Կարծիք

06.12.2019 13:05


Փաշինյանը՝ պատերազմի ու խաղաղության արանքում

Փաշինյանը՝ պատերազմի ու խաղաղության արանքում

Հայաստանում երկու խոշոր մոտեցում կա պետության ապագայի կառուցման ու անվտանգության հարցերում։

Քիրվայականներ VS ազգային–դեմոկրատներ

Մի ուղղությունը քիրվայական–պարտվողականն է, ըստ որի՝ քանի դեռ հայ–թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերությունները չեն կարգավորվել ու չեն բացվել սահմանները, մենք զարգացման ու լավ ապրելու հնարավորություն չենք ունենա։

Որպես լուծում առաջարկվում է Արցախի հարցում գնալ «փուլային» լուծման տարբերակով, այսինքն՝ Մնացականյան–Մամեդյարով հանդիպման նախաշեմին Բաքվի կողմից շրջանառության մեջ դրված փաստաթղթի փիլիսոփայությամբ։ Իսկ դա նշանակում է՝ Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Քիրվայականների համոզմամբ դա այն գինն է, որը պետք է վճարել խաղաղության ու Հայաստանը պահելու համար։

Ինչ մնում է հայ–թուրքական հարաբերություններին, ապա քիրվայականներն առաջարկում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը չդնել ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում։

Ամփոփենք. քիրվայական կոդի կրողներն առաջարկում են Արցախի հանձնման ու Հայոց ցեղասպանության փաստացի մոռացության գնով հասնել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, բաց սահմաններին ու ազատ առևտրին։ Ըստ այդմ՝ ստացվում է, որ մեր երկրի զարգացման բանալիները գտնվում են Բաքվում ու Անկարայում։ Քանզի իրենցից է կախված լինելու մեր ապագան. կուզեն սահմանը կբացեն, չեն ուզի՝ չեն բացի։

Ի դեպ, քիրվայականությունը ոչ թե դավաճանական, այլ հիվանդ մտածողության կոդ է։ Պետականազուրկ հարյուրամյակների հետևանք։ Սա իրականում պատերազմի ու պարտության, ես կասեի՝ կապիտուլյացիայի տանող մտածողություն է։

Այդ մտածողությունը մերժվեց Արցախյան պատերազմի տարիներին, մերժվեց 1998–ին, բայց ժամանակ առ ժամանակ գլուխ է բարձրացնում՝ ողբերգության ու ավերածությունների, հետընթացի ու հանրային պառակտման պատճառ դառնալով։

Ու քանի դեռ քիրվայականությունն արմատախիլ չի արվել մեր պետական ու քաղաքական կյանքից, բազմաթիվ աղետներ է բերելու։

Ապագայի կերտման ու անվտանգության ապահովման մյուս ուղղությունն ազգային–դեմոկրատականն է։

Այս մոտեցմանը քիրվայականները տվել են «Պատերազմի» կուսակցություն անվանումը, բայց իրականում սա խաղաղություն և կայուն զարգացում ապահովող գիծ է։

Հայ–ադրբեջանական հարաբերություններում ազգային–դեմոկրատները առաջնային են համարում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումն Ադրբեջանի կազմից դուրս և հայկական երկրորդ պետության միջազգային ճանաչումը։

Հայ–թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, սակայն դա չի նշանակում, որ ցեղասպանության հարցը պետք է դուրս գա ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն ի հիշատակ մեր սպանված նախնիների, այլ նաև մեր այսօրվա ու վաղվա սերնդի համար է արվում։

Ազգային–դեմոկրատական գծի կողմնակիցները համոզված են, որ մեր ներքին խնդիրների վրա արտաքին մարտահրավերներն ազդում են, բայց այդ խնդիրների լուծման ուղին մեր միակողմանի զիջումներով չպետք է լինի։ Արցախը զիջելու գնով «Սերգո ջանին» կամ ավելի մոդայիկ լեզվով ասած՝ «անգրագետ Պողոսին» լավ ապրեցնելու տարբերակը մոլորություն է։ Դավաճանության հասնող մոլորություն։

Արտաքին մարտահրավերներն ի՞նչ կապ ունեն ոչ արդյունավետ տնտեսական հարաբերությունների, բռնաբարված ընտրական համակարգի, չկայացած քաղաքական դաշտի, մարդու իրավունքների ոտնահարման և այլ բացասական երևույթների հետ։

Մարտահրավերներից ամեն գնով ձերբազատվելու, սեփական հաղթանակից փախչելու և արտաքին կողմնորոշումներով ներքին կյանքը բարելավելու ճանապարհը վտանգավոր է ու լի կորուստներով (Վրաստանի և Ուկրաինայի օրինակները բոլորիս աչքի առաջ են)։

Քիրվայականները բեռ են համարում Արցախը, իսկ ազգային–դեմոկրատական կոդի կրողները համոզված են, որ այդ բեռից ամեն գնով ազատվելու ցանկությունը կարող է պետականակործան արդյունքի բերել։ Արցախը մեր անվտանգության անքակտելի մասն է և չի կարող բեռ համարվել։

Քիրվայականները մահվան, իսկ ազգային–դեմոկրատները՝ կյանքի հայեցակարգով են առաջնորդվում։

Քիրվայականները հոռետես են ու պարտվողական։ Ազգային–դեմոկրատները՝ լավատես ու արժանապատիվ խաղաղության կողմնակից։

Քիրվայականները խաղաղություն են մուրում, իսկ ազգային–դեմոկրատները՝ խաղաղություն պարտադրում՝ ներքին ու արտաքին արդյունավետ քաղաքականություն առաջարկելով։

Որտե՞ղ է գտնվում Նիկոլ Փաշինյանը

Գործող վարչապետը քիրվայական միջավայրի ծնունդ է։ Որպես լրագրող ու որպես քաղաքական գործիչ՝ նա պաշտպանել է «սերգոջանային» գիծը և կռիվ տվել ազգային կոդի դեմ։

Բայց չնայած այդ ամենին՝ չի կարելի պնդել, որ Փաշինյանը հավատավոր քիրվայական է և դոկտրինյոր։ Նա պոպուլիստ է, այսինքն՝ չունի կայուն արժեհամակարգ, սկզբունքներ ու կոդեր։

Փաշինյանը մի օր կարող է հայտարարել «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», իսկ հաջորդ օրը շտապել բավարարելու «... նաև Ադրբեջանի ժողովրդին»։ Նա ծովից ծով Հայաստանից մինչև լճից լիճ Հայաստանի կողմնակից է. նայած, թե տվյալ դեպքում որ լսարանի համար է խոսում։

Փաշինյանը նման է ռուսական փետրվարյան հեղափոխության առաջնորդներից Կերենսկուն, որը կարճ ժամանակով դարձավ ժամանակավոր կառավարության ղեկավարը։

Կերենսկին էլ էր պոպուլիստ, հռետոր, դատարկ, կայուն պատկերացումներից ու սկզբունքներից զուրկ, պետության զարգացման ռազմավարություն չունեցող և անցողիկ։

Փաշինյանը պատերազմի ու խաղաղության արանքում է։ Չունի մեր երկրի անվտանգության համակարգի ապահովման մակրոհայեցակարգ և զարգացման ռազմավարություն։ Իսկ դա մեծ շռայլություն է մեր երկրի համար և կարող է թանկ նստել բոլորիս վրա։ Մեր տարածաշրջանում հնարավոր չէ «լայվով», «սելֆիով» ու պոպուլիզմով երկար դիմանալ։

Հայաստանն ազգային–դեմոկրատական ուժի գերակայության, նոր որակի կառավարման ու նոր առաջնորդության կարիք ունի։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը