Մեկնաբանություն

18.07.2019 14:05


Փաշինյանն՝ ըստ Ֆրեյդի, Թամրազյանն՝ ինչպես միշտ

Փաշինյանն՝ ըստ Ֆրեյդի, Թամրազյանն՝ ինչպես միշտ

Քանի դեռ Բոլթոնի պլանն ուժի մեջ է, և «ժողովրդի» վարչապետը դրան «չէ» չի ասել, ամերիկյան «Ազատություն» ռադիոկայանը և հատկապես դրա մշտաժպիտ ու ներկած մազերով խմբագիր Հրայր Թամրազյանը կշարունակեն պահել այս կառավարության ու դրա ղեկավարի «հետույքը» (և ոչ միայն)։

Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցն ըստ Ֆրեյդի ստացվեց։ Նա մատնում էր իր վախերը, բարդույթները, մտադրությունները, ագրեսիան, կասկածամտությունը, ֆյուրերիկությունը և շուստրի հարիֆությունը։

Դե, իսկ Թամրազյան Հրայրն, ինչպես միշտ, թաթիկները վեր էր բարձրացրել ու ծափիկ–ծափիկ էր անում «ժողովրդի» վարչապետի ամեն մի բառին, դեմքի ամեն մի ծամածռությանը և ամեն մի անհեթեթ մտքին։ Դիմացինի խոսքերին հավանություն տալու համար գլուխը վերև–ներքև շարժելը Հրայրի այցեքարտն է, մինչդեռ լրագրողը, առավել ևս՝ գլխավոր խմբագիրը, հարցը տալուց հետո պետք է գլուխն անշարժ պահի, այլ ոչ թե ժպտա, հավանության նշաններ տա ու դիմացինի հետ «պասերով» խաղա։

Նիկոլի դիագնոզը

Ավելի քան մեկ ժամ տևած փաշինյանական հարցազրույցը եթե «քամենք», ապա կստանանք 3 հիմնական «մեսիջ»։

1. Նիկոլ Փաշինյանն ուզում է սեփականաշնորհել Սահմանադրական դատարանն ու ընդհանրապես բոլոր դատարանները, քանզի դրանք իր սրտով չեն։

Այն բացատրությունը, թե, իբր, դատարանների նկատմամբ ժողովրդի վստահություն չկա, դեմագոգիա է։

Վստահություն չկա առաջին հերթին քննչական մարմինների ու հատկապես դատախազության նկատմամբ, բայց քանի որ ճամբարափոխ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դարձել է կամակատար, ուստի դրական է գնահատվում կառավարության ղեկավարի կողմից։ Եթե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն էլ պարեր Փաշինյանի հակաօրինական դուդուկի տակ, ապա ՍԴ–ն կհռչակվեր որպես հեղափոխականների սրտի կառույց։

Ինչ մնում է մյուս դատարաններին ու դատավորների տեսակին, ապա Փաշինյանի պատկերացրած սրտի դատավորը Վերաքննիչում ծվարած Արմեն Դանիելյանն է, որն անգամ ֆորմալ պրոցեդուրաները խախտելով՝ Ռոբերտ Քոչարյանին վերստին կալանավորելու որոշում կայացրեց։

Դատավորներ Ազարյանը և Գրիգորյանը նման բան չարեցին ու Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու որոշում կայացրեցին, ուստի արժանացան Փաշինյանի զայրույթին։ Արդյունքում՝ մեկի գրած դիսերտացիայում նիկոլականներն էժանագին ձևերով սխալներ են ուզում գտնել ու հոտոտում են դիսերտացիայի էջերը, իսկ մյուսի աշխատասենյակը խուզարկել ու կնիքել են, նաև՝ քրեական գործ հարուցել այն դեպքում, երբ ամիսներ առաջ դատախազությունը մերժել էր այդ գործի հարուցումը։

Փաշինյանին ոչ թե անկախ, այլ իրենից կախված դատարաններ են պետք, որպեսզի բոլորին կարողանա տխրահռչակ Արմեն Դանիելյանի պես օգտագործել ու հրահանգավորել։

2. Փաշինյանի համար Ռոբերտ Քոչարյանին ամեն գնով կալանքի տակ պահելը դարձել է կյանքի իմաստ ու իդեա ֆիքս։

Ֆրեյդի հաճախորդը պատրաստ է ոտնատակ անել մեր երկրի հեղինակությունը, ապտակներ ստանալ Վենետիկի հանձնաժողովից, փչացնել հայ–ռուսական հարաբերությունները, տրորել բոլոր օրենքներն ու Սահմանադրությունը, լարվածություն առաջացնել Երևանի ու Ստեփանակերտի միջև, ջանջիգյարային հարաբերություններ հաստատել Ալիևի հետ, տնտեսապես վնասել ՀՀ քաղաքացիներին, խնդիրներ ստեղծել անվտանգության համակարգում, սիրախաղ սկսել Բոլթոնի հետ, «թավշա» հեղափոխությունը վերածել ՀՀՇ–ի ռեինկարնացիայի ու ձևավորել լևոնանիկոլական իշխանություն, միայն թե Քոչարյանին կալանավորված պահի։

Փաշինյանն, ըստ էության, Քոչարյանի գերին է դարձել և իր գերին դարձրել մի ամբողջ պետություն։ Բոլոր գործընթացները ծառայեցվում են մեկ մարդու դեմ քաղաքական հետապնդում իրականացնելուն և մեկ մարդու անձնական բզիկները բավարարելուն։

Փաշինյանի համար Քոչարյանի դեմ քայլեր անելը սևեռուն գաղափար է դարձել։ Սա հոգեկան լուրջ շեղման մասին է խոսում։

3. Եվ ամենակարևորի մասին։ Հարցազրույցի գլխավոր ասելիքը հետևյալն էր. Փաշինյանը փաստացի հայտարարեց, որ եթե զգա, որ աթոռը կորցնում է, ապա պատրաստ կլինի անգամ տանկերի թրթուրների տակ առնել իր ընդդիմախոսներին։

Դա մատնեց իր վախերն ու իրական դեմքը։ Այդ խոսքերը նաև ցույց տվեցին, որ իր այն ձևակերպումները, թե, իբր, եթե ժողովուրդը որոշի, որ ինքը վարչապետ չի լինելու, ապա ինքը 10 րոպե էլ չի մնա վարչապետի աթոռին, բլեֆ են։

Նիկոլի համար իշխանությունը նույնացվում է ձրի ճանապարհորդությունների, «բարեգործական» փողերի, կայֆերի ու աղքատությունը եթե ոչ ուղեղում, ապա գոնե գրպանում հաղթահարելու հնարավորության հետ։

Իշխանությունը Նիկոլի համար հաճույք է։ Նա պատրաստ է ատամներով և տանկերով պահել պետության ու ՀՀ քաղաքացիների հաշվին սպասարակվող հաճույքները։

Նիկոլը, սակայն, լավ չի պատկերացնում, որ ինքն այնպիսի հարվածներ է հասցրել պետական կառույցներին ու հատկապես ուժայիններին, որ արդեն լեգիտիմ չէ պետական ապարատի լուրջ հատվածում։ Էլ ուր մնաց, թե նրա ոչ լեգիտիմ հրամանը՝ տանկերը ժողովրդի դեմ հանելը կատարվի։

Տանկերն ավելի շուտ Նիկոլին կքշեն վարչապետի աթոռից, քան թե կկատարեն նրա հիստերիկ հրահանգները, քանզի բոլորի համար էլ պարզ է, որ վաղը, մյուս օրը բոլորը պատասխան են տալու իրենց արածների համար, և ոչ ոք չի ուզենա Փաշինյանի ապօրինի հրամաննների տակ մնալ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը