Քաղաքական

29.10.2019 10:01


Որոշումը կլինի դաշնակցային. Փաշինյանը՝ գազի գնի մասին

Որոշումը կլինի դաշնակցային. Փաշինյանը՝ գազի գնի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական Коммерсантъ պարբերականին՝ նշելով, թե ինչպես է Երևանը մտադիր կարգավորել գազի գնի հարցը Մոսկվայի հետ, ինչպես նաև անդրադարձել է վերջերս ի հայտ եկած այլ խնդրահարույց թեմաների:

Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ռազմավարական դաշնակիցների միջև բանակցությունները հստակ արդյունքների կհանգեցնեն: «Այդ հարցը մեզ համար կարևոր է ոչ միայն գազի գնի առումով, դա տնտեսական զարգացման հարց է: Կարծում եմ, որ մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի համար կարևոր է, որ գազի գինն այնպիսին լինի, որ չկոտրի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման դինամիկան»,-ասել է Փաշինյանը:

Պատասխանելով հարցին, թե որ գինը չի կոտրի այդ դինամիկան՝ կառավարության ղեկավարը նշել է, որ դա հաշվարկների հարց է, որոնցով հիմա զբաղվում են: «Որոշումը կլինի դաշնակցային: Մեզ մոտ գազի ներքին գինը չի փոխվել վերջին մեկ տարվա ընթացքում: Գնման գինը այլ հարց է: Դա մեծ նշանակություն չունի սպառողների տեսանկյունից: Մեզ համար կարևոր է, որ «Գազպրոմ-Արմենիա»-ի գործերը կարգին լինեն: Մենք պետք է այնպիսի բանաձևեր մշակենք, որ և՛ «Գազպրոմ-Արմենիա»-ի գործունեությունն արդյունավետ լինի, և՛ գազի գինն արդյունավետ լինի»:

Անդրադառնալով «Հարավկովկասյան երկաթուղիների» շուրջ ստեղծված իրավիճակին՝ Փաշինյանը հայտարարել է, որ այդ հարցը քաղաքականացվում է ԶԼՄ-ների կողմից:

«Մենք ակտիվորեն աշխատում ենք «Ռուսական երկաթուղիների» հետ և նախնական պայամանվորվածություն ունենք, որ աշխատելու ենք, որ Հայաստանում առավել արդյունավետ դարձնենք Հարավկովկասյան երկաթուղիների ներդրումային ծրագիրը: Գրեթե վստահ եմ, որ մենք համաձայնության կգանք»,-պարզաբանել է վարչապետը՝ հավելելով, որ պայմանագրի վաղաժամ լուծարման նախադրյալներ չի տեսնում:

Մեկնաբանելով ռուսական ORSIS ընկերության՝ զենքի վաճառքի չեղարկման հայցի հայտի պատմությունը՝ Փաշինյանը նշել է, որ դա մրցույթ է, առաջարկի և պահաջարկի հարց: «Մեկնաբանելու ոչինչ չկա: Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանը Հայաստանի համար մեկ գործընկերն է: Այս առումով մեկ ընկերության և մեկ գործարքի հետ կապված իրավիճակը, չեմ կարծում, որ պետք է հիմա քննարկել»,-եզրափակել է վարչապետը:

***

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը՝ կարևորելով Բելգրադի հետ պայմանավորվածությունը՝ ԵՄ-ի հետ համագործակցության համատեքստում:

«Պայմանագիր է ստորագրվել ազատ առևտրի մասին: Կա մեծ հավանականություն, որ Սերբիան կդառնա ԵՄ անդամ երկիր: Դա շատ լավ է, քանի որ մեզ համար համագործակցությունն այն մոտեցումն է, որը մենք բոլորս պետք է ցուցաբերենք: Մենք իրավիճակն այնպես չենք ընկալում, որ պետք է ընտրենք Ռուսաստանի և Եվրոպայի միջև»,-ասել է Փաշինյանը՝ շեշտելով, որ Ռուսաստանը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն է:

«Եվրոպացի միապետները խորհուրդ են տվել հայերին, որ Եվրոպայի հետ կապ հաստատեն Ռուսաստանի օգնությամբ, այսինքն՝ Ռուսաստանը մեր տարածաշրջան է եկել որպես եվրոպական ուժ: Ռուսական մշակույթը և քաղաքակրթությունը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասն են: Ճիշտ է, որ Ռուսաստանը նաև եվրասիական քաղաքակրթության մաս է կազմում: Ռուսաստանն ինքնին օրինակ է, թե ինչպես կարող են ներդաշնակորեն գոյակցել Արևելքն ու Արևմուտքը: Սակայն մեզ համար Արևելք-Արևմուտք ընտրության հարց չկա: Մենք ԵԱՏՄ անդամ ենք և ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագիր ունենք»,-եզրափակել է Փաշինյանը:

***

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում համագործակցությանն ու անդամ պետությունների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին:

Խոսելով Ադրբեջանին զենք մատակարարող երկրների մասին, որոնց թվում են նաև ՀԱՊԿ-ի կազմում Հայաստանի դաշնակից պետությունները, ինչպես օրինակ՝ Ռուսաստանը՝ վարչապետն ուշադրություն է հրավիրել կառույցի արդյունավետության գործոնի վրա:

«Դա ՀԱՊԿ-ի արդյունավետության հարցն է: Ո՞րն է ԵԱՏՄ-ում Հայաստանի համար առաջին նպատակը՝ Կազմակերպությունն առավել արդյունավետ դարձնել: Եվ ես ուրախ եմ, որ Հայաստանի նախագահությունը ԵԱՏՄ-ում արդյունավետ է ստացվել: Մեզ հաջողվել է ներդրում ունենալ, որպեսզի ԵԱՏՄ-ն ավելի շատ գործընկերներ ունենա ողջ աշխարհում: Նույնը վերաբերում է և ՀԱՊԿ-ին: Ո՞րն է նպատակը՝ անել ամեն ինչ, որպեսզի Կազմակերպությունը՝ որպես անվտանգության համակարգ, որը շատ կարևոր է Հայաստանի, Ռուսաստանի և մյուս անդամ երկրների համար, դառնա ավելի արդյունավետ: Դա հեշտ աշխատանք չէ, սակայն ուրախ եմ, որ քննարկումների արդյունքում ՀԱՊԿ-ն իսկապես կդառնա առավել արդյունավետ»,-մեկնաբանել է Փաշինյանը:

Անդրադառնալով Ուզբեկստանի հնարավոր անդամակցությանը ՀԱՊԿ-ին՝ Փաշինյանը նշել է, որ դա լավ գործընթաց է, որով հետաքրքրված են կողմերը:

Պատասխանելով հարցին, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանը ցանկություն հայտնի դիտորդ դառնալ կառույցում, ինչպես Մոլդովան է, վարչապետն ասել է, որ «այդ հարցը կքննարկեն, երբ Ադրբեջանը նման ցանկություն հայտնի»:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը