Մեկնաբանություն

12.03.2020 10:55


Բեմի մայմունը. Արամ Սարգսյանի նոր դերակատարումը

Բեմի մայմունը. Արամ Սարգսյանի նոր դերակատարումը

Մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամը նոր մասնագիտություն է գտել։ Նա հիմա քարոզիչ է։ Ապօրինի հանրաքվեին «այո» է ասում։

Փաստորեն, հաճախորդը հաճախորդ է մնում բոլոր ժամանակներում։ Եթե, իհարկե, պատահաբար վարչապետ չի դառնում (խոսքն Արամի մասին չէ)։

Արամ Սարգսյանը նախկին իշխանության հաճախորդն էր։ Նրան, երևի եղբոր պատվին, պահում էին որպես ավելորդ ուտող բերան։

2017–ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «չերեզ» «Ելք» սա մուտք արեց ԱԺ ու վայելում էր իր «ընդդիմադիր» մանդատը։

2018–ի հեղափոխության ժամանակ Արամը չէր կողմնորոշվում։ Մինչև վերջին պահը մնաց հավատարիմ հաճախորդի կարգավիճակում։

Նիկոլի վարչապետ դառնալուց հետո սա սկսեց քծնել հեղափոխությանը ու «չերեզ» հեղափոխություն՝ «ժողովրդի» վարչապետին։ Արամ Սարգսյանի քծնանքը, սակայն, օգուտ չտվեց։ Նախկին հաճախորդ Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն նախորդ իշխանությունների, չուզեցավ ավելորդ ուտող բերան պահել։ Հատկապես որ ուտող բերանների պակաս Նիկոլն իր շրջապատում չուներ։

Արամը չվերասեփականաշնորհվեց։ Նա ճարահատյալ մնաց Էդմոն Մարուքյանի հույսին։ Հետո Էդմոնն էլ չուզեցավ Արամին պահել, ու սա մնաց «բորտին»։ Ահագին ժամանակ ծպտունը չէր լսվում։ Փոխարենը լսվում էին ձայներ Արամի եղբայր Արմենի «մութ» պատմությունների մասին։

Արամը կշարունակեր լուռ մնալ, եթե Նիկոլը հանրաքվեի թեման առաջ չբերեր։ Արամը քծնելու շանս տեսավ ու անցավ գործի։ Նիկոլն էլ շանս տեսավ բոլոր մարած աբլիգացիաների միջոցով «այո»–ի հանրային ու քաղաքական աջակցության ֆոն ապահովելու հարցում։ Գործարքը կայացավ։ Հիմա Նիկոլը գոռում է բեմի վրա, իսկ Արամը՝ ծափ տալիս։ Այսինքն՝ Արամին վերապահված է բեմի մայմունի ֆունկցիան։ Կողմերը գոհ են ու բավարարված։ Նիկոլին ծափ տվող մայմուն է պետք, իսկ Արամին՝ քծնանքի առարկա ու մի բան փախցնելու տարբերակ։

Ի դեպ, Արամը նաև ինքնանվաստացման ֆունկցիա ունի։ Նրա ներկայությամբ Նիկոլը խոսում է 1996–ի ընտրակեղծիքներից, իսկ Արամը բերանը մինչև ականջները բացած ժպտում է։ Նա «մոռացել» է, որ 1996–ի ընտրակեղծիքների և իշխանագողության մեջ մեծ դերակատարում ուներ իր եղբայրը՝ Վազգեն Սարգսյանը։ Նիկոլն էլ իր հերթին է «մոռացել», որ ինքն ու Արամը 2008–ին ուս ուսի տված պաշտպանում էին 1996–ի գլխավոր «հերոսին»՝ Լևոն Տեր–Պետրոսյանին։

Ահա այսպիսի քաղաքական կապիկությունների ենք ականատես լինում «այո»–ի քարոզարշավի ընթացքում։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը