկալի բերեց բոլորիս։ Այս իշխանությունը եկավ հակառակ ծայրից և մեր միամիտ ժողովուրդը հավատաց, որ եկողները գողերից ու կոռուպցիոներներից փողերը հավաքելու են և դուրս եկավ փողոց»։

Ռազմիկ Դավոյանը տեղի ունեցածը բնորոշում է Թումանյանի խոսքերով՝ վրեժխնդրության ախտ։

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված Լևոն Տեր-Պետրոսյանի ու Նիկոլ Փաշինյանի վրեժխնդրությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, Դավոյանը պատասխանել է․ «Շատ անձնասեր, ներսից զորավոր անհատ է Լևոն Տեր-Պետրոսյանը, ում անձնասիրությունը վիրավորվեց, երբ եկավ Ռոբերտ Քոչարյանն ու ինքը հեռացավ։ Այս վիրավորանքը քիչ էր, մեկ էլ երկրորդ անգամ փորձեց վերադառնալ ու եղավ «Մարտի 1»-ի ահավոր դեպքերը, որի տակից դատարանները չեն կարողանում դուրս գալ»։

Հարցին՝ ինչպիսի՞ ղեկավար է Նիկոլ Փաշինյանը, Ռազմիկ Դավոյանը պատասխանել է․ «Ես մի բան գիտեմ՝ Նիկոլ Փաշինյանը ազգանպատակ ծրագրեր չունի, ինքը պարզապես գործիք է»։

Անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոսի վերջին կոչին՝ ուղղված կալանավորների, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման անհրաժեշտությանն ու այդ կոչին որոշ իշխանավորների և մասնավորապես ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից կոշտ արձագանքին՝ բանաստեղծն ասել է․ «Կաթողիկոսը հեքիաթային գործեր է արել մեր եկեղեցու ու մեր ժողովրդի համար։ ԱԺ փոխխոսնակին մի բան կարող եմ ասել՝ պարոն Սիմոնյան, տասնյակ հազարավոր մարդկանց անունից Ձեզ խոսելու իրավունք ոչ ոք չի տվել։ Վերջ տվեք այդ խոսելաձևին»։

Ըստ բանաստեղծի՝ կաթողիկոսը խղճի ու բարոյականության կոչ է արել մեր դատական համակարգին։

Այս խորագրի վերջին նյութերը