Մեկնաբանություն

12.02.2011 18:13


Մուբարաքն իր հետ տարավ նաև Սերժին ու Լևոնին

Մուբարաքն իր հետ տարավ նաև Սերժին ու Լևոնին

Ամբողջ աշխարհը, այդ թվում՝ հայ հասարակության մի ստվար հատվածը, ուշադրությամբ հետևում էին Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձություններին։

 Սերժ Սարգսյանին ընդդիմադիր տրամադրված մեր քաղաքացիները, բնականաբար, «բալետ» էին անում եգիպտացի ժողովրդին ու ցանկանում Մուբարաքի հեռացումը՝ վերջինիս նույնացնելով «ֆուտբոլային» դիվանագիտության կնքահոր հետ։

 Հայաստանի իշխանություններն ու նրանց սպասարկուները, ընդհակառակը, ներքուստ Մուբարաքի կողմն էին, քանի որ աշխարհի բոլոր բռնապետներն ու բռնապետիկները, իշխանազավթները և ուզուրպատորները «հոգևոր» թելերով կապված են միմյանց հետ, ու մեկի հեռացումը ներքին տագնապ է առաջացնում մյուսի մեջ, որքան էլ նրանց գլխավորած պետությունները միմյանցից հեռու գտնվեն։ Պատահական չէ, որ հայկական «ազատ, բայց պատասխանատու» հեռուստաընկերությունները հպանցիկ էին անդրադառնում Եգիպտոսի դեպքերին. սերժականները, երևի, բնազդով են զգում, որ Եգիպտոսից եկող ժողովրդական ոգևորությունը կարող է դոմինոյի էֆեկտով (չշփոթել «Դոմինգոյի էֆեկտի» հետ)  հարվածել նաև ՀՀԿ «ճկուն» նախագահին։ Դրա համար էլ քիչ են խոսում Մուբարաքից՝ «երկու վախը, մի մահ է» տարբերակով։

Հիմա շատերին հետաքրքրում է, թե մե՛ր «Մուբարաքը» ե՞րբ է գնալու և ո՞ր տարբերակով։ Կարծում եմ՝ իշխանության սերժական թևը հիմա ճիշտ կանի, որ ուսումնասիրի Եգիպտոսի տխրահռչակ նախկին նախագահի պաշտոնավարման վերջին օրերը և մտածի ինքնաթիռի պահեստային թռիչքուղու մասին, քանի որ «ֆուտբոլասերը» կարող է իր եգիպտացի գործընկերոջ պես չհասցնի փախչել՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այդ ժամանակ Փարաքարը փակող   գործիչների պակաս մեզանում չի զգացվի։

Եգիպտոսի դեպքերին հետևող հայ հասարակությանը նաև այլ բան էր հետաքրքրում։ Կկարողանա՞ արդյոք պայքարի ելած ժողովուրդը կանգնել այնքան, որքան պետք է, և տարատեսակ ճնշումներից չվախենալ։ Այս ամենը մերոնց հետաքրքրում էր 2008թ. նախագահական ընտրափուլին հաջորդած իրադարձությունների համապատկերին։

Կահիրեի Տահրիր հրապարակում ծավալվող իրադարձությունների հետ հայաստանյան զուգահեռներ անցկացնելով կարող ենք ասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ու իր թիմակիցների այն բացատրությունները, թե իրենց դեմ բռնություններ կիրառեցին, և այդ իսկ պատճառով իրենք չկարողացան իշխանությունը վերցնել, չի դիմանում ոչ մի քննադատության, քանի որ նույն Եգիպտոսում պակաս բռնություններ չկիրառվեցին, նույնիսկ  քաղաքացիներին միմյանց դեմ հանեցին, սակայն պայքարի պատրաստ եգիպտացիները կարողացան կանգնել մինչև վերջ ու հասնել հաղթանակի։ Ու ինչ-որ տեղ նույնիսկ լավ էր, որ եգիպտական հակամուբարաքյան շարժումը ընդգծված առաջնորդ չուներ, այլապես այնտեղ էլ կարող էր եգիպտական «Լևոնը» թիկնազոր պահանջել ու չստանալուց հետո տանը մնալ և սպասել, թե ինչ է լինելու, իսկ հետագայում էլ հավաքվածներին կոչ անել ցրվել տներով։ Պարտվելուց հետո լևոնականներն իրենց թույլիկությունը կոծկելու համար սկսեցին անվճռականության մեջ մեղադրել մեր հանրությանը ու բացի այդ՝ հիմնավորել, թե այս վարչակարգը շատ ուժեղ է, ու այդ պատճառով իրենք չկարողացան իշխանությունը վերցնել՝ դրանով իսկ հուսահատության գիրկը նետելով  պայքարի պատրաստ մարդկանց։

Իհարկե, լավ էր, որ Տեր-Պետրոսյանի գլխավորած թիմը չկարողացավ իշխանության գալ, բայց վատ էր, որ նախագահի աթոռին հայտնվեց Սերժ Սարգսյանը։ Հիմա ճիշտ ժամանակն է ընդդիմափոխությունն ու իշխանափոխությունն ամրագրել դե ֆակտո և դե յուրե։

Եգիպտոսի դեպքերը ցույց տվեցին, որ մուբարաքները մնալու տարբերակ չունեն, եթե կա համախմբված ու պայքարի պատրաստ ժողովուրդ, ինչպես նաև այդ պայքարի թափը «Եղիազար Այնթապցու և էջմիածնական միաբանների» համագործակցության պատմությամբ չկոտրող ու ազգային աղետի սպասումով չառաջնորդվող ընդդիմություն։

Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ Մուբարաքի հրաժարականի հետ Հայաստանում իրենց դիրքերից յուրօրինակ ձևով հրաժարական տվեցին նաև Ս. Սարգսյանն ու Լ. Տեր-Պետրոսյանը. մեկը որպես իշխանազավթ, իսկ մյուսը՝ թույլիկ ընդդիմադիր։ Համենայնդեպս՝ այսօր այդպիսի ընկալում կա շատ հայաստանցիների մոտ, ինչը նոր իրավիճակի սկիզբ պետք է դառնա։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը