Լրահոս

18.02.2011 15:33


ՀԱԿ–ը, ըստ Տիգրան Պասկևիչյանի, հիմա՞ր պահանջ է դրել

ՀԱԿ–ը, ըստ Տիգրան Պասկևիչյանի, հիմա՞ր պահանջ է դրել

Այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը կարծիք է հայտնել, թե եթե մոտ 3 տարի առաջ նույն ձևով ընդդիմադիր դաշտում հայտված լիներ «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, ապա նրան կհաջողվեր բավական լուրջ շարժում արձանագրել։

Այս տարիների  ընթացքում որոշակի առաջընթաց է ապրել հասարակական միտքը, հասարակական մտայնությունը, և այսօր հիմար բաներ ասելով հասարակությանը չես կարող տանել քո հետևից։ Ասենք՝ երբ որ դու իշխանության առաջ պահանջ ես դնում, ասում ես՝ 7 օր հետո թոշակները չբարձրացնես, ես քեզ կասեմ՝ վերջ, դու հայտնվում ես ընդամենը ծիծաղելի վիճակում,–հայտարարել է Տ. Պասկևիչյանը։

«Բայց նույն ՀԱԿ–ն էր վերջերս պահանջ դրել, որ մինչև 2010թ. սեպտեմբեր իշխանություններն արտահերթ ընտրություններ անցկացնեն։ Փաստորեն այդ պահա՞նջն էլ էր հիմար»,–հետաքրքվել է «7օր»–ի թղթակիցը։

–Ո՛չ, դա հիմար պահանջ չէր։ Դա քաղաքական պահանջ է։ Երբ որ ՀԱԿ–ը պահանջ դներ՝ մեկ շաբաթում կամ մեկ ամսում թոշակները բարձրացվի, ես կհամարեի, որ դա պոպուլիստական և հիմար պահանջ է։ Իսկ ՀԱԿ–ը 3 տարի է այդ պահանջը դնում է, և ցանկացած քաղաքական ուժ իրավունք ունի պահանջ դնելու,–պատասխանել է Տ. Պասկևիչյանը։

–Սակայն չէ՞ որ ՀԱԿ–ն էլ արտահերթ ընտրությունների համար կոնկրետ ժամկետի պահանջ էր դրել, մինչդեռ ակնհայտ էր, որ թեկուզ մինչև սեպտեմբեր հնարավոր չէր, որ դա իրականանար։

–Ուրիշ բան, որ այդ ժամանակ, կախված ինչ–ինչ քաղաքական պրոցեսներից, ՀԱԿ որոշ անդամներ հայտարարում էին, որ մենք կարծում ենք, որ սեպտեմբերին կլինեն արտահերթ ընտրություններ։ Դրանք քաղաքական կանխագուշակումներ են, որ կարող են ճիշտ դուրս գալ, կարող են սխալ դուրս գալ։

–Ո՛չ, մինչև սեպտեմբեր արտահերթ համապետական ընտրություններ անցկացնելը ՀԱԿ–ի պաշտոնական պահանջն էր։

–Օրինակի համար ՀԱԿ–ը պոպուլիզմի նկատառումներով կարող էր, ասենք, հայ–թուրքական պրոցեսի սկսվելուց շուռ գալ և ասել, որ ոչ մի հարաբերություն հայ և թուրք ժողովուրդների և պետությունների միջև չպետք է լինեն։ Դա պոպուլիզմ կլիներ, որովհետև ՀԱԿ կազմող ուժերի կորիզը, առաջնորդն այն գլխից ասել են, որ պետք է նորմալ հարբերություններ լինեն,–նշել է Տ. Պասկևիչյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը