Հարցազրույց

04.04.2020 18:59


Պարզվեց կինը, որն իբր ինֆարկտից էր մահացել և դիահերձեցին, կորոնավիրուս է ունեցել, նման դեպքերում մենք չենք կարող կանխել վիրուսի տարածումը, զգուշացրել էինք, բայց անտեսեցին. Երևանի գլխավոր ախտաբան

Պարզվեց կինը, որն իբր ինֆարկտից էր մահացել և դիահերձեցին, կորոնավիրուս է ունեցել, նման դեպքերում մենք չենք կարող կանխել վիրուսի տարածումը, զգուշացրել էինք, բայց անտեսեցին. Երևանի գլխավոր ախտաբան

Tert.am-ը զրուցել է Երևանի գլխավոր ախտաբան, ախտաբանների ասոցացիայի նախագահ Արմեն Մխիթարյանի հետ: «Այն կինը, որը մահացավ ամենառաջինը, որ հայտարարեցին` սրտամկանի ինֆարկտից է մահացել այլ ոչ թե թոքաբորբից, ապա հետո պարզվեց, որ այդ կնոջ ամուսնու ու տղայի կորոնավիրուսի թեստը դրական էր: Սա ինձ համար առնվազն ծիծաղելի է: Եթե ինֆարկտ էր, եթե թոքաբորբ չէր, եթե կորոնավիրուս չէր, այդ մարդկանց դարդը կտրվե՞լ էր իրենց տան կնոջը կորցրած, գնային թեստ հանձնեին, ու դրական լիներ: Չէ, պարզ է, որ այդ կինը՝ ամենաառաջին հերձվածը, որը հերձել են սանիտարներով, բժիշկներով դիահերձերանում, կորոնավիրուսի հետ ենք գործ ունեցել: Հիմա սպասենք. տեսնենք այդ բուժաշխատողներից քանիսն են վարակվում և էլ ինչպե՞ս է տարածվում վարակը»,-ասում է նա:

-Պարոն Մխիթարյան, օրերս Ազգային ժողովը օրենք ընդունեց, որով կորոնավիրուսից մահացածները չեն դիահերձվի, որպես մասնագետ ձեր գնահատականը ո՞րն է այս օրենքին:

-Օրենքի նախագծի հայկական ասոցացիայի կողմից է հորդորվել: Նախարարի խորհրդատուի հետ միասին մենք խնդրեցինք, որ այդ նախագիծն ընդունվի: ՀՀ-ում չունենք որևէ դիահերձարան, որը կահավորված լինի այն ստանդարտներին համապատասխան, որը մեզ թույլ կտա հերձում իրականացնել նման վարակիչ ինֆակցիոն հիվանդությունների դեպքում: Այս խնդիրը վաղուց է գալիս: Դիահերձարանները, որոնք գտնվում են նաև ԲԿ-ների կազմում, դրանց գլխավոր բժիշկներին ձեռնտու չէ ասել՝ իմ դիահերձարանը չի համապատասխանում ստանդարտներին, եկեք կա՛մ վերանորոգենք, կա՛մ փակենք: Դիահերձարանն այսօր շատ շատերի համար բիզնեսի աղբյուր է, փող են աշխատում: Բայց այս պայմաններում հաստատված դեպքերի դիահերձումներն արգելելը շատ ճիշտ ու ողջունելի էր: Այ՛ո, դիահերձման ժամանակ կարող են վարակվել մարդիկ: Վիրուսը դեռևս հետազոտությունների փուլում է և դեռ պարզ չէ, թե որքան է վիրուսը մնում արտաքին միջավայրում, հետևաբար, ճիշտ էր հաստատված դեպքերի չհերձելու որոշումը:

-Քննարկումներ ու դիտարկումներ եղան, որ եթե վախ կա, որ դիակից կարող են բուժաշխատողները վարակվել, ապա վարակակիրների հետ աշխատելը կրկնակի վտանգավոր է:

-Այո, իհարկե: Մեկ այլ բան է, որ բուժաշխատողը շփվի վարակակրի հետ՝ իմանալով, որ նա վարակակիր է: Հակահամաճարակային գործողությունների տրամաբանությունից բխում է՝ պետք է ամեն ինչ անել, որ վարակվածության աստիճանը մաքսիմալ նվազեցվի: Եթե բուժաշխատողները շփվում են վարակակիրների հետ և վարակվում են, դա կլինիկայի և ներհիվանդանոցային խնդիր է և ներհիվանդանոցային այդ շփումների ձևաչափը պետք է համապատասխանի այն կետերին, որոնք կպաշտպանեն վարակվածությունից: Ինչ վերաբերում է դիահերձումներին, ապա ախտաբաններս ինքներս մեզ ուզում ենք ապահովել, որ մենք էլ չդառնանք վարակի աղբյուր: Եթե Հանրապետությունում որևիցե մեկին թվում է, որ մենք Երևանում ունենք թեկուզ մեկ դիահերձարան, որի կոյուղաջրերը ախտահանվում են և նոր է գնում ընդհանուր կոյուղի, պետք է ասեմ՝ նման բան չկա: Ես իզուր չասացի, որ այս վիրուսի մասին դեռևս շատ բան հայտնի չէ: Չինացի մեր կոլեգաների վերջին գիտական հոդվածներից պարզ է, որ երկար ժամանակ առողջացածների մոտ և վարակակիրների կղանքի մեջ հայտնաբերվում է այդ վիրուսը: Ճիշտ է, գիտենք՝ հիմնական փոխանցման ճանապարհը օդակաթիլայինն է, բայց մենք չգիտենք տարածման այլ եղանակների մասին: Հետևաբար պետք է ամեն ինչ անենք, որ մինիմալիզացնենք մեր շրջակա միջավայրի ախտոտվածությունը, այդ շահերից բխում է այն, որ չի կարելի հաստատված covid-ով մահացածի դիահերձումը. Երևանում ոչ մի դիահերձարան Երևանում չունի բիոֆիլտրներով այդ քաշիչ սարքերը, չունի կոյուղի ուղարկվող այդ ամբողջ ջրերի նախնական ախտահանումը, ինչը բերում է ամբողջ միջավայրի ախտոտվածության բարձրացմանը:

-Վիրուսի տրածման տեմպերի մասին ի՞նչ կասեք. նախորդ երկու օրերին վարակակիրների աճ գրանցվեց աննախադեպ, 92 և 73, այսօր էլ ունենք 34 վարակակիր, 7 մահվան ելք և մեկ ծայրահեղ ծանր դեպք:

-Այո, վարակիչ հիվանդության հետ գործ ունենք, և դա այդպես էլ պետք է լիներ: Կա փորձ, և Հայաստանն առանձին վերցրած երկիր չէ, ես շատ եմ ասել դրա մասին: Մենք պետք է նայենք հարևան երկրներում ինչ է կատարվում, աշխարհում ինչ է կատարվում: Չինաստանի, Իրանի, Իտալիայի, Եվրոպական երկրերի պատկերը աչքներիս տակ ունենալով՝ պետք է հասկանայինք հետևյալը՝ վիրուսը չափազանց արագ տարածվող վիրուս է, պետք է հասկանանք, որ մինչև վարակակիրների հայտնաբերելը՝ դրանից 10-14 օր առաջ այդ վարակակիրները հնարավոր է շփվեն շատ ու շատ մարդկանց հետ և նրանց էլ վարակեն: Հակահամաճարակային տեսակետից գործ ունենք շատ արագ տարածվող վիրուսի հետ և խնդիր չէինք ունենա, որևէ անհանգստություն չէինք ունենա, եթե չտեսնեինք, որ շատ արագ զարգացող բարդություների հետ գործ ունենք: Նույն գրիպը՝ թռչնի գրիպ լինի, թե խոզի, դրանք էլ են բավականին արագ տարածվող, բայց բարդությունները ձգված են ժամանակի ընթացքում, և բուժաշխատողը, բժշկությունը, փաստորեն, ունի ժամանակ՝ ամեն մի բարդության դեպքի ադեկվատ օգնություն ցույց տալու:

Կորոնավիրուսի դեպքում հասկացանք, որ բարդացումները շատ ավելի արագ, կայծակնային են զարգանում, և բերում են բժշկության կոլապսի: Այնպես որ այն, ինչ-որ մենք հիմա ունենք, մտնում է տրամաբանության մեջ: Կարող էինք, իհարկե, շատ ավելի քիչ ունենալ:

-Բացթողումնե՞ր կան:

-Այո, այս էտապում էլ ցավով պետք է ասեմ, որ ունենք բացթողումներ, և այդ բացթողումները կապված են դիահերձումների հետ: Եթե մենք հաստատված դեպքերը չենք հերձում, հասկացանք, հաստատված է՝ չենք հերձում, իսկ 70-80 տարեկան կինը կամ տղամա՞րդը, որը տաքություն է ունեցել և տանը մահացել է, իսկ այդպիսի դեպքեր շատ-շատ են, ո՞վ ասաց, որ դա կորոնավիրուս չէ: Ոչ մեկ: Մենք այստեղ ունենք խայտառակ բացթողում: Այդ բացթողումը ոչ թե անձի բացթողման խնդիր է, ես չեմ ուզում մեղադրեմ ո՛չ նախարարին, ո՛չ ուրիշներին: Բացթողումը գալիս է մեր այն վիճակից, որը մենք ի սկզբանե ունեինք Հայաստանում. չունենք վիրուսոլոգիական լաբորատորիա, չունենք վիրուսուլոգ, մեր նախարարը չունի խորհրդական -համաճարակաբան: Տեսեք՝ ինչ է ստացվում, նախարարը մարտի սկզբներին ասում է, որ կորոնավիրուսն այդքան վտանգավոր վիրուս չէ, որի դեմ հատուկ միջոցառումներ իրականցվեն, իսկ Չինաստանի և Իրանի ֆոնի իր ասածը տրամաբանությունից զուրկ էր, բայց ես գտնում եմ, որ դա գալիս է նրանից, որ ինքը խորհրդական չունի: Այդ մարդը հակահամաճարակաբան չէ, չունի խորհրդական, որին լսի, բայց մյուս կողմից էլ՝ ուներ խորհրդական ախտաբանը, որը խորհուրդներ էր տալիս՝ այսպես մի արեք, չի կարելի, իսկ այդ մարդու խորհուրդներն անտեսվում էին: Խոսքը մեր բնագավառի խորհրդականի՝ Փառանձեմ Խաչատրյանի մասին է, որը հրաժարվեց խորհրդականի պաշտոնից, որովհետև գտավ, որ անիմաստ է այդ տեղը զբաղեցնել, եթե պետք է ինչ-որ մի գործանական քայլ անելու խորհուրդ տաս և այդ քայլը չարվի, այլ լրիվ հակառակ տրամաբանության մեջ արվի, այդ պարագայում առնվազն անհասկանալի է դառնում այդ գործողությունները:

-Պարո՛ն Մխիթարյան, նշեցիք՝ այդ գծով խորհրդական չի եղել, սակայն ստացվում է՝ խորհդական եղել է, սակայն նրան չեն լսել:

-Այո՛, խորհրդական եղել է, ախտոլոգ, խորհուրդներ տվել է, խորհուրդներից մեկն էլ նաև այն էր, որ այն կինը, որը մահացավ ամենառաջինը, որ հայտարարեցին , թե սրտամկանի ինֆարկտից է մահացել, այլ ոչ թե թոքաբորբից, հետո պարզվեց, որ այդ կնոջ ամուսնու ու տղայի կորոնավիրուսի թեստը դրական էր: Սա ինձ համար առնվազն ծիծաղելի է: Եթե ինֆարկտ էր, եթե թոքաբորբ չէր, եթե կորոնավիրուս չէր, այդ մարդկանց դարդը կտրվե՞լ էր իրենց տան կնոջը կորցրած, գնային թեստ հանձնեին ու դրական լիներ: Չէ, պարզ է, որ այդ կինը՝ ամենաառաջին հերձվածը, որը հերձել են սանիտարներով, բժիշկներով դիահերձերանում, կորոնավիրուսի հետ ենք գործ ունեցել: Հիմա սպասենք. տեսնենք այդ բուժաշխատողներից քանիսն են վարակվում և էլ ինչպե՞ս է տարածվում վարակը: Իսկ դրա մասին ասվել է, դրա մասին խորհուրդ տրվել է, բայց այդ խորհուրդն անտեսվել է:

-Ասոցացիան ի՞նչ է անում այս պայմաններում:

-Մեր ասոցացիայի կողմից, անձամբ իմ կողմից ևս խորհուրդների և առաջարկների ցուցակ է ուղարկվել ԱԺ՝ պարոն Նարեկ Զեյնալյանին, որն այս իրավիճակում կարծես ամենաադեկվատ մարդն է, և նախարարություն: Այնտեղ շատ ու շատ այլ խորհուրդներ կան և այդ խորհուրդները վերաբերում էր այդ դեպքերին՝ տանը մահացածներին, որոնց հետ մենք անխուսափելիորեն ենք շփվում: Մեր առաջարկը հետևյալն էր՝ թույլ տալ համավարակի շրջանում տանը մահացածներին հերձումն արվի ոչ թե նույն օրը, այլ գոնե 24-48 ժամ հետո՝ դիակը ֆարմալինով զմռսելուց հետո, այսինքն՝ վիրուսը քիմիական ֆարմալինով վերացնելուց հետո նոր մտնենք, դիահերձումն անենք: Մինչև հիմա արձագանք չկա ո՛չ ԱԺ-ից, ոչ նախարարությունից: Այն առաջին դեպքի հետ կապված, երբ հետագայում պարզվի, որ կորոնավիրուս ուներ, մենք ուղղակիորեն չենք կարող կանգնացնել վարակի տարածումը, կուզեն՝ համալիրը սարքեն հյուրանոց, կուզեն՝ ամենուր բացօթյա մահճակալներ շարեն, անիմաստ բան է ստացվում: Օրենքը էլի լավ է, որ ընդունեցին, բայց տնային դեպքերի հետ կապված շատ լուրջ մտավախություններ կան և փաստորեն մեր արդեն իսկ կարճ ժամանակահատվածում փորձը ցույց տվեց, թե ինչքան բացթողում ենք ունեցել, ինչքան ունենք և ինչքան էլ ունենալու ենք: Սա հին խնդիր է, մեզ մոտ ախտաբաններին չեն լսում, նոր-նոր ուզում ենք փոխել այդ մոտեցումը:

Այս խորագրի վերջին նյութերը