Քաղաքական

12.12.2019 22:29


ԱՄՆ Սենատը հաստատեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը

ԱՄՆ Սենատը հաստատեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը

Միացյալ Նահանգների Սենատը րոպեներ առաջ միաձայն քվեարկությամբ հաստատեց Հայոց Ցեղասպանությունը դատապարտող՝ սենատոր Ռոբերտ Մենենդեսի ներկայացրած թիվ 150 բանաձեւը։

Սենատորներից որեւէ մեկը վետո չդրեց այս անգամ փաստաթղթի քվեարկության վրա։ Վերջին ամիսներին 3 անգամ հանրապետական տարբեր սենատորներ՝ Քեվին Քրամերը, Դեյվիդ Փերդյուն, Լինսի Գրահամը, արգելափակել ու թույլ չէին տվել, որ բանաձեւն ընդգրկվի Սենատի օրակարգում:

Հետաքրքրական է, որ 3 սենատորներն էլ սկզբունքորեն դեմ չեն արտահայտվել բանաձեւի ընդունմանը, սակայն նշել են, որ այժմ դրա ժամանակը չէ: Անցնող ամիսներին, բանաձեւին կողմ արտահայտվելու եւ քվեարկելու ուղղությամբ համաամերիկյան աշխատանք էր ծավալաել Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը։ Բոլոր սենատորները նրանց կազմակերպմամբ գտնվել են հայազգի ընտրողների ուշադրության կենտրոնում։

Ի դեպ, մինչ քվեարկությունը, գրեթե դրանից մեկ ժամ առաջ Քիմ Քարդաշյանն էլ է արձագանքել Հայ Դատի հանձնախմբի կոչին, եւ իր ինստագրամյան էջում, շուրջ 135 միլիոն հետեւորդներին կոչ արել զանգահարել սենատորների գրասենյակ եւ պահանջել կողմ լինել ներկայացված բանաձեւին։

Հիշեցնենք, որ այս բանաձեւից անկախ, գրեթե նույն բովանդակությամբ փաստաթուղթ էր ընդունել նաեւ ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատը։

Աղբյուրը՝ yerkirmedia.am

Այս խորագրի վերջին նյութերը