Կարծիք

11.04.2020 19:22


Դե յուրե գործ կարելով մարդկանց վրա, դե ֆակտո սառեցնելով` յո՞ երթաք

Դե յուրե գործ կարելով մարդկանց վրա, դե ֆակտո սառեցնելով` յո՞ երթաք

Նկատե՞լ եք` սրանք էնքան փնթի են, էնքան ապաշնորհ`անգամ «թալանչի» նշանակված անձանց վրա գործ կարելու հարցում, որ սպասում են` երկրից դուրս գան, հետո նոր` քրեական հետապնդում սկսում այդ մարդկանց նկատմամբ, կալանավորելու որոշում կայացնում և (կամ) հետախուզում հայտարարում` վստահ, որ խելքը հացի հետ չեն կերել`չեն գա և գլուխներն ինքնակամ «թավշյա գիլյոտինի» տակ չեն դնի։

Այդ ցանկում առաջինը Ռոբերտ Քոչարյանն էր, որը, սակայն, խառնեց Նիկոլի սրտի ՀՔԾ-ի պլանները`վերադարձավ և կանգնեց «թավշյա անարդարադատության» առաջ, որովհետև ի բնե «փախնող» տեսակ չէ, երկրորդ` չէր կարող իրեն նախագահի (կամ նախկին նախագահի) ինստիտուտը վարկաբեկելու` «արդարադատությունից թաքնվելու» շքեղություն թույլ տալ։

Հետագայում դե յուրե հարուցված, դե ֆակտո` սառեցված հետապնդումների թիրախ դարձան Գևորգ Կոստանյանը, Վահագն Հարությունյանը, Վիգեն Սարգսյանը, Միհրան Պողոսյանը, Գագիկ Խաչատրյանը (որ, բուժման կուրսը կիսատ թողնելով` նույնպես վերադարձավ հայրենիք և նույնպես հայտնվեց ճաղերի հետևում), նվազ կամ ավելի հայտնի այլ «նախկիններ»։ Երեկ հեռակա կարգով հետապնդվողների սև ցուցակը համալրվեց նոր անուններով`մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյան և նախկին պատգամավոր Արթուր Գևորգյան։

Իհարկե, եղան նաև «երջանիկ բացառություններ», բայց «թրենդը» դրսում` «անվտանգ հեռավորության» վրա գտնվող մարդկանց գլխին սարքելն է. թափանցիկ ակնարկ, որ «նոր» Հայաստանում նրանց չեն սպասում`«ինչ-որ մեկին» հե՛չ պետք չէ, որ գան, պաշտպանեն իրենց շահերը և պայթեցնեն ընտրովի, սարքովի «թավշյա արդարադատության» փուչիկը...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը