Կարծիք

30.10.2019 12:00


Ի՞նչ է իրենից ներկայացնում «խորքային պետությունը» Հայաստանում. ո՞վ կարող էր կանգնած լինել հոկտեմբերի 27-ի հետևում․ մաս 2–րդ

Ի՞նչ է իրենից ներկայացնում «խորքային պետությունը» Հայաստանում. ո՞վ կարող էր կանգնած լինել հոկտեմբերի 27-ի հետևում․ մաս 2–րդ

Հոդվածի մաս 1-ինն՝ այստեղ

Ինչպես նշել էինք առաջին մասում, բոլոր երկրներում էլ այս կամ այն չափով գործում են «խորքային պետության» կառույցներ: Մի երկրում նրանց դերը մեծ է, մյուսում՝ փոքր: Այլ խնդիր է, որ ժամանակակից աշխարհում «փոքր» երկրների վրա իր ազդեցությունն ունեն նաև «մեծ» երկրների համապատասխան կառույցները: Քանզի դրա միջոցով են նրանք փորձում մեծացնել իրենց ազդեցությունները՝ հետապնդելով իրենց աշխարհաքաղաքական շահերը:

Այդ տեսանկյունից Հայաստանում իրենց տեսանելի ազդեցությունն ունեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի համապատասխան կառույցները: Ավելի փոքր ազդեցություն ունեն նաև որոշ եվրոպական երկրներ, և վերջապես միջնորդավորված, սակայն զգալի ազդեցություն ունեն նաև մեր հարևան երկրները`Իրանն ու Թուրքիան:

Սակայն մինչ այդ ազդեցությունների չափերին ու բովանդակությանն անդրադառնալը, փորձենք հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում մեր՝ հայրենի «խորքային պետությունը»:

Ինչպես ձևավորվեց «խորքային պետությունը» Հայաստանում

«Խորքային պետության» սաղմերը սկսեցին ձևավորվել Հայաստանում դեռ 90-ական թվականների սկզբից: Այդպիսի կառույցների ձևավորմանը ժամանակին փորձում էին իրենց լուման դնել Վազգեն Մանուկյանը, Աշոտ Մանուչարյանը, Ժիրայր Լիպարիտյանը: Նման փորձեր անում էին նաև Վանո Սիրադեղյանը, Էդվարդ Եգորյանն ու Վազգեն Սարգսյանը: Սակայն այդ ժամանակաշրջանում ամբողջական կառույցների համալիր այդպես էլ չձևավորվեց, որոնք իրենց կորպորատիվ շահերով յուրօրինակ միասնական ուղենիշ ունենային: Հավանաբար ժամանակներն էին այդպիսին: Քանզի քաոսային վիճակ էր տիրում ոչ միայն Հայաստանում, այլև մեր հարևանների մոտ և Ռուսաստանում:

1998-ի իշխանափոխությունից հետո իրավիճակը մտավ ավելի կանխատեսելի հունի մեջ այն իմաստով, որ ուրվագծվում էին այն շրջանակները, որոնք պիտի սկսեին ձևավորել այդ կառույցները:

Այդ տիրույթը Վազգեն Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան-Սամվել Բաբայան քառյակն էր, որոնց շուրջ ընթանում էր քաղաքական փաթեթավորումը՝ ի դեմս Կարեն Դեմիրճյանի, Արտաշես Գեղամյանի, ՀՅԴ-ի, ԱԺՄ-ի և այլն:

Սակայն հոկտեմբերի 27-ը էապես շտկումներ մտցրեց այդ ընթացող գործընթացների մեջ:

Պարզ էր նաև այն, որ Հայաստանի «խորքային պետության» ձևավորման վրա փորձում էին իրենց ազդեցությունը թողնել նաև գերտերությունները, Թուրքիան և Իրանը:

Ի՞նչ էր իրենից ներկայացնում հոկտեմբերի 27-ը պետականության տեսանկյունից

Հոկտեմբերի 27-ը գործողություն էր Հայաստանի դեմ, որպեսզի դրա միջոցով կազմաքանդվեին երկրի բոլոր պետական և քաղաքական կառույցները: Ընդ որում, կազմակերպիչների կողմից կատարողներն էլ էին «ճիշտ» ընտրված:

Բոլորին էր հայտնի, որ 1999-ի խորհրդարանական ընտրություններից հետո առաջին պլան էր դուրս եկել Վազգեն Սարգսյանը: Սակայն սույն փաստը չէր ողջունվում այն ժամանակվա հանրության և վերնախավի մեծ մասի կողմից՝ տարբեր պատճառներով: Ռոբերտ Քոչարյանը Վազգեն Սարգսյանին համարում էր բնական մրցակից: Սերժ Սարգսյանը նույնպես խորթ էր Վազգեն Սարգսյանի շրջապատի համար: Կարեն Դեմիրճյանը և նրա շրջապատը նույնպես մտահոգված էին Վազգենի առաջին պլան դուրս գալով: ՀՅԴ-ն և ԱԺՄ-ն նույնպես չէին ողջունում Վազգենի քաղաքական ազդեցության կտրուկ մեծացումը:

Վերջապես Վազգենի ազդեցությունը մտահոգում էր նաև նախկին ՀՀՇ-ական վերնախավին: Վերջիններս մտավախություն ունեին, որ Վազգենն իր «մաքրվելու համար» կարող էր սկսել «վհուկների որս» իրենց շրջապատում՝ դրանով իսկ վերականգնելով իր հեղինակությունը հանրության՝ ՀՀՇ–ականների հանդեպ չարացած հատվածի մոտ: Պատճառը նույնպես պարզ էր՝ 1999-ի աշնանը Վազգեն Սարգսյանի պատվիրակությունը նոր էր վերադարձել Վաշինգտոնից: Ու թեև նրա հանդիպման արդյունքները ԱՄՆ-ի մայրաքաղաքում տպավորիչ էին, սակայն նրա`Վազգենի տրամադրությունը չափազանց վատն էր: ԱՄՆ-ում նրան ներկայացրել էին ՀՀՇ-ական տարիների կառավարման թալանի պատկերը ամբողջապես, և որի արդյունքում նաև «բացատրել էին», որ այդպիսի «կոռուպցիայով ականապատված» միջավայրում նրան չի հաջողվի լուրջ առաջխաղացում արձանագրել երկում և ուրեմն հետագայում դառնալ երկրի լեգիտիմ առաջնորդ:

Վազգենն այդ իմաստով կանգնած էր որոշումների մի քանի ջրբաժանների առջև՝ չունենալով իրականում կայուն և հուսալի քաղաքական հենարան ո՛չ վերնախավում, ոչ էլ հանրության մեջ: Հանրությունը այն ժամանակ պահանջում էր նոր իշխանություններից «պատժել ՀՀՇ-ական թալանչիական իշխանություններին» և դրա իրագործման որպես գլխավոր խոչընդոտ տեսնում էր՝ ի դեմս Վազգեն Սարգսյանի: Մարդու, ով տերպետրոսյանական նախկին ռեժիմի առանցքային գործիչներից էր: Հասարակ մարդիկ նրան չէին սիրում պատերազմի ընթացքում եռամսյա հավաքների կազմակերպման համար, որի արդյունքում շատ անփորձ երիտասարդներ զոհվեցին: Իսկ 1996-ը դարձավ նրան ատելու «լեգիտիմ հիմքը», որի արդյունքում Վազգեն Սարգսյանը սկսել էր ընկալվել որպես երկրի զարգացման հիմնական խոչընդոտ:

1998-ի իշխանափոխությունը «մաքրեց» նրան այդ խարանից: Սակայն հանրությունը պատրաստ չէր տեսնելու նրան որպես երկրի գլխավոր դերակատար: Վազգենը դա ինտուիտիվ հասկանում էր, և դրա համար նա փորձեց «ավելի մաքրվել»՝ դաշինք կազմելով «ժողովրդի սիրելի» Կարեն Դեմիրճյանի հետ:

Սակայն երբ պարզ էր, որ արդեն վարչապետ դարձաց Վազգեն Սարգսյանն ավելի հեռահար նպատակ է հետապնդում, իր նկատմամբ առաջացավ համընդհանուր «ոչ բարյացակամ վերաբերմունք» գրեթե բոլոր շրջանակներում:

Հենց այդ հանգամանքն էլ հաշվարկել էին նաև մեր դրսի «ոխերիմ հարևանները»:

Ի՞նչ նպատակ էին հետապնդում «դրսում»՝ Վազգեն Սարգսյանի վերացումով

Վազգենի քաղաքական հասունացումը սրընթաց բնույթ ունեցավ: Նա չափազանց տաղանդավոր անձնավորություն էր: Նա ճիշտ որսաց հանրության պահանջը, և փորձում էր դիրքավորվել որպես այն առանցքային գործիչը, ով Հայաստանը կարող էր դուրս բերել զարգացման նոր ուղի: Նա, ըստ էության, մնացած բոլոր գործիչներից տարբերվում էր սովորելու իր ունակությամբ և կաղապարված չէր իր հին պատկերացումներով: Այդպես են դառնում առանցքային գործիչ, և նա ուներ բոլոր հնարավորությունները դառնալու «հայկական Աթաթուրք»: Նրան բոլորը կամ գրեթե բոլորը խանդում էին՝ չունենալով նրա՝ որպես զարգացող պետական գործչի հատկությունների շատ կողմերը:

Սա՛ էր իրական ճշմարտությունը: Բայց դրա մասին պոպուլյար չէ խոսել նույնիսկ այսօր: Սակայն դա տեսանելի էր նաև «դրսի» համար: «Դրսում» համոզված էին, որ հենց նա՛ է լինելու ապագա Հայաստանի ղեկավարը: Բայց միաժամանակ համոզված էին, որ նա էր Տեր-Պետրոսյանի՝ Ղարաբաղի հարցում հիմնական օպոնենտը: Ավելին, նա ոչ միայն դեմ էր այդ ծրագրին, այլև կարողացավ կանխել այդ զարգացման ուղին: Չլիներ Վազգեն Սարգսյանը, ոչ ոք չէր կարող ասել, թե ինչ էր սպասվելու Ղարաբաղի ու, ի վերջո, Հայաստանի ճակատագրին:

Բայց պարզ էր նաև այն, որ նրան չէին սիրում ոչ միայն վերնախավում, այլև լայն հանրության շրջանում, քանզի չէին մոռացել 1996-ը:

Պետք էր ժամանակ չկորցնել, և «դրսում» որոշեցին, որ նման իրավիճակ հետագայում այլևս կարող է և չլինել:

Ովքե՞ր կարող էին շահագրգռված լինել «դրսում»՝ Վազգենի վերացումով

Տարածված այն միֆը, թե հոկտեմբերի 27-ի մեջ կարող է Մոսկվայի գործոնը լինել, ամբողջովին անհիմն է: Նախ չկար մոտիվ: Թե՛ Վազգեն Սարգսյանը, և թե՛ Կարեն Դեմիրճյանը ընկալվում էին որպես «ընդգծված ռուսամետ գործիչներ»: Ավելին, Նույն Մոսկվայի ջանքերով նաև Վրաստանում իշխանության բերվեց Շևարդնաձեն, իսկ Ադրբեջանում` Ալիևը: Բացի այդ, Վազգեն Սարգսյանը սերտ հարաբերությունների մեջ էր Ռուսաստանի ուժայինների հետ: Իսկ այն թեզը, թե իբր նրանց սպանությունը կապված էր ղարաբաղյան խնդրի հետ, կատարյալ անհեթեթություն է: Այդ խնդիրը վերացական փաստաթղթերի միջոցով չեն լուծվում Ստամբուլում կամ որևիցե այլ տեղ:

Ինչ վերաբերում է, այսպես կոչված «Մեղրիի տարբերակին», ապա դա իսկական բլեֆ է: Ինչո՞ւ պիտի Մոսկվան շահագրգռված լիներ, որ «Մեղրին հանձնվեր Ադրբեջանին»: Նման պնդումներով հանդես եկողները կա՛մ անմեղսունակներ են, կա՛մ էլ հեռահար այլ նպատակներ են հետապնդում: Երրորդ կարծիք այստեղ չի կարող լինել:

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Ռոբերտ Քոչարյանին առաջարկվել էր այդ հարցը քննել, ապա պետք է նշել, որ Տեր-Պետրոսյանի ժամանակել է այդ հարցը առաջարկվել՝ որպես Գոբլի ծրագիր: Սակայն պարզ էր, որ դա մերժվել էր թե՛ 1-ին, և թե՛ 2-րդ նախագահի կողմից: Համ էլ հարց է առաջանում՝ եթե մերոնք Մեղրին հանձնում էին, ապա Ալիևը ինչո՞ւ չհամաձայնեց։

Այս հարցում ցանկացած սպեկուլյացիա լուրջ կասկած է առաջացնում դրա նպատակի վերաբերյալ: Իսկ ռուս հետախույզ Լիտվինենկոյի «վարկածները» ներքին ներռուսական «разборка»-ների արդյունք էին: Այն ժամանակ էլ խոսում էին, որ ФСБ-ն դիտմամբ պայթեցնում էր Ռուսաստանում շենքեր, որպեսզի վախի մթնոլորտ մտցի իրենց հանրության մեջ: Այն ժամանակ այդ անհեթեթություններին հավատում էին, քանզի այն ժամանակվա մթնոլորտն էր այդպիսին: «Արտաքին կառավարման» տակ գտնվող ելցինյան Ռուսաստանում այդ միֆերը պիտի պահանջված լինեին:

Պատվիրատուի ամերիկյան վարկածը նույնպես քիչ հավանական է, քանզի ամերիկացիները սովորաբար հակված են աշխատել ցանկացած գործչի հետ, իհարկե եթե վերջինս ընդգծված հակաամերիկյան ուղղվածություն չունի:

Մահափորձեր կատարվել են Կուբայի, Իրանի, Վենեսուելայի իշխող վերնախավերի հայտնի գործիչների դեմ, քանզի այդ երկրները ընդգծված հակաամերիկյան բնույթ ունեին: Սակայն ԱՊՀ տարածքում այդպիսի «հետք» ամերիկացիները չեն թողել ոչ մի երկրում: Ինչո՞ւ պիտի Հայաստանը այդ շարքում բացառություն լիներ:

Իրանը նույնպես մոտիվ չուներ նման քայլի դիմելու:

Հերքումների մեթոդով կանգնենք թուրքական վարկածի վրա:

Թուրքական վարկածը ամենահավանականն է մի շարք պատճառներով:

Առաջին

Թուրքիան ուներ նպատակ կազմաքանդելու մեր պետականությունը, քանզի ղարաբաղյան խնդրի չլուծման պատճառով փաստացի կանխվեցին այդ երկրի պանթուրքիստական նկրտումները, որոնք ավելի հեռահար նպատակ ունեին:

Երկրորդ

Թուրքական «խորքային պետության» կառույցներն այդ ժամանակ ամենակենսունակն էին: Բացի այդ, նրանց համար դա ճակատագրական նշանակություն ուներ: Ինչը և ցույց տվեց հետագան, քանզի նեոպանթուրքիզմի տապալումով Էրդողանի իշխանության գալով՝ այդ կառույցները փաստացի ոչնչացվեցին նոր թուրքական իշխանությունների կողմից: Իսկ այդպիսի ապագան կանխատեսելի էր այդ կառույցների համար: Այդ իսկ պատճառով էլ նրանք կարող էին վա-բանկ գնալ Հայաստանում:

Երրորդ

Վազգեն Սարգսյանը հայտ էր ներկայացնում դառնալ «հայկական Աթաթուրք», իսկ Թուրքիայում գիտեն, թե դա ինչ է նշանակում:

Չորրորդ

Հոկտեմբերի 27-ով նպատակ էր հետապնդվում ոչ միայն վերացնել Վազգեն Սարգսյանին, այլև Կարեն Դեմիրճյանին: Որպեսզի երկրում ազդեցիկ գործիչներ չմնան: Բացի այդ այս քայլով փաստացի քաղաքականապես կոչնչացվեր Ռոբերտ Քոչարյանի լեգիտիմ նախագահ մնալու հետագա հեռանկարը և նա կդառնար «կաղ բադ» երկրի ղեկավար: Տնաբույծ թուրքամետ շրջանակներն, ի դեպ, շտապեցին օգտվել իրավիճակից ու Քոչարյանի դեմ արշավ սկսել։

Բացի այդ, Նաիրի Հունանյանի հռետորաբանության պարագայում գաղափարական մեծ հարված կստանային նաև ՀՅԴ-ն և ԱԺՄ-ն: Որոնք այդ ժամանակ համարվում էին քիչ թե շատ ազդեցիկ ուժեր:

Հինգերորդ

Թուրքիայում կարող էին հույս ունենալ, որ այս ահաբեկչական գործողությունով Հայաստանը գլխատվելով կարող էր հայտնվել պերմանենտ քաղաքացիական պատերազմների մեջ, որի վերջնաարդյունքում երկիրը կդառնար «Տաջիկստան» և կարճ ժամանակահատվածում Ադրբեջանը նոր ռևանշով կարող էր «հետ բերել» կորցրածը: Արդյունքում, Թուրքիայում էլ նեոպանթուրքիստները կրկին կդառնային պահանջված, իսկ Էրդողանին չէր հաջողվի ամբողջովին կազմականդել այդ երկրում երկար տարիների ընթացքում ձևավորված «խորքային պետության» ինստիտուտները:

Վեցերորդ

Հետաքրքիր էր ընտրված կատարողների շարքում Նաիրի Հունանյանը: Մարդ, որ ամբիցիոզ էր, տառապում էր, այսպես կոչված, «Հերոստրատի սինդրոմով»: Բացի այդ, տարիներ շարունակ ապրում էր Ղրիմում, որտեղ այդ ժամանակ թերակղզում անչափ ակտիվ էր գործում թուրքական MIT գաղտնի ծառայությունը:

Ուշագրավ է այն, որ Նաիրի Հունանյանը իր եղբոր հետ մի քանի անգամ մեկնել է Թուրքիա մանր բիզնեսով զբաղվելու համար: Համաձայնեք, որ նախկին դաշնակցականի համար դա հետաքրքիր պահվածք է:

Եվ վերջապես, 1998-ին նա մեծ խմբով այցելեց Թուրքիա, որտեղ նրան ընդունում էին ամենաբարձր մակարդակով: Թերևս միայն այն ժամանակվա Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը չընդունեց նրան:

Ո՞ր անձը Հայաստանում այսօր կարող է այդպիսի ընդունելության արժանանալ Թուրքիայում: Հարցը հռետորական չէ: Բայց ամենակարևորն այն է, թե ինչո՞ւ թուրքերը որոշեցին բավարարել Նաիրիի այդ ամբիցիոզ պահանջները՝ այդպիսի ընդունելություն կազմակերպել:

Իսկ դրա պատասխանը ակնհայտ է: Դատելով ամենից՝ նրանք հույս էին տվել Նաիրիին, որ կարող են իրեն տեսնել «երկրի ապագա ղեկավարի պաշտոնում»: Օրինակ, Ելցինը նախագահ ընտրվելուց առաջ մեկնեց Միացյալ Նահանգներ, ինչպես ռուսներն են ասում՝ « на смотрины»:

Դա երկրի ղեկավարի օծում ստանալու յուրօրինակ ձև է, երբ այս կամ այն գործիչը ղեկավար դառնալուց առաջ մեկնում է «մեծ երկիր» իր ապագա լեգիտիմ «թագը բերելու» համար: Այդպես էր Սահակաշվիլին իշխանության գալուց առաջ մեկնում Նահանգներ: Նույնն էին անում Յուշչենկոն և Պորոշենկոն: Հայաստանի բոլոր ղեկավարները մինչ նախագահ ընտրվելը այցելում էին Մոսկվա:

Նույնիսկ դրա համար էր մեր Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել Մոսկվա՝ 2013-ին, նախագահական ընտրությունների ենթադրյալ և փողոցում պահանջվող երկրորդ փուլից առաջ: Դրա համար էր Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ի նախագահական ընտրություններից առաջ հանդիպումներ ունեցել Մոսկվայում:

Նաիրին, հասկանալի պատճառով, չէր կարող բացահայտ ձևով մեկնել Թուրքիա՝ իր «թագի» հետևից: Այդ իսկ պատճառով էլ նա իր այցը փաթեթավորել էր «լրագրողական թիմով»: Իսկ թուրքերն էլ, իրենց հերթին, բավարարել էին Նաիրիի բոլոր պահանջները՝ բացի Դեմիրելի հետ հանդիպումից: Առանց դրա Նաիրին այդպիսի ռիսկի չէր դիմի հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում:

Ո՞րն էր Նաիրիի հույսը

Նաիրին համոզված էր, որ Վազգենին վերացնելով նա ստանում էր «նոր ուժի մարմնավորում» հանրության մեջ: Իսկ Կարեն Դեմիրճյանին վերացնելով՝ հանրությունը կորցնում էր ամենաբարձր լեգիտիմություն ունեցող անձին՝ իր առաջ ճանապարհ բացելով դեպի իշխանություն:

Նաիրին իր համար կազմել էր «անհատների և քաղաքական ուժերի ցուցակ», ովքեր պիտի դառնային նրա քաղաքական հենարանը: Դրա համար նա ԱԺ-ի շենքից բաց թողեց լրագրողներին: Հույս ուներ, որ ԱԺ կգան և իրեն կաջակցեն այդ ժամանակվա հիմնական այն ուժերի ներկայացուցիչները, որոնք բացասական էին տրամադրված Վազգենի հանդեպ՝ 1996-ի համար:

Նաիրին համոզված էր՝ Վազգենի սպանությունը ոգևորությամբ պիտի ընդունվեր հանրության կողմից: Իսկ երբ նա դառնա վարչապետ և սկսի պատժել թալանչի ՀՀՇ-ական կարկառուն ռեժիմի ներկայացուցիչներին, ապա մարդիկ արագ կմոռանային Կարեն Դեմիրճյանին և նրա մեջ կտեսնեին Հայաստանի ներկա և ապագա «փրկչին»:

Ի դեպ նշենք, որ այսպիսի «Հերոստրատի սինդրոմով» են տառապում աշխարհի գրեթե բոլոր հեղափոխականները:

Եթե այն ժամանակ մոդայիկ էր պատժել «թալանչի ՀՀՇ-ականներին», ապա այսօր մոդայիկ է պատժել «թալանչի ՀՀԿ-ականներին»: Իսկ թե ովքեր են այսօր հայտ ներկայացնում դառնալ «ժամանակակից նաիրիհունանյաններ», տեսանելի է բոլորի համար: ԱԱԾ մեկուսարանում տեղի ունեցած հանդիպումը հենց այնպես չէր կազմակերպված։

Փոփոխվում են ժամանակները, հերոսները, հակահերոսները, սակայն նրանց ֆունկցիաները նույնն են մնում:

Նաիրին մինչ այսօր էլ համոզված է, որ «փրկել է Հայաստանը չարիքից»: Ինչպես որ ներկայիս շատ հեղափոխականներ համոզված են, որ նույնպես «փրկում են Հայաստանը չարիքից»:

Փոփոխվել են դերակատարները, սակայն նրանց ֆունկցիան ու պատկերացումները չեն փոխվել:

Ավելին, չեն փոխվել նաև նրանց արտաքին պատվիրատուները, քանզի ի տարբերություն «հեղափոխականների»՝ այդ պատվիրատուն, մեր պարագայում, ավելի քան 500 տարվա պետականության լուրջ փորձ ունի:

Աշխարհի բոլոր հեղափոխականները առանց դրսի հովանավորների չեն լինում: Լինի դա Յուշչենկոն, թե Պորոշենկոն կամ Սահակաշվիլին մեր ժամանակներում: Ռուս բոլշևիկներ-հեղափոխականները , հայ բոլշևիկները 100 տարի առաջ կամ ֆրանսիացի յակոբինյանները 250 տարի առաջ:

Այդպիսին է բոլոր տեսակի հեղափոխականների բնույթը: Նրանք բոլորը պայքարում են «հանուն հասարակ մարդու երջանիկ ապագայի»՝ անպայման և պարտադիր օտար երկրների «խորքային պետությունների» ուղղորդմամբ:

Շարունակելի․․․

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը