Հարցազրույց

15.04.2020 09:39


«Լևոն Տեր-Պետրոսյանին և Փաշինյանին միավորում է ինքնամեծարումն ու քինախնդրությունը». Աղվան Վարդանյան (տեսանյութ)

«Լևոն Տեր-Պետրոսյանին և Փաշինյանին միավորում է ինքնամեծարումն ու քինախնդրությունը». Աղվան Վարդանյան (տեսանյութ)

Քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանի խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը շատ ավելի ակնհայտ դարձրեց, որ ինքն այլևս սպառված է: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է նա՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին կոչին:

Ըստ Աղվան Վարդանյանի՝ առաջին նախագահը, ով իրեն «գործիք» էր կոչում, արդեն պիտանի չէ օգտագործման. «Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթն իր գործունեության վերջին 25 տարվա ամփոփումն էր: Տեր-Պետրոսյանը շարունակում է հասարակությունը պառակտել, իր ընդդիմախոսներին անվանել սադրիչ չարակամներ՝ մոռանալով, որ հենց ինքն է տարիներ շարունակ այս ամենն արել մեր հասարակության հետ»:

Աղվան Վարդանյանի կարծիքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանն իր կոչում, իրեն հեռու պահելով վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ևս մեկ փորձում էր առաջ տանել սեփական հայեցակարգը:

Աղվան Վարդանյանի համոզմամբ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ունի բարդույթներ, որոնք չի կարողանում հաղթահարել. «Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանի նախագահության ամբողջ ժամանակաշրջանում չի խոսել, որովհետև իր առջև տեսել է Ռոբերտ Քոչարյանին, ումից ինքը վախենում է: Ես մի բանում էլ եմ համոզված՝ Լևոն Տեր-Պետրոսյանի քինախնդրությունն իրեն հանգիստ չի տալիս»:

Խոսելով տիրող մթնոլորտից, մասնավորապես վախի մթնոլորտից, որ մարդիկ` հատկապես մտավորականությունը, չեն բարձրաձայնում երկրում առկա ապօրինությունների մասին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ապօրինի կալանքի տակ պահելու մասին` Աղվան Վարդանյանն ասել է. «Մարդիկ բաժանվում են երկու խմբի՝ նրանք, ովքեր արտահայտվում են ու բարձրաձայնում այս հարցը, և կա մտավորականության մի մեծ շերտ, որը լուռ է: Ես կարծում եմ սա հանցագործություն է»:

Աղվան Վարդանյանը հատկապես ընդգծում է, որ այսօր լռում են նաև այնպիսի մարդիկ, ովքեր աշխատել են Ռոբերտ Քոչարյանի հետ, տեսել նրա կատարած աշխատանքը. «Այս իրավիճակում, երբ երկրում կամայականություն է, երբ ամեն ինչ կենտրոնացվում է մեկ մարդու ձեռքում, ես խորապես համոզված եմ, որ լռողներից շատերը պատասխան են տալու իրենց խղճի առաջ»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը