Քաղաքական

06.02.2020 15:30


Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք կներկայացնի

Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք կներկայացնի

Դատարանի որոշման հրապարակմանը ներկայանալը ժամանակի անտեղի կորուստ կլիներ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի մայր գործով նյութերը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբին տրամադրելու վերաբերյալ դատական ակտի հրապարակմանը։

«Նախորդ դատական նիստին ներկայացել էինք, որպեսզի լրագրողների միջոցով հանրությանը կարողանանք ներկայացնել, թե ինչ է այդ պրոցեսում կատարվում։ Այսինքն՝ Արմեն Դանիելյանին ինչ-որ բան ներկայացնելու, համոզելու նպատակ չունեինք»,- նշեց Խուդոյանը՝ հավելելով, որ նախապես արդեն պարզ էր դատարանի որոշումը։

Նրա խոսքով՝ պատրաստվում են Վճռաբեկ բողոք ներկայացնել։

Հարցին ի պատասխան, թե արդյո՞ք պատահական է համարում, որ Դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքները մակագրվում են Արմեն Դանիելյանին, Խուդոյանը ասաց. «Կարծում եմ՝ ինչ-որ ժամանակ անց, շատ տևական ժամանակ անց, առանձին իրավական գործընթացներ կտեսնենք դրա վերաբերյալ։ Չեմ բացառում նաև քրեական գործերի առկայությունը, որովհետև այդ զուգադիպությունները մի քիչ արդեն շատ են լինում»։

Անդրադառնալով ՝ Արմեն Դանիելյանի կողմից ենթադրյալ կեղծիք կատարելու մասին հայտարարությանը և Դատախազության կողմից այդ հայտարարությանը որևէ ընթացք չտալուն, Խուդոյանը նշեց, որ մտահոգություն են ունեցել, որ հնարավոր է՝ դատական ակտը գրված է այլ անձի կողմից՝ լեզվաբանական վերլուծությունների պատճառով։

«Հաղորդում չենք ներկայացրել այսօրվա իրավապահ մարմիններին, որովհետև այդ հաղորդման ճակատագիրն էլ կանխավ հայտնի է՝ ինչ են անելու Դատախազությունը, ՀՔԾ-ն։ Որոշ ժամանակ անց այդ հարցին ևս կանդրադառնանք՝ հաղորդման տեքստով »,- նշեց պաշտպանը՝ հավելելով, որ դատական նիստին այդ մասին ներկայացվել է, որպեսզի ևս մեկ անգամ ցույց տրվի դատախազության երկակի ստանդարտները։

«Երբ որ դատախազը մի դեպքում կարող է կարծիք հայտնել, որ գուցե բացահայտվի, որ Մխիթար Պապոյանը մասնակցել է ինչ-որ ակտի գրվելու ընթացքին, թեև նման հարց չի քննարկվում այդ քրեական գործով, իսկ մյուս դեպքում ասում է՝նորմալ է, որ դատավորներն իրար օգնեն»,- ասաց Խուդոյանը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարեց «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը՝ բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը: Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախաքննության ընթացքում միջնորդություն է ներկայացրել, որով պահանջել է ներկայացնել «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը, այլ ոչ թե՝ առանձնացված մասի նյութերը, ինչը քննիչ մերժել էր:

Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան եւ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր Հովհաննես Խուդոյանի բողոքը՝ պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել «Մարտի 1»-ի մայր գործով բոլոր նյութերը։ Դատախազությունը բողոքարկել է դատարանի նշված որոշումը, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին:

Առաջին դատական նիստին պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, որի ընթացքում մտահոգություն էր հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական ակտը կայացնելիս ենթադրյալ կեղծիք է տեղի ունեցել։

Մասնավորապես՝ Հ.Խոդոյանը նշել է, որ կասկածներ ունեն, որ Ռ.Քոչարյանին կալանավորելու մասին որոշումը կայացնելիս վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը խորհրդակցել է այլ դատավորի հետ, կամ ընդհանրապես այլ դատավոր է այն հեղինակել: Ընդ որում հնչեց նույն դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի անունը: Դատական նիստի ընթացքում կատարված հայտարարության վերաբերյալ դատախազությունը որևէ ընթացք չի տվել։

Աղբյուրը՝ pastinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը