Կարծիք

28.10.2019 13:36


Ի՞նչ ազդեցություն ունեն Թուրքիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի «խորքային պետությունները» Հայաստանի վրա. մաս 1-ին

Ի՞նչ ազդեցություն ունեն Թուրքիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի «խորքային պետությունները» Հայաստանի վրա. մաս 1-ին

Ինչպես հայտնի է, ժամանակակից ինֆորմացիոն աշխարհում էապես քչացել են ուղիղ պատերազմները, սակայն փոխարենը առաջ են եկել, այսպես կոչված, «հիբրիդային» պատերազմները տարբեր երկրների միջև: Ռուսական «հետքը» ԱՄՆ-ի ընտրություններում, ԱՄՆ-ի «հետքը» «գունավոր» կոչված հեղափոխություններում, տարբեր տարածաշրջանային կոնֆլիկտների շուրջ ընթացող տեղեկատվական պատերազմների առկայությունը դրա վառ ապացույցն են: Սակայն քչերը գիտեն, թե ինչ գործիքակազմով են այդ հիբրիդային պատերազմները իրականացվում: Ավելին, առանց համապատասխան գործիքակազմի առկայության՝ այդպիսի պատերազմներ անցկացնելն ուղղակի անհնարին կլիներ:

Այսօր արդեն հայտնի է, որ երկրների այդ գործիքակազմը հիմնականում պատրաստում են տվյալ երկրների, այսպես կոչված, «խորքային պետության» կառույցները, որոնց ազդեցությունը տարածվում է ոչ միայն հակառակորդ երկրների, այլև բուն իր`տարածող երկրի վրա:

Դրա վառ օրինակը այսօր մենք տեսնում ենք ԱՄՆ-ում, որտեղ կա ձևավորված «խորքային պետություն», որն իր ազդեցությունն է փորձում տարածել աշխարի գրեթե բոլոր երկրների վրա: Բայց այսօր հիբրիդային պատերազմի մեջ է գտնվում նաև իր հարազատ երկրում՝ Թրամփի վարչակազմի հետ: Նմանատիպ երևույթներ մենք տեսնում ենք նաև Թուրքիայում, Ռուսաստանում և այլն:

Փորձենք ներկայացնել մի քանի երկրների «խորքային պետությունների» իմաստն ու նշանակությունը և նրանց ազդեցությունը այլ երկրների վրա: Տվյալ հոդվածաշարում կներկայացնենք նաև մեր երկրի «խորքային պետության» կազմավորման պատմությունը և նաև այն, թե ինչ ազդեցություն ունեն այլ երկրների այդ կառույցները Հայաստանի վրա, որից առանձնահատուկ հետաքրքիր է Թուրքիայի ազդեցությունը մեր վրա:

Մինչ այս խնդրին անդրադառնալը, ներկայացնենք, թե ինչ է «խորքային պետություն» հասկացությունը:

Այս տերմինը համեմատաբար նոր է մտել շրջանառության մեջ: Առաջին անգամ 90-ականներին սկսեցին խոսել Թուրքիայում առկա «խորքային պետության» մասին: Հետո 2000-ականների սկզբին արդեն քննարկում էին Ռուսաստանի «խորքային պետության» մասին: Եվ վերջապես տարիներ առաջ այս տերմինը սկսեց օգտագործվել նաև ԱՄՆ-ի ներքին խնդիրները քննարկելիս:

Եվ այսպես փորձենք հասկանալ, թե ի՞նչ են հասկանում այս տերմինի տակ և ինչո՞ւ հենց այս վերը նշված երկրների ներքին կառավարման խնդիրների քննարկման ժամանակ է հիմնականում հոլովվում այս տերմինը:

Ի՞նչ է իրենից ներկայացնում «խորքային պետություն» հասկացությունը

«Խորքային պետությունը» պետության մեջ զուգահեռ գործող «ստվերային կառավարման համակարգն» է՝ բաղկացած պետության հանգուցային կառույցներից: Ընդորում, այդպիսի համակարգ, լավ, թե վատ, գործում է ցանկացած երկրում: Եվ դա տրամաբանական է, քանզի Պարկինսոնի օրենքի համաձայն՝ «ցանկացած մեծ խմբում էֆեկտիվ կառավարման համար միշտ ձևավորվում են փոքր խմբեր, որոնք կարողանում են ավելի մոբիլ որոշումներ կայացնել և այն հրամցնել այդ մեծ խմբերի անունից»: Իհարկե, դա այդքան էլ արդար չէ, սակայն ավելի էֆեկտիվ է, քանզի երբեմն մեծ խմբերի պարագայում նույնիսկ ամենահասարակ որոշումները կարող են ձգձգվել և անգամ չկայացվել:

Այդ տեսանկյունից ցանկացած երկրում, բացի հրապարակային գործող ինստիտուտներից, գործում են նաև զուգահեռ ավելի փոքր կառավարման օղակներ, որպեսզի երկրի կառավարելիությունը չխաթարվի: Առաջին հայացքից դա արդար որոշումներ կայացնելու համակարգի նման չէ: Սակայն իրականում երբեմն առանց դրա՝ պետական պտուտակները կարող են շատ վատ աշխատել: Այդպիսի ստվերային զուգահեռ կառավարման համակարգեր գործում են բոլոր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:

Եվ դրա օրինակներին դեռ կանդրադառնանք: Իսկ հիմա ներկայացնենք, թե ինչպես են այդ «խորքային պետության» կառույցները գործել, օրինակ, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Թուրքիայում: Հետո կանդրադառնանք Հայաստանում առկա «խորքային պետության» կառույցների կայացմանը: Եվ հետո կփորձենք հասկանալ, թե ինչպես են վերը նշված դրսի կառույցներն իրենց ազդեցությունն ունենում մեր երկրի վրա: Եվ ամենակարևորը, այդ ազդեցությունը ինչպես է ազդում մեր երկրի անվտանգության վրա:

Ի՞նչ է իրենից ներկայացնում ԱՄՆ-ի «խորքային պետությունը»

Deep State տերմինը օգտագործվում էր ամերիկացի մի շարք վերլուծաբանների, այդ թվում՝ Մարկ Ամբինդեռոմի, Դևիդ Բռաունի, Փիթեր Սքոթի և Մայք Լոֆգրենի կողմից: Ըստ նրանց, «պետություն՝ պետության մեջ» ԱՄՆ-ում արդեն առաջացել էր 50-ականների կեսերին, երբ այդ երկրի հիմնական որոշումները կայացվում էին Պենտագոնում, Ուոլ Սթրիթում և ռազմաարդյունաբերական խմբակցությունների կողմից: Ըստ նրանց, ճիշտ է, երկրի նախագահին ընտրում էին այդ երկրի քաղաքացիները՝ քվեարկության արդյունքում, սակայն վերը նշված երկրի հիմնական ինստիտուտներն էին պարտադրում իրենց որոշումները՝ ընտրված դեմոկրատ կամ հանրապետական նախագահներին:

Հետագայում այդ շրջանակն ընդլայնվեց, և որոշում կայացնողների շարքում ներառվեց նաև այդ երկրի կենտրոնական հետախուզության կառույցը՝ CIA: Հետո այդ շարքին ավելացան նաև երկրի հիմնական ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Հետո Հոլիվուդը, որն զանգվածայնորեն թելադրում էր երկրի մշակույթային ճաշակն ու արժեհամակարգը: Եվ վերջապես այդ շարքը համալրեցին այդ երկրի հիմնական ուղեղային կենտրոնները՝ Էնշտեյնի ինստիտուտը, Ռենդ Քորփորեյշնը, Սորոսի հիմնադրամը, Ստրատֆորը, Եռակողմ հանձնաժողովը և այլն:

Ըստ էության, ԱՄՆ-ում «խորքային պետությունն» իր մեջ արդեն ձևավորում էր երկրի առաջ կանգնած հիմնախնդիրները: Իսկ նրանց լուծումների տարբերության լյուֆտը թողնվում էր հասարակ քաղաքացիների որոշմանը, ասենք՝ նախագահի կամ Կոնգրեսի ընտրությունների ժամանակ:

Այստեղ շատ կարևոր է նշել, որ ԱՄՆ-ի «խորքային պետության» որոշումները գրեթե 90 տոկոսով վերջնական որոշում էին դառնում, սակայն դա փաթեթավորվում էր դեմոկրատական շղարշով:

Սակայն Թրամփի ընտրությամբ՝ ԱՄՆ-ի վերջին 50 տարիների պատմության ընթացքում առաջին անգամ առաջացել է ԱՄՆ պետության և դրա «խորքային պետության» միջև զգալի ճեղքվածք: Դեռ ավելին, այսօր արդեն բոլորի համար տեսանելի է դարձել, որ Թրամփն այդ «խորքային պետության» տեսանկյունից հակահամակարգային գործիչ է:

Արդյունքում նրանց միջև սկսվել է ստվերային պատերազմ, որի արտացոլումն են ԶԼՄ-ների զանգվածային հարձակումները Թրամփի վրա, այդ երկրի քաղաքական և մշակութային վերնախավի մեծ մասի բացասական տրամադրվածությունը ներկայիս ԱՄՆ նախագահի նկատմամբ:

Այս ամենը ունի խոր պատճառներ: Վերջին 60 տարվա ընթացքում միայն մեկ այլ գործչի հանդեպ համակարգը այսպիսի դրսևորում ցուցաբերեց: Խոսքը, իհարկե, Քենեդիների ընտանիքի մասին է: Այն ժամանակ համակարգը ֆիզիկապես վերացրեց սկզբից նախագահ Ջոն Քենեդիին, այնուհետև նրա եղբորը՝ սենատոր Ռոբերտ Քենեդիին:

Մեր ժամանակներում խաղի կանոններն էապես հումանիզացվել են, և Թրամփին Քենեդիի ճակատագիրը չի սպառնա: Սակայն համակարգն ամեն ինչ կանի, որ հաջորդ ընտրություններում Թրամփը չվերընտրվի:

Այս ամենի պատճառն այն է, որ ԱՄՆ-ի «խորքային պետության» գաղափարական հիմքում ընկած է ԱՄՆ-ի համաշխարհային առաքելության գաղափարը: Իսկ որպես գործիք՝ եվրաատլանտյան կառույցների մեջ ԱՄՆ-ի որպես առաջադեմի դերակատարը: Իհարկե, այս համատեքստում բուն ԱՄՆ-ի վրա այս դերը շատ թանկ է նստում: Դրա համար էլ այդ երկրի պարտքը այսօր արդեն գերազանցում է 22 տրլն դոլարի սահմանը: Հանուն այս դերի՝ ԱՄՆ-ի տնտեսական և սոցիալական կյանքը տուժում է, քանզի այդ երկիրը այսօր դարձել է ավելի շատ «Համաշխարհային կայսրություն», քան թե ուժեղ, բայց առանձին պետություն:

Թրամփի հաջողությունն անցած ընտրություններում արտացոլում է այն, որ շարքային ամերիկացիները «հոգնել են» այդ դերից: Քանզի, օրինակ, տնտեսական դաշտում պերմանենտ պարտություն են կրում Չինաստանից: Եվ ուրվագծվում է ԱՄՆ-ի այն ճակատագիրը, որին արժանացավ նախկին ԽՍՀՄ-ը: Այդ իսկ պատճառով էլ նախկին ընտրություններում հաջողության հասավ «հակահամակարգային» Թրափպը: Մյուս կողմից Թրամփն իր գործնեությամբ սպառնում է փաստացի էապես վերափոխել ԱՄՆ-ի դերն ու նշանակությունն աշխարհում: Իսկ այդ վերջին հանգամանքը սկսում է լրջորեն մտահոգել ներկայիս ամերիկյան վերնախավի մեծ մասին: Այստեղից էլ առաջացել է հակամարտությունը մի կողմից Թրամփի և մյուս կողմից՝ այդ երկրի «խորքային պետության» կառույցների միջև:

Հենց այստեղից է գալիս, այսպես կոչված, ռուսական «հետք» փնտրելու գաղափարը: Սակայն, անկախ ամեն ինչից, ներկայիս ԱՄՆ-ի «խորքային պետության» կառույցներն ակտիվորեն գործում են ողջ աշխարհում, այդ թվում նաև՝ Հայաստանում: Ընդորում, ավանդաբար այդ կառույցները գործում են այլ երկրներում զուգահեռաբար՝ պաշտոնական ամերիկյան ինստիտուտների հետ: Հիմնականում նրանք գործում են միասնաբար, սակայն երբեմն նույնիսկ նրանց զուգահեռ գործնեության մեջ առաջանում են հակասություններ: Սակայն դա ԱՄՆ-ի մեծ ռազմավարությանը չի խանգարում:

Օրինակ, Ուկրայինայի երկու հեղափոխությունների, Վրաստանի վարդերի հեղափոխության մեջ ամերիկյան այդ կառույցները թեև գործում էին զուգահեռ, սակայն նրանց վերջնարդյունքի նպատակը մեկն էր՝ որպեսզի այդ երկրները դուրս բերվեին Մոսկվայի ազդեցությունից: Իսկ այս վերջին նպատակն ԱՄՆ-ի հիմնական ռազմավարությունն է Եվրասիայում և այլ տարածաշրջաններում:

Համարվում է, որ Ռուսաստանը միակ գերտերությունն է, որը կարող է պոտենցիալ սպառնալ ԱՄՆ-ի անվտանգությանը, և ուրեմն, այդ երկրի ազդեցության կրճատումը աշխարհով մեկ համարվում է ԱՄՆ-ի թիվ մեկ խնդիրը: Դրանից հետո միայն՝ որպես ավելի երկրորդական, դրվում են Չինաստանի, Իրանի և այլ՝ ԱՄՆ-ի համար «պրոբլեմային» երկրների խնդիրները:

Ինչպես են այդ կառույցների միջոցով գործում նաև Հայաստանում, կներկայացնենք հաջորդիվ:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Ռուսաստանի «խորքային պետությունը»

ԽՍՀՄ-ի ժամանակ «խորքային պետության» մեջ էին բանակը, КГБ-ն, ռազմաարդյունաբերական շրջանակները և նրանց բոլորին միավորող Կոմկուսի ապարատը: Բոլոր այս կառույցների կոորդինացումը կատարվում էր մի քանի տասնյակ մարդկանց կողմից: Դրա համար էլ այդ երկիրը համարվում էր աշխարհի ամենա փակ երկրներից մեկը:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանի իշխանության մեծ մասը հայտնվեց ամերիկյան «խորքային պետության» կառույցների ձեռքում:

Ելցինի իշխանությունը գտնվում էր, այսպես կոչված, «ընտանիքի» ձեռքում, որտեղ մեծ դեր էին կատարում նրա դուստրը, այդ երկրի 7 խոշոր բանկիրները (семибанковщина), Չուբայսի թիմը և ուժային կառույցների ներկայացուցիչները: Մեծ հաշվով, Ելցինի կառավարման ընթացքում «խորքային պետություն» չկար: Այդ երկիրը գտնվում էր, այսպես ասած, «արտաքին կառավարման տակ»: Եվ դա տեսանելի էր բոլորի համար:

Պուտինի իշխանության գալուց հետո ամեն ինչ փոխվեց գրեթե 180 աստիճանով: Երկրում հաստատվեց ուղղահայաց կառավարման համակարգ, որի հիմքում նոր ձևավորվող ռուսական ФСБ-ի համակարգն էր: Այդ կառույցի ներկայացուցիչները սկսեցին վերահսկել ոչ միայն երկրի քաղաքական, այլև տնտեսական հիմնական հոսքերը, մնացած ուժային կառույցները և նույնիսկ, որոշ դեպքերում, հանրային կյանքը: Երկրում հաստատվեց, այսպես կոչված, «կառավարելի դեմոկրատական համակարգ», որտեղ գլխավոր շեշտը դրված էր կառավարելիության վրա: Արդյունքում սկսվեց ձևավորվել կանոնավոր բանակ, որը մինչև այդ գտնվում էր կիսափլուզված վիճակում: Իսկ չեչենական պատերազմի ավարտից հետո կանոնակարգվեցին նաև քաղաքական դաշտում առկա փոխհարաբերությունները: Խոդորկովսկու խնդրի լուծումից հետո օլիգարխների դերն ու նշանակությունը երկրում կտրուկ փոփոխվեց:

Ռուսաստանը վերականգնեց իր ինքնուրույն որոշումներ կայացնելու համակարգը, որի համար էլ ձևավորվեցին նոր տիպի «խորքային պետության» կառույցներ: Այսօր այդ կառույցների մեջ են մտած բանակը, ФСБ-ն, իշխող քաղաքական վերնախավի նեղ շերտը, ռազմաարդյունաբերական համալիրի ներկայացուցիչները և այն 10 խոշոր խմբերի ներկայացուցիչները, որոնց վրա հիմնված է երկրի տնտեսության զարգացման առանցքը: Խոսքը Газпром-ի, Роснефть-ի, Ростех–ի և այլ խոշոր ընկերությունների մասին է:

Հաշվի առնելով այն, որ այսօրվա Ռուսաստանի քաղաքական համակարգը մեծապես իմիտացիոն բնույթ է կրում, որտեղ Պետդումայի և կառավարության դերերը նոմինալ բնույթ ունեն՝ շեշտակիորեն մեծ են այդ երկրի «խորքային պետության» գործունեության դերն ու նշանակությունը Ռուսաստանի համար: Ավելին, այդ երկրում չի գործում ինքնավար քաղաքական համակարգ, և ուղղահայաց բուրգը ամբողջովին կառուցված է կոնկրետ Պուտինի վրա: Վերջինս այս համակարգում, շարքային գործիչ չէ: Նա կատարում է համակարգի դեր: Այս՝ փաստացի «ցարիստական» համակարգը խոցելի է այն առումով, որ առանց Պուտինի՝ այն կարող է փլուզվել կամ մեծ ցնցումների մեջ հայտնվել: Եվ այս առումով էլ այդ երկրի «խորքային պետության» համակարգի գոյությունը միակ հնարավորությունն է երկրի կառավարելիության համար:

Իսկ թե ինչ վերափոխման կարող է ենթարկվել այս համակարգը, ցույց կտա ապագան: Պարզ է, որ այս «ցարիստական» կառավարման մոդելը երկար հեռանկար չի կարող ունենալ:

Պարզ է նաև, որ Ռուսաստանի այս «խորքային պետության» համակարգն իր ազդեցությունն է թողնում ոչ միայն իր երկրի վրա, այլև Ռուսաստանից դուրս փորձում է իր ազդեցությունն ընդլայնել:

Ամփոփելով կարող ենք ասել, որ վերջին 10-15 տարիների ընթացքում Պուտինին հաջողվեց Ռուսաստանում ձևավորել սեփական «խորքային պետության» համակարգը, որը կախված չէ դրսի ազդեցությունից: Թերևս միայն ներկայիս Ռուսաստանի ֆինանսաբանկային համակարգի կախվածությունն է մնացել դրսից, որի լուծման համար երկար տարիներ կպահանջվեն:

Իսկ ինչպես է այդ կառույցների միջոցով Մոսկվան փորձում ազդել Հայաստանի վրա, կներկայացնենք մեր հաջորդ վերլուծություններում:

Ի՞նչ է իրենից ներկայացնում Թուրքիայի «խորքային պետությունը»

Նշենք, որ «խորքային պետություն» տերմինն առաջիններից հենց Թուրքիայի մասով էր օգտագործվում: Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ այդ երկրում զինվորական վերնախավը տասնյակ տարիներ օրինական կարգով դուրս էր դրված երկրի կառավարման համակարգից: Այսինքն՝ բանակը փաստացի միշտ ունեցել է լեգիտիմ իրավունք խառնվելու երկրի քաղաքական կյանքին պահպանելու համար քեմալական, այսպես կոչված, լաիցիստական սկզբունքները:

Մահմեդական երկրում այդ սկզբունքները պահպանելը չափազանց դժվար գործ է, սակայն մյուս կողմից Աթաթուրքի բարձր հեղինակությունն ու բանակի դերի նշանակությունը թուրքական հանրապետության ձևավորման փուլում տվել էին այն հիմքերը, որ բանակը վճռական պահերին լեգիտիմ իրավունք էր ստանում խառնվելու երկրի քաղաքական կյանքին:

Պարզ ասած, ինչպես որ ԽՍՀՄ-ի ժամանակ սահմանադրության մեջ ամրագրված էր Կոմկուսի առանձնահատուկ դերը 6-րդ հոդվածում, այնպես էլ թուրքական բանակին վերապահված էր այդպիսի դեր Թուրքիայի քաղաքական կյանքում:

Սակայն բանակը, որպես առանձին կառույց, չէր կարող իրականացնել այդ դերը, եթե չձևավորվեին նրա հետ զուգահեռ «խորքային պետության» կառույցները: Այդ կառույցների շարքում էին բանակից բացի՝ հատուկ զինվորական դատաիրավական համակարգը, MIT հետախուզական կառույցը, երկրի ռազմաարդյունաբերական համալիրի ներկայացուցիչները, քեմալական արժեհամակարգում գործող ԶԼՄ-ները, հանրային և քաղաքական կառույցները:

Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ էռոզիայի սկսեցին ենթարկվել նաև քեմալական արժեքները, քաղաքական թատերաբեմ դուրս եկան նոր գաղափարական հոսանքներ, հիմնականում նեոօսմանիզմն ու նեոպանթուրքիզմը: Այս երկու հոսանքներն էլ խորթ էին քեմալական արժեքներին, և այդ իսկ պատճառով էլ սկսեցին լուրջ ճգնաժամ ապրել նաև քեմալական հիմքերի վրա ձևավորված Թուրքիայի արդեն հին դարձած «խորքային պետության» կառույցները:

Իսկ երբ վերջին ռազմական հեղաշրջումից հետո՝ 90-ականների վերջում, կրկին իշխանության եկավ Էրդողանն՝ իր կուսակցությունով, արդեն պարզ էր դառնում, որ նա փաստացի պատերազմ էր հայտարարելու այդ «խորքային պետության» կառույցներին:

Դրա արդյունքում սկսեցին փլուզվել Թուրքիայի «խորքային պետության» գրեթե բոլոր մասերը՝ բանակը, դատաիրավական համակարգը, ռազմաարդյունաբերական օլիգարխիկ կառույցները: Սակայն առաջացավ հետևայլ հարցադրումը՝ ինչո՞վ փոխարինել քեմալական այս կառույցները: Այստեղ առաջին պլան դուրս եկավ քեմալիզմը փոխարինել նեոպանթուրքիզմով: Սակայն ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի պարտությունն ու չեչենական պատերազմի ավարտը մեծ հարված հասցրեցին նեոպանթուրքիզմի կողմնակիցներին Թուրքիայում: Բացի այդ քրդերի զարթոնքը բուն Թուրքիայում պահանջ էր բերել քեմալիզմը փոխելու ավելի տոլերանտ և ընդունելի քաղաքական հոսանքով: Եվ առաջ բերվեց նեոօսմանիզմը: Սկսեցին ձևավորվել նոր կառույցներ՝ արդեն այդ նոր հիմքի վրա: Սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ այդ նեոօսմանիզմի գաղափարական հիմքի հիմնադրի`Գյուլենի և Էրդողանի միջև առաջացավ նոր կոնֆլիկտ՝ արդեն անձնական հողի վրա: Բանն այն է, որ այդ հոսանքի հիմնադիրը հենց Գյուլենն էր, սակայն երկրի փաստացի ղեկավար էր դարձել Էրդողանը: Մի կողմից հռչակվել էր նեոօսմանիզմի նոր ուղի, իսկ մյուս կողմից այդ հիմքի վրա նոր «խորքային պետության» ստեղծումը Էրդողանն իր համար վտանգ էր համարում: Քանզի Գյուլենը դառնում էր հեղինակությամբ իր բնական մրցակիցը: Արդյունքում էրդողանը պատերազմ հայտարարեց ոչ միայն քեմալականությանը, այլև գյուլենականությանը՝ փորձելով երկիրը կառուցել... առանց «խորքային պետության» ինստիտուտների հիմնադրման և առանց գաղափարախոսության: Էրդողանը այսօր փորձում է Թուրքիայում ձևավորել նոր «սուլթանատ, սակայն առանց գաղափարախոսության»: Եվ այդ իմաստով նա նման է Պուտինին Ռուսաստանում, ով նույնպես ձևավորել է «ցարիստական» համակարգ, սակայն առանց գաղափարախոսության: Պարզապես ի տարբերություն Էրդողանի՝ Պուտինին կայսրապաշտ կոմունիստական ուժերը լուրջ վտանգ չեն ներկայացնում: Բայց վաղ թե ուշ գաղափարական բացը այստեղ էլ լցվելու է: Քանզի ոչ մի կայսրություն կամ գերտերություն առանց գաղափարախոսության երկար կյանք չի կարող ունենալ:

Այլ է վիճակը Էրդողանի մոտ: Այստեղ իրար հետ են մրցում գյուլենական նեոօսմանիզմն ու նեոպանթուրքիզմը, սակայն Էրդողանը չի շտապում իր կառավարման հիմքում դնել այդ գաղափարախոսություններից որևէ մեկը՝ նեոօսմանիզմը՝ Գյուլենի պատճառով, իսկ նեոպանթուրքիզմը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները չփչացնելու պատճառով:

Սակայն մյուս կողմից Արևմուտքը ինտենսիվորեն աջակցում է Էրդողանին հակառակորդ այս երկու հոսանքներին և հատկապես նեոպանթուրքիստներին: Քանզի վերջինիս մեջ տեսնում է գործիքակազմ պայքարելու համար Ռուսաստանի դեմ:

Սակայն դա չի նշանակում, որ Թուրքիայի «խորքային պետությունը» ամբողջովին ջախջախված է: Այդ կառույցները մինչև այսօր էլ գործում են, հատկապես երկրից դուրս: Ավելին, թուրքական «խորքային պետության» կառույցները մեր տարածաշրջանում հիմնականում համագործակցում են ԱՄՆ-ի համապատասխան կառույցների հետ:

Այդ ազդեցությունը միջնորդավորված առկա է նաև Հայաստանում: Իսկ թե ինչ ձև ունի այն, կներկայացնենք մեր հաջորդ հոդվածներում:

Հոդվածի 2-րդ մասն՝ այստեղ

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը