Տնտեսական

08.01.2020 14:10


2019-ի ընթացքում չեն մշակվել ծրագրեր և չեն դրվել հիմքեր, որոնք կապահովեն երկարաժամկետ, կայուն, ներառական աճ. այդպիսի ծրագրեր չեն նախատեսվում նաև 2020-ին. Սուրեն Պարսյան

2019-ի ընթացքում չեն մշակվել ծրագրեր և չեն դրվել հիմքեր, որոնք կապահովեն երկարաժամկետ, կայուն, ներառական աճ. այդպիսի ծրագրեր չեն նախատեսվում նաև 2020-ին. Սուրեն Պարսյան

Կարծում եմ՝ 2019 թ.-ի համար կունենանք մոտ 7.5 տոկոս տնտեսական աճ, որը հիմնականում կապահովվի առևտրի, ծառայությունների և արդյունաբերության ոլորտների հաշվին: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի այդ աճը ներառական չէ, դրանից օգտվելու են մի խումբ անձինք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը:

«Այս տնտեսական աճն իր բացարձակ թվով աննախադեպ է տարածաշրջանում միջազգային ցուցանիշների համեմատ, սակայն դա, ըստ էության, նախկինում եղած ստվերի մի մասի բացահայտում է: Եվ դրանով չպետք է ոգևորվել և բավարարվել, այլ պետք է մշակել այնպիսի ծրագրեր, որոնք կապահովեն երկարաժամկետ, կայուն, ներառական աճ: Այդպիսի ծրագրերի հիմքեր չեն դրվել 2019 թ.-ի ընթացքում և այդպիսի ծրագրեր չեն նախատեսվում նաև 2020 թ.-ին: ՀՆԱ աճում կառավարության տնտեսական քաղաքականության ազդեցությունը շատ փոքր է, դրանով չենք կարող ապահովել 2020 թ.-ի նախանշած թվերը»,- նշեց տնտեսագետը:

2020 թ.-ի բյուջեով կանխատեսված 4.9 տոկոս տնտեսական աճը, ըստ նրա, բավականին ցածր նշաձող է, որը թույլ կտա կառավարությանը հեշտությամբ ապահովել նախանշված ցուցանիշը:

Պաշտոնական վիճակագրության համաձայն` նախորդ տարի ներդրումների աճ է գրանցվել: Սուրեն Պարսյանը, մինչդեռ, ընդգծեց, որ ներդրումների մեջ ներառված են նաև պետական բյուջեից հատկացվող գումարները. «Այստեղ խնդիր կա հստակեցնելու, որն ինչքան մասնակցություն է ունեցել: Բայց ավելի է մտահոգիչ էր 2019 թ.-ի ընթացքում այն, որ 50 մլն դոլարի դիվիդենտներ են Հայաստանից հոսել, նախորդ տարվա համեմատ ավելի շատ: Սա խոսում է նրա մասին, որ ՀՀ-ում արդեն իսկ գործող ներդրումային ծրագրերն այստեղ չեն տեսնում իրենց վերաներդրման հնարավորությունը»:

Սուրեն Պարսյանը ողջունելի է համարում 2019 թ.-ի ընթացքում առանձին սոցիալական ցուցանիշների ուղղություններով աճը՝ նպաստների, աշխատավարձերի, թոշակների բարձրացում: Միևնույն ժամանակ, տնտեսագետը շեշտում է գնաճի զսպման ուղղությամբ կառավարության քաղաքականության կարևորությունը:

«Առաջին անգամ նվազագույն աշխատավարձը հավասարվեց նվազագույն սպառողական զամբյուղին, դա պետք է ողջունել և պահել: Բայց երբ կառավարությունը նախանշում է 4.9 տոկոս տնտեսական աճ և 4.5 տոկոս գների աճ և եթե դա տեղի ունենա ի հաշիվ առաջին անհրաժեշտության ապրանքների, ապա այդ նոր 68 հազար դրամով ավելի քիչ ապրանքներ և ծառայություններ մարդը ձեռք կբերի, քան այսօրվա 55 հազարով: Սա խնդիր է և գնաճային ճնշումները զսպելու հետ կապված կառավարությունը մեծ անելիքներ ունի, հատկապես՝ առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում»,- ասաց նա:

Բացի գնաճից, Սուրեն Պարսյանը խնդիր է տեսնում, որ սոցիալական ծախսերն աճել են ի հաշիվ կապիտալ ծախսերի: Մասնավորապես, 2019 թ.-ի առաջին 9 ամիսների կտրվածքով կապիտալ ծախսերը 61 տոկոսով թերակատարվել են. «Հիմա մենք մի կողմից ձախողել ենք ծրագրերը, մյուս կողմից ավելացրել ենք սոցիալական ծախսերը, դա մեկը մյուսի հաշվին չպետք է տեղի ունենա, քանի որ կապիտալ ծախսերն ապահովում են երկարաժամկետ, կայուն զարգացում տնտեսության համար: Սա է մեր հիմնական մարտահրավերը և սա լուծելու համար պետք է կառավարման արդյունավետությունը բարելավվի»:

Տնտեսագետի խոսքով՝ կառավարման արդյունավետությունը 2019 թ.-ի ընթացքում բավականին ցածր էր. «Այս կառավարությունը 2018 և 2019 թթ.-ին ավել հավաքագրելով հարկերը, ինչպես նաև ձախողելով մի շարք ծրագրեր, գումար է խնայել մոտ 600 մլն դոլարի չափով և հիմա դա գտնվում է Կենտրոնական բանկում՝ որպես ավանդ: Դա այս կառավարության համար կդառնա սև օրվա գումար: 2020 և հաջորդ տարիների ընթացքում կփորձի այս գումարի միջոցով լրացնել իր կողմից, ըստ էության, չհավաքագրվող հարկային եկամուտները»:

Ըստ Սուրեն Պարսյանի, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այժմ, կառավարության համար մարտահրավեր է տնտեսության դիվերսիֆիկացիան: Հայաստանի տնտեսությունը դարձյալ կախվածություն ունի հանքարդյունաբերությունից:

«Այս կառավարությունը պետք է վերանայի իր տնտեսական քաղաքականությունը և պետք է հասկանա, որ իր վրա է դրված տնտեսությունն առաջ տանելու պատասխանատվությունը: Շուկան ինքն իրենով չի կարող կարգավորվել: Առանձին ոլորտներում կառավարությունը պետք է անմիջական միջամտություն ունենա, վերաբաշխի ստեղծվող արդյունքը, եկամուտները: Մեր երկրում ստեղծվում է մեծ արդյունք, բայց այդ արդյունքը չի բաշխվում հասարակության լայն շերտերի միջև»,- նշեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը