Աշխարհ

29.10.2019 16:53


Թուրքիան նոր ռազմական օպերացիայով է սպառնում քրդերին

Թուրքիան նոր ռազմական օպերացիայով է սպառնում քրդերին

Թուրքիան Սիրիայում կվերսկսի ռազմական գործողությունները, եթե քուրդ զինյալները դուրս չգան 30կմ խորությամբ ստեղծվելիք անվտանգության գոտուց։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Թեպետ քրդական կողմը, ինչպես նաև Ռուսաստանը, հայտարարել էին քրդական ուժերի հետ քաշվելու մասին, այնուամենայնիվ, ըստ թուրքական կողմի՝ առայժմ ոչ բոլոր քուրդ զինյալներն են լքել այդ տարածքը։

«ԱՄՆ-ն պատասխանատվություն ստանձնեց, որ 120 ժամվա ընթացքում Սիրիայի քրդական ուժերը դուրս կգան այդ տարածքից։ Նախ ընդմիջում հայտարարվեց ռազմական գործողություններում, իսկ հետո դրանք դադարեցվեցին։ Եթե ինչ-որ մեկը դուրս չգա, Թուրքիան իրավունք ունի հարվածելու։ Մենք տեսնում ենք, որ նրանք ոչ բոլորն են դուրս գալիս։ Դե մենք էլ նրանց կմաքրենք։ Ռուսաստանի հետ համաձայնեցված 150 ժամվա ընթացքում եթե Սիրիայի քրդական ուժերը Քոբանիից 30կմ չհեռանան, ապա Թուքիան ահաբեկիչներից կմաքրի այդ տարածքները։ Այն, որ հայտարարել ենք ռազմագործողությունը դադարեցնելու մասին, դա դեռ չի նշանակում, որ մենք որևէ բան չենք անելու»։

Ի դեպ, հիշյալ 150 ժամվա ժամկետը լրանում է այսօր՝ հոկտեմբերի 29-ին։

Հիշեցնենք, որ Սոչիում կայացել էր Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 6 ժամ։ Դրանից հետո Թուրքիան դադարեցրեց ռազմական գործողությունները։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեց 10 կետանոց հուշագիր-համաձայնություն Սիրիայի հարցով։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը