Աշխարհ

14.11.2019 20:49


Նժդեհի հուշատախտակը ներկելու դեպքն ուսումնասիրում են քննչական մարմինները. Զախարովա

Նժդեհի հուշատախտակը ներկելու դեպքն ուսումնասիրում են քննչական մարմինները. Զախարովա

Ռուսաստանի Արմավիր քաղաքի հայկական եկեղեցում բակում տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկություն ստանալուց հետո քննչական մարմինները քննություն են սկսել։ Այս մասին ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` այսօր կայացած ճեպազրույցում մեկնաբանելով եկեղեցու բակում կատարված վանդալիզմը։

Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը սև ներկով ներկել է հայկական եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Ավելի ուշ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը վրդովմունք է հայտնել միջադեպի կապակցությամբ։

Զախարովան հաստատել է, որ Ռուսաստանի ԱԳՆ–ը ստացել է Հայաստանի դեսպանատան հայտարարությունը։

«Կարող եմ ասել, որ Ռուսաստանի քննչական մարմինները քննություն են սկսել այդ միջադեպի հետ կապված»,–ասել է նա։

Հիշեցնենք, որ դեսպանատան հայտարարությունում նշվել է, որ Արմավիրում կատարվածը լուրջ մտահոգություն է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների շրջանում: Դիվանագիտական ներկայացուցչությունը վստահեցրել է, որ միջադեպը լինելու է դեսպանության ուշադրության կենտրոնում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը