Հարցազրույց

22.12.2019 20:10


«Երբ արժեզրկվում է պետական պաշտոնը, արժեզրկվում է պետությունը»․ ինչո՞ւ է Հարություն Մեսրոբյանը լքում Հանրային խորհուրդը

«Երբ արժեզրկվում է պետական պաշտոնը, արժեզրկվում է պետությունը»․ ինչո՞ւ է Հարություն Մեսրոբյանը լքում Հանրային խորհուրդը

Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանի՝ ՀԽ նախագահ նշանակվելուց հետո, 2018 թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի առաջարկով և կառավարության որոշմամբ ՀԽ անդամ նշանակված կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն օրերս հայտարարեց ՀԽ-ում իր անդամակցությունը դադարեցնելու մասին։ NEWS.am-ն այս թեմայով զրուցել է Հարություն Մեսրոբյանի հետ։

-Ինչո՞վ է պայմանավորված Հանրային խորհրդում Ձեր անդամակցությունը դադարեցնելու որոշումը։

-Երբ Վազգեն Մանուկյանը դուրս եկավ Հանրային խորհրդից, ինձ լրագրողները հարցրեցին, ասացին՝ խոսակցություններ կան, որ Հանրային խորհրդի նախագահ է լինելու Ստյոպա Սաֆարյանը, ես պատասխանեցի, որ եթե նման բան լինի, համարեք, որ ես իմ ազատման դիմումը գրել եմ։ Ես սովորություն չունեմ խոսքս փոխել։

-Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Ստյոպա Սաֆարյանի նշանակման հետ որևէ խնդի՞ր եք տեսնում։

-Ես կառավարման փորձագետ եմ և անձին քննարկելու որևէ բարոյական իրավունք չունեմ։ Ես հարցը քննարկում եմ կառավարման իմաստով, պետական կառավարման իմաստով։ Պետական պաշտոնյան՝ այն էլ բարձրաստիճան պաշտոնյան տարբեր օղակներում՝ լինի Հանրային խորհուրդ, կառավարություն, անկախ տեղական ինքնակառավարման մարմին, պետք է 2 չափանիշների բավարարի՝ բարոյական նկարագիրը և անցած ճանապարհը դրական արդյունքներով։ Ընդ որում բարոյական նկարագիրը պարտադիր պահանջ է, իսկ դրական արդյունքները` բավարար։ Եթե դրանք չկան, ընդհանրապես նշանակումներ չպետք է լինեն։

-Ստյոպա Սաֆարյանը չունի՞ ձեր թվարկած հատկանիշները։

-Ես ասացի, թե ինչ պետք է լինի, հիմա ինքն ունի, չունի, տարբեր մարդիկ տարբեր կարծիքներ կարող են ունենալ։ Հանրային խորհրդի անդամը, առավել ևս նախագահը փորձառու, խորքային ճանապարհ անցած մարդ պիտի լինի։ Մնացածը դուք որոշեք՝ համապատասխանում է, թե ոչ, ես որպես կառավարման փորձագետ պահանջներն եմ ասում։

-Այն, որ համաձայնել էիք աշխատել Վազգեն Մանուկյանի հետ, իսկ Ստյոպա Սաֆարյանի հետ հրաժարվել եք աշխատել, կարո՞ղ ենք եզրակացնել, որ Ձեր կարծիքով՝ Վազգեն Մանուկյանը համապատասխանում էր այդ պահանջներին, իսկ Ստյոպա Սաֆարյանը՝ ոչ։

-Նախ ես ոչ թե համաձայնել էի աշխատել, նման ձևով հարցը դրված չէր։ Վարչապետի առաջադրմամբ կառավարությունը անցյալ տարի սեպտեմբերին ինձ նշանակեց Հանրային խորհրդի անդամ։ Հիմա գանք Վազգեն Մանուկյանի անձին։ Վազգեն Մանուկյանը մեծ ավանդ ունի մեր պետության կայացման գործում, ընդ որում՝ տարբեր ասպարեզներում՝ թե վարչապետության ժամանակ, թե պաշտպանության նախարար եղած ժամանակ, այսինքն՝ դրանք անհերքելի փաստեր են, ես չէ, որ պետք է պատմեմ; Մարդ էր, որ իրոք համապատասխանում էր դրված պահանջներին ու խնդիրներին։

-Իսկ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ որոշվեց Ստյոպա Սաֆարյանին նշանակել ՀԽ նախագահ։

-Կառավարման իմաստով մենք պետք է նայենք երևույթի միտումներին։ Թե ինչ նկատառումներից ելնելով ինձ՝ որպես փորձագետի չի հետաքրքրում, բայց երբ արժեզրկվում է պետական պաշտոնը, նշանակում է, որ արժեզրկվում է պետությունն իր բոլոր բացասական հետևանքներով։ Ես մի բան եմ տեսնում, որ Հայաստանում պետական պաշտոնյայի ստատուսը բովանդակային առումով տևական անկում է ապրում գրեթե բոլոր ասպարեզներում, իսկ դա վտանգում է պետականությունը։ Այս պրոցեսը սկսվել էր դեռ 1991-ից:

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոսում էր Հանրային խորհրդի վերջին շանսի մասին, Դուք ի՞նչ եք կարծում՝ ՀԽ-ն կկարողանա օգտագործել այդ շանսը և ավելի արդյունավետ կառույց դառնալ։

-Երբ ասում ենք Հանրային խորհրդի վերջին շանս, նշանակում է կային առաջին, երկրորդ շանսեր, հետո հոգնեցուցիչ է դարձել և տվել են վերջին շանս։ Արդյոք տեղյա՞կ եք, որ ՀԽ-ն առ այսօր չունի տարածք, իսկ եթե մարդիկ անգամ նստելու տեղ չունեն, ապահովված չեն տարրական պայմանները, կարելի՞ է ասել, որ նրանց տրված է վերջին շանս։

Համատարած տարբեր պաշտոնյաների աշխատավարձերը կտրուկ բարձրանում են՝ սկսած կենտրոնական ապարատից մինչև տեղական ինքնակառավարման մարմիններ, բարձր աշխատավարձեր, շռնդալից պարգևատրումներ, իսկ ՀԽ անդամները, ներառյալ ՀԽ նախագահը ստանում են 0 դրամ, պետության կողմից տրամադրված չէ տարածք, ու շատ հնարավորություններ չկան, ո՞ր շանսի մասին է խոսքը։ Կարո՞ղ եք ասել։ Եկեք բոլոր պաշտոնյաներին տարածքներից, աշխատասենյակներից զրկենք, աշխատավարձերն ու պարգևատրումները զրոյացնենք, ի՞նչ է լինելու։ Եթե մարդկանց մի խումբն ունի տարածքներ, սպասարկող անձնակազմ ինչքան ուզեք՝ տասնյակ տեղակալներ, օգնականներ, վարորդներ, աշխատավարձեր ու պարգևատրումներ, իսկ մյուս խումբը դրանից ոչ մի բան չունի, ինչն ինչի՞ հետ ենք համեմատում։

-ՀԽ-ի արդյունավետության բարձրացման համար ի՞նչ է պետք և արդյոք կիսո՞ւմ եք այն կարծիքը, որ այն «անիմաստ կառույց է»։

-1991 թվականից մեր բոլոր իշխանությունները չգիտեն՝ ինչ անեն խորհրդատվության ոլորտում։ Որպեսզի խորհրդատվությունը գնահատես, պետք է խորհրդատվությանը հարգալից վերաբերել, լսել, ընկալել և փորձել իրագործել։ Եթե հարգալից վերաբերմունք խորհրդատվության նկատմամբ չկա, ի՞նչն արդյունավետ գնահատեն։ Բոլոր ժամակակներում բոլոր իշխանություններին փորձագետներն ավելի շատ են պետք, քան փորձագետներին՝ իշխանությունը։ Այսինքն մեզանում խորհրդատվական տարրական կուլտուրա գոյություն չունի։ Եթե կուլտորա չկա, ի՞նչն ենք մենք գնահատում։ Բա՞ որտեղից է գալիս հին հայկական ասացվածքը՝ «ասողին լսող է պետք»։ Մեր ժողովուրդն ինչո՞ւ է դա ասում, որովհետև գիտի՝ մենք այդ արատն ունենք, ասողին չենք լսում։

1991 թվականից ես բոլոր իշխանություններին և՛ քննադատել եմ, և՛ պրակտիկ առաջարկներ եմ արել ընդհուպ մինչև քայլերի բաժանած։ Գիտե՞ք՝ ինչ է եղել, երբ տվյալ մարդիկ իշխանության էին, չէին լսում բացարձակ, հենց զրկվում էին իշխանությունից, իրենց հռետորաբանությունը 180 աստիճանով փոխում էին, և ես զարմանքով լսում էի իմ առաջարկությունների տարրերը, բայց իրենց անունից էին ասում։ Մեր իշխանավորները երբ իշխանության են, խուլ են, երբ իշխանությունը կորցնում են, այնպիսի ճարտարախոսություն է սկսում, ապշում եմ՝ նույնն մա՞րդն է, թե՞ ոչ։

-Ինչո՞վ եք պատրաստվում զբաղվել ՀԽ-ից դուրս, հնարավո՞ր է միանաք «Վերնատուն» ակումբին։

Իմ գործունեությունը չի փոխվել, ուղղակի հիմա ՀԽ-ում չեմ դա անելու։ Իմ գործունեության ուղղությունը չի փոխվել, ես փորձագետ եմ, քաղաքական գործիչ չեմ։ «Վերնատուն» լինի, թե այլ կառույց, եթե տեսնեմ, որ այնտեղ ոչ այնքան քաղաքական տարրն է ուժեղ, այլ գործնական, փորձագիտական` կմտածեմ։

Այս խորագրի վերջին նյութերը