Մեկնաբանություն

21.04.2010 18:49


Ո՞ւմ դեմ է ուզում պայքարել Տիգրան Սարգսյանը

Ո՞ւմ դեմ է ուզում պայքարել Տիգրան Սարգսյանը

Արդեն երկար ժամանակ է՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում է այն մասին, որ պետք է պայքարել խոշոր բիզնեսի դեմ։ Սակայն միջազգային կենտրոնների մեծ սիրահարը չի կոնկրետացնում, թե ում ի նկատի ունի։ Խոշոր բիզնեսը, մեր պատկերացմամբ, նախ և առաջ երկրի բարձրագույն իշխանավորներն են, այդ թվում՝ Տ. Սարգսյանը։

Քաղաքական կուլուարներում շատերը գիտեն, որ Տիգրան Սարգսյանը Կենտրոնական բանկի ղեկավար աշխատած տարիներին ներկայացրել է վառելիքի ոլորտի խոշոր խաղացող և նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանի տնտեսական շահերը։ Ըստ տեղեկությունների՝ նույն Բ. Բեգլարյանի լոբբինգով  նա հետագայում դարձավ վարչապետ։

Հիմա երբ վարչապետը խոսում է խոշորի դեմ պայքարելու մասին, մի՞թե «Ֆլեշի» ղեկավար Բեգլարյանին նկատի ունի։ Այդ դեպքում ստացվում է, որ «միջազգայնագետը» դուրս է գալիս իր հովանավորի դեմ, կամ էլ այդպիսի բան չկա, և փորձ է արվում PR ակցիա իրականացնելով դիվիդենտներ հավաքել։

Ի դեպ, Տ. Սարգսյանը ոչ միայն խոշոր բիզնեսի կոնկրետ շրջանակների շահերի պաշտպանն է, այլև, ըստ մամուլի հրապարակումների, ինքն էլ է ոչ պակաս խոշոր փողատեր։ Ռուսական wek.ru կայքում վերջերս տպագրվեց հայ բարձրաստիճան պաշտոնյաների ֆինանսական կարողությունների մասին տեղեկատվություն, որտեղ կար նաև Տիգրան Սարգսյանի անունը։ Մեջբերենք մի հատված այդ նյութերից, որոնք «Կորեյկոյի թղթապանակ» են հիշեցնում. «Տիգրան Սարգսյանը, ում ընտանիքը 10 տարուց ավելի է՝ ապրում է Իսպանիայի շքեղ առանձնատանը, Հայաստանի հարուստ մարդկանցից է։ ... Մի քանի անգամ կրիմինալ սկանդալների մեջ է ընկել, որոնցից առավել հիշարժաններն են իր տան սեյֆից 50 հազար դոլարի գողությունը և ԿԲ-ի վերահսկիչ ծառայության ղեկավարի ցուցմունքներն ընդդեմ Տիգրան Սարգսյանի հերթկան ֆինանսական մեքենայության։ ... Վարչապետն իր փայն ունի ներկրողների եկամուտներից, ինչպես նաև «Արարատ», «Կոնվերս» և մի շարք այլ բանկերից, ոսկու առքուվաճառքից, ինկասացիոն ձեռնարկություն ունի, ինչպես նաև «Տաքսի-տուր» ծառայություն... 2004-ին Տ. Սարգսյանի ի կատար ածած դրամի արժեվորման քաղաքականութունը միայն այդ տարի 30 մլն. դոլարի վնաս հասցրեց երկրին»։  

Ահա այսպիսի տեղեկատվություն է հրապարակում ռուսական կայքը մեր վարչապետի մասին, ով ուզում է մտնել խոշոր բիզնեսի դեմ պայքարողի իմիջի մեջ։ Թափանցիկ աշխատանքի կողմնակից Տ. Սարգսյանը մինչև օրս այս տեղեկությունները չի հերքել։

Այս ամենին կարելի է ավելացնել նաև 2009 թվականի մարտի 3-ի «ակնթարթային» որոշումը, երբ անցում կատարվեց լողացող փոխարժեքի։ Մինչև այդ դոլարի փոխարժեքը պետական պահուստերի հաշվին պահվում էր 305 դրամ, և այդ ընթացքում շատ կոնկրետ բանկեր ակտիվորեն գնում էին էժան դոլարը։ Հետո դրամն արժեզրկվեց 25 տոկոսի չափով, իսկ Տ. Սարգսյանը դրանից հետո հայտարարեց, որ մեր մասնավոր բանկերը համալրել են իրենց դոլարային պաշարները՝ 200 միլիոն դոլարի չափով ձեռք բերելով 305 դրամանոց դոլարներ։ Սա, ըստ էության, ինքախոստովանական ցուցմունք էր, բայց այդ հայտարարությանը դատախազությունը չանդրադարձավ, և թեման փակվեց։ Տուժեցին բոլոր նրանք, ում Տիգրան Սարգսյանը պարբերաբար հորդորում էր խնայողությունները պահել դրամով։ Այսինքն, ՀՀ քաղաքացիների մեծ մասը տուժեց դրամի «լողացումից», բայց նման «մանր» բաները չեն հետաքրքրում փոքր ու միջին բիզնեսին կաթվածահար վիճակի հասցրած, իսկ այժմ բիզնեսի այդ շերտի պաշտպանի դերը խաղացող վարչապետին։ Եթե հիշենք նաև, թե ինչ գնով ԿԲ նախագահ եղած ժամանակ Տիգրան Սարգսյանը վաճառեց ոսկին, իսկ հետո ինչ գին ունեցավ նույն այդ ոսկին միջազգային շուկայում, ապա հայկական «Կորեյկոյի»  կերպարը կամբողջականանա։

Եվ կրկին հարց է առաջանում, թե այդ դեպքում ո՞ւմ նկատի ունի  վարչապետը, երբ խոսում է խոշոր բիզնեսի մասին։ Միգուցե ինքն իրե՞ն։ Միգուցե ինքն իր դե՞մ է պայքարելու։ Հազիվ թե։ Սրանք խարակիրի անող չեն։ Մնաց այն տարբերակը, որ  PR-ով է զբաղված «քահանա-վարչապետը»։

Կարեն Հակոբջանյան

Հ. Գ.։ Եթե Տիգրան Սարգսյանն իրոք ուզում է պայքարել խոշոր բիզնեսի դեմ, ապա ենթադրվում է, որ նա պետք է ընտրեր ճիշտ այն մարտավարությունը, որը կար միջազգային տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի ժամանակ։ Եթե հիշում եք, վարչապետն այդ ժամանակ առաջարկում էր չխոսել ճգնաժամի մասին, որպեսզի այն շրջանցի մեզ։ Ելնելով այդ տրամաբանությունից՝ վարչապետը պետք է որ չխոսեր խոշոր բիզնեսի, օլիգոպոլիաների մասին։ Չէ՞ որ, ըստ Տիգրան Սարգսյանի «երկաթե» տրամաբանության, եթե հասարակությունը և համապատասխան գերատեսչությունները չնկատելու տան օլիգարխներին և օլիգոպոլիաներին, ապա վերջինները մեր կողքով կանցնեն և մեզ չեն վնասի։ 

Հիմա Տ. Սարգսյանը որոշել է խոսել խոշոր բիզնեսի դեմ պայքարի անհրաժեշտության և այլ խնդիրների մասին։ Ուրեմն նա կամ հասկացել է, որ խնդիրների մասին պետք է բարձրաձայնել, այլ ոչ թե «ջայլամային» կեցվածք ընդունել, կամ էլ վարչապետն ընդամենը խոսում է խոսելու համար։ Թե այս տարբերակներից ո՞րն է իրականությանը համապատասխանում, «միջազգայնագետը» կիմանա։ Սպասենք նոր թամաշաների։

Այս խորագրի վերջին նյութերը