Հարցազրույց

24.12.2019 21:55


Սա ԶԼՄ-ն ճնշելու հրահանգ է Նիկոլ Փաշինյանի կողմից․ 5-րդ ալիքի տնօրեն (տեսանյութ)

Սա ԶԼՄ-ն ճնշելու հրահանգ է Նիկոլ Փաշինյանի կողմից․ 5-րդ ալիքի տնօրեն (տեսանյութ)

«5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանի հետ 168.am-ը զրուցել է հեռուստաընկերության սեփականատիրոջ՝ Արմեն Թավադյանի ձերբակալության ու նրա շուրջ կատարվող իրադարձությունների մասին:

«Ոստիկանության տարածած տեսանյութից հետո ակնհայտ էր, որ մարդը ներդրված է, և, որ լինելու է 2-րդ սերիա, որը չուշացավ: Դա պատրաստված էր, որ հետո զարգացում լինի: Գրեթե վստահ էի, որ պատասխանատվության է կանչվելու Արմեն Թավադյանը, ով բազմիցս ասել է, որ Ռոբերտ Քոչարյանի ընկերն է և ակտիվ գործունեություն է ծավալում ընկերոջ ազատման համար: Սա կեղտոտ քարոզչական հնարքներով պատրաստված տեսանյութ էր: Այնքան ակնհայտ էր, այնքան փնթի էր արված: Նույնիսկ սցենարիստ չունեն, որ նորմալ նյութ նկարեն»,-ասաց Հարություն Հարությունյանը:

Վերջինս նշում է, որ սա նաև հարված է «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը:

«Իրենք թշնամի են հայտարարել ազատ խոսքի մի հարթակ և հիմա ուզում են ճնշել այդ հարթակը: Այո, ես գնահատում եմ, որ սա նաև ճնշում է «5-րդ ալիքի» վրա: Սա Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգ է: Եթե նրա կողմից հրահանգ չէ, ինքը պետք է հանդես գա հայտարարությամբ»,-ասաց հեռուստաալիքի տնօրենը:

Հարցին, թե ի՞նչ զարգացումներ է սպասում Արմեն Թավադյանի գործով, Հարություն Հարությունյանն ասաց.

«Ինչպես կմտածի Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ կանի իրավապահ համակարգը: Հիմա այդպես է: Եթե ինքը հանձնարարեց դատարանին, որ պետք է նստի, ուրեմն դատարանը կորոշի, որ նստի: Եթե որոշի, որ ստորագրությունով պետք է դուրս գա, ինչը ինքը չի անի, ուրեմն դուրս կգա: Այսօր մի մարդ է որոշում: Իրավապահ համակարգը չկա, գոյություն չունի: Սա հստակ է: Մի մարդ որոշում է, և իր քմահաճույքները կատարում են իրավապահ մարմինները: Արմեն Թավադյանի ձերբակալությունն ակնհայտ պատվեր է»:

Հարություն Հարությունը վերջում նշեց, որ «5-րդ ալիքում» տրամադրությունը փայլուն է:

«Մենք աշխատում ենք փայլուն, որևէ խնդիր չունենք: Պատրաստ ենք գնալ նստել, ձերբակալվել: Կաշխատենք մինչ այն պահը, երբ մեզ հյուր կգան, հետո կորոշենք՝ ինչ անել: Բայց վստահաբար կարող եմ ասել, որ մեզ մոտ որևէ բան չի փոխվել: Մենք շարունակելու ենք աշխատել՝ որպես ազատ խոսքի հարթակ: Հարկ եղած դեպքում նաև քննարկում ենք հայտարարությամբ հանդես գալը ոչ թե մեր տեղական իրավապաշտպան կառույցներին, որովհետև դրանք այդպիսին էին մինչև հեղափոխությունը, հիմա վերացել են, այլ համապատասխան միջազգային կառույցներին: Հիմա քննարկում ենք, բայց վստահ եմ, որ այդ հայտարարությունը մենք կանենք»,-եզրափակեց հեռուստաընկերության տնօրենը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը