Կարծիք

16.04.2020 19:02


Հարգելի Սերժ Թանկյա՛ն, աչքներս լույս, Հայաստանում բնակարան ձեռք բերելու շանս եք ստացել

Հարգելի Սերժ Թանկյա՛ն, աչքներս լույս, Հայաստանում բնակարան ձեռք բերելու շանս եք ստացել

Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,

Աչքներս լույս, Հայաստանում բնակարան ձեռք բերելու շանս եք ստացել: Ազգային ժողովն այսօր ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, որով Ձեր ժողովրդական, ոչ բռնի, թավշյա իշխանությունը կարող է առանց դատարանի վճռի «ապօրինի հարստացածների» գույքը բռնագանձել: Իհարկե, դա չի վերաբերվելու Ձեր իշխանության սիրելիներին ու ժողվարչապետի աջը համբուրած և ժողվարչապետի ընտանեկան հիմնադրամներին մուծվողներին: Նրանք բարեխիղճ գործարարներ են, ինչ արել են, արել են օրենքով: Դա նաև չի վերաբերվելու հին ու բարի «հարստացածներին»: Օրինակ` պարզվելու է, որ սովետների երկրում մարդիկ գործարաններում առավոտից երեկո կոպեկներով աշխատում էին ոչ թե նրա համար, որ Երևանի սրտում ահռելի մասշտաբների հասնող հանրային նշանակության «Ռոսիյա» կինոթատրոն ունենան, այլ նրա համար, որ այդ կինոթատրոնը բաժին հասնի հանրահայտ Գռզոյին ու վերածվի տոնավաճառի: Դա սովետական աշխատավորության մանկության երազանքն էր: Օրենքը չի վերաբերվելու նաև ժողվարչապետի դռան մոտ վնգաստացող այն իրավապահներին, ովքեր հանուն Ձեր ժողովրդական, ոչ բռնի, թավշյա իշխանության հարատևության պատրաստ են թքել մասնագիտական ու մարդկային բարոյականության տարրական կանոնների վրա և կատարել ժողվարչապետի սադիսատական առաջադրանքները: Օրինակ` օրենքը չի վերաբերվելու մեր օրերի Վիշինսկուն, նույն ինքը` գլխավոր դատախազ Դավթյան Արթուրին, ով իր պալատները կառուցել է բացառապես դատախազական աշխատավարձով ու Հոռոմ գյուղի կոլխոզից ժամանակին ստացած եկամուտներով:

Օրենքը վերաբերվելու է բոլոր նրանց, ովքեր պատրաստ չեն աջհամբույրներ պարգևել ժողվարչապետին ու մուծվել նրա հիմնադրամներին: Հենց այս մարդկանց գույքն էլ բռնագրավելու են ու վաճառեն: Եվ, քանի որ գնորդ չի լինելու, որովհետև հանրային բարոյականությունը դեռևս այն աստիճանի չի դեգրադացվել, որ մեկը մյուսի վաստակածը հանգիստ խղճով լափի ու մարսի, ապա ժողվարչապետը գռնագանձված գույքը փորձելու է շուկայում իրացնել շան մսի գներով: Այո պարոն Թանկյան, հիմա Դուք կարող եք օգտվել այս բացառիկ հնարավորությունից և կոպեկներով տիրանալ ուրիշի գույքին` իհարկե, ժողվարչապետին տրված Ձեր խոստման (բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում) համատեքստում: Անշուշտ, Դուք կարող եք նաև սպասել այն պահին, երբ ժողվարչապետը մազապուրծ կփախչի Հայաստանից և ձեռք կբերեք հենց նրա բնակարանը: Որովհետև հենց այս նույն օրենքով ներկայիս ժողվարչապետն ու ապագա փախստականը պետք է հիմնավորի, թե ինչպես է մարզից ծակ գրպանով եկել Երևան, հաջողացրել Համալսարանը չավարտել, ու իր ձախողված բարձրագուն կրթությամբ թերթ ծախելով բնակարան գնել երևանում և իր թերթի վարձակալված տարածքը վերածել սեփականության:

Պատկերացնու՞մ եք` աշխարհահռչակ ռոք երաժիշտը գումար չունի Երևանում բնակարան գնելու համար, իսկ մարզից Երևան տեղափոխված թերթ վաճառողը գումար ունի ոչ միայն բնակարան գնելու, այլև քաղաքի կենտրոնում մի հսկայական բիզնես տարածք ձեռք բերելու համար: Բնականաբար, չի կարողանալու հիմնավորել իր եկամտի աղբյուրները, ինչի հետևանքով իր բնակարանը կարող եք կոպեկներով գնել անձամբ Դուք` կյանքի կոչելով Ձեր հայտնի խոստումը: Դուք կարող եք կոպեկներով ձեռք բերել նաև նրա գրասենյակային տարածքը` այն վերածելով ձայնագրման ստուդիայի: Հավատացեք, հարմար տարածք է: Պատկերացնո
՞ւմ եք չէ` Ձեր խոստման իրականացման գործընթացի ինչպիսի հանգուցալուծում է, իսկական հոլիվուդյան ֆիլմի սցենար: Ֆիլմի մասին չմտահոգվեք, Arsinée Khanjianը ֆիլմը կնկարի, նա սիրում է մեծ խառնակչության ժամանակներում ֆիլմեր նկարել: Իհարկե, այդ ֆիլմերը ոչ մի տեղ չի ցուցադրում, բայց Ձեր երևի թե կցուցադրի:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը