Կարծիք

26.03.2010 10:17


Հայկական Սփյուռքի ապագան

Հայկական Սփյուռքի ապագան

Հայկական Սփյուռքը Հայաստանի Հանրապետությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից հետո հայկականության կամ հայկական շահերը հետապնդող երրորդ կարևորագույն գործոնն է: Սակայն Սփյուռքը, ի տարբերություն պետական համակարգերի, չափից ավելի բարդ, բազմաշերտ ու բազմաբնույթ է և այն կազմակերպելու, ուղղորդելու համար առավել մեծ ջանքեր ու գործիքներ են պահանջում: Ներկայի և ապագայի այս ջանքերը չեն կարող անտեսել արդեն ձևավորված սփյուռքյան կառույցներն ու  ավանդույթները, այդ իսկ պատճառով պետք է դրվի արդեն ձևավորված համակարգերի արդիականացման խնդիրը, գուցե և դրանք մեկ կամ մի քանի հունով տանելու մտայնությունը:

Վերջին շրջանում շատ է խոսվում միասնական Սփյուռք ունենալու գաղափարի մասին, որը, թերևս, նախ և առաջ ենթադրում է միասնական մեկ ներկայացուցչական կառույցի ձևավորում, որը և կհանդիսանա ողջ 7 միլիոնանոց հայկական սփյուռքի խոսափողը: Այլ կերպ ասած, գաղափարներից մեկը Սփյուռքի համայնքների ներկայացուցչական միասնական մարմին ստեղծելու մտահղացումն է: Երկրորդ քայլը, որ արվում է, դա սփյուռքյան կազմակերպությունների և համայնքների հետ ՀՀ կառավարության հարաբերությունների համակարգումն  է ՀՀ սփյուռքի նախարարության միջոցով: Այս շրջանակներում են տեղավորվում նաև Հայաստան-Սփյոռք կապերի մի շարք ձևաչափերը:

Երրորդ մոտեցումը ձևաովորված է ավանդաբար և դա իրենց ուսերին են կրում սփյուռքյան կազմակերպությունները, մասնավորապես, ավանդական կուսակցություններն ու հանրահայտ մի շարք հասարակական, ներկայացուցչական, բարեգործական և այլ բնույթի միություններն ու կազմակերպությունները: Նրանք ավանդաբար շարունակում են իրենց գործունեությունը սփյուռքյան համայնքներում, մեծ մասամբ համագործակցում են միմյանց հետ, առկա է նաև որոշակի մրցակցություն և հակասություններ, և, բնականաբար, իրենց գործունեության կարևորագույն մասն է կազմում նաև Հայաստանի հետ հարաբերություններն ու տարբեր հարցերում Հայաստանին և ԼՂՀ-ին ցուցաբերվող օժանդակությունը: Այստեղ կարևոր է նշել նրանց լոբբիստական ջանքերի մասին, որոնք հիմանկանում ուղղված են Հայ դատի, Հայոց ցեղասպանության ճանաչման, նաև Ղարաբաղյան հիմնահարցի լուծմանը և Հայոց պետություններին առնչվող այլ խնդիրներին սատարելուն: Չպետք է մոռանալ, որ Հայաստանի առաջին Հանրապետության անկումից հետո արտերկիր տեղափոխված հայոց միտքը Սփյուռքի ձևավորման հիմքում դրեց երկու կարևորագույն գործոններ. առաջինը դա ազգային նկարագիրը պահպանելու կարևորումներ, որը իրականացվում էր կրթական, մշակութային և կրոնական ակտիվ նախաձեռնություններով, երկրորդը դա Հայրենիքի ընկալման արմատավորումն էր, որը ուղեկցվում էր Թուրքիայից պահանջատիրության և հայոց բնօրրան վերադարձի գաղափարաբանությամբ: Ընդ որում, վերադարձի գաղափարը իր մեջ կրում էր երկու բաղադրիչ՝ վերադարձ Խորհրդային Հայաստան և վերադարձ ծննդավայրեր՝ Արևմտյան Հայաստան: Եվ եթե առաջինը, թերևս մի քանի փուլերով դարձավ իրականություն, իհարկե, ուղեկցվելով նաև ողբերգական հալածանքներով, երկրորդը ցայսօր մնում է պայքարի օրակարգում և չիրագործված: Երրորդ գործոնը դա Հայաստան պետությանը ցուցաբերվող աջակցությունն էր ու նրա շահերի պաշտպանությունը: Այս վերջինը Խորհրդային շրջանում թերևս միասնական ընկալում չուներ, սակայն հատկապես երկրորդ համաշխարահյին պատերազմի ժամանակ  ստացավ իր ցայտուն դրսևորումը: 88-ի երկրաշարժից և հատկապես Ղարաբաղյան շարժումից սկսյալ այս առանցքը դարձել է առավել ցայտուն և առաջնային: Եվ այսօր պետք է փաստել մի կարևոր բան. եթե մենք ուզում ենք ունենալ ուժեղ, կազմակերպված և նպատակաուղղված Սփյուռք, ապա դա պետք է անել նախ և առաջ փոխելով Սփյուռքի առաքելության գաղափարական շեշտադրումների հերթականությունը, դրանց հաղորդելով նաև նոր ընկալումներ: Այնուհետև, դրանից ելնելով, պետք է ստեղծել կամ արդիականացնել այն գործիքները, հանձինս տարաբնույթ կառույցների, որոնց միջոցով և պետք է իրականություն դարնան առաջադրված նպատակները:

Վերջապես, ո՞րն է Սփյուռքի ապագան և նրա մոտակա նպատաներն ու խնդիրները: Նախ, որպես վերջնական նպատակ իրոք, սփյուռքահայութան վերադարձն է պատմական հայրենիք, որը նրանց ազգային նկարագիրը փրկելու ամենահուսալի երաշխիքը կլինի: Այստեղ, սակայն պետք է անկեղծ լինել. դժվար է պատկերացնել, որ հնարավոր է հայրենադարձությունը իրականացնել ամբողջական ձևով: Այս հարցը պետք է դիտել հարաբերական մակարդակում, այսինքն, ամեն ինչ պետք է տանել նրան, որ նպաստավոր պայմանների դեպքում հնարավորինս մեծ թվով հայորդիներ վերադառնան պատմական հայրենիք: Այստեղ ևս պետք է դիտարկել հայրենադարձության երկու տարբերակները՝ վերադարձ Հայաստանի Հանրապետության և Ղարաբաղի Հանրապետության տարածքներ ու Արևմտյան Հայաստան: Թերևս, պետք է հայրենադարձության առումով կիրառել Խորհրդային Հայաստանի փորձը: Նախ պետք է մտահոգվել այսօրվա պետականությունների բնակեցմամբ, որը առավել իրական է և ճիշտ: Նոր հայրենադարձությունը դա, թերևս, Հայաստան-Սփյուռք ներկա կապերի առանցքային հարցերից մեկը պետք է հանդիսանա: Հասկանալիորեն դա կապված է մի շարք դժվարությունների հետ, սակայն դրանք հաղթահարելի են և տեսանելի:

Երկրորդ կարևորագույն քայլը Սփյուռքի, որպես հայկական շահերը հետապնդող ընդհանրության ձևավորումն է: Հայապահպանության խնդիրները առաջնայնորեն պետք է կապվեն Հայոց պետականությունների հետ և Հայաստանը պետք է ստանձնի ուղղորդող դերակատարություն: Բայց այստեղ պետք է նշել, որ դա դեռևս չի ենթադրում, որ Սփյուռքը չպետք է ունենա իր խոսքը Հայոց պետություններում և նա իր ինքնուրույնությունը ամբողջովին պետք է զիջի հայոց կառավարություններին: Ընդհակառակը, Սփյուռքը պետք է հանդիսանա ոչ միայն լոբբիստական աշխատանք իրականացնող օրգանիզմ, այլ նաև հայկական կառավարությունների վրա իրական ազդեցություն ունեցող ընդհանրություն: Այլապես առանցի իրավունքի պարտականությունները ավելի կխորացնեն հակասությունները Սփյուռքի և հայոց կառավարությունների միջև:

Ինչ վերաբերվում է, թե ինչպիսի՞ն պետք է լինի սփյուռքյան կառույցը, ապա ներկա աշխարհում դրա առավել արդյունավետ կերպը ոչ թե կենտրոնացումն է, այլ բազմաձևությունը, որը հնարավորություն չի ընձեռնի ամբողջությամբ կառավարելի և կանխատեսելի դարձնել այն՝ սեփական կառավարության և, հատկապես, օտար կառավարությունների համար: Միասնական կառույցը թվում է, թե միասնության գրավականն է, սակայն այդ միասնականությունը կարող է ուղղորդվել ոչ ցանկալի կերպով: Եվ Սփյուռքի միասնություն ասելով պետք է հասկանալ բազմաբնույթ կառույցների մի ամբողջություն, որոնք չեն ղեկավարվում մեկ-երկու կենտրոններից, սակայն նրանք հետապնդում են իրարից ոչ շատ էական տարբերվող նպատակներ, թեկուզ ունենալով նաև իրագործման տարբեր մեթոդներ: Այստեղ կարևորը, թերևս, Սփյուռքի համերաշխության մասին խոսելն առանցքային խնդիրների շուրջ՝ ապահովելով ներդաշնակություն և համեմատական միակարծություն: Եվ պարբերաբար հնչող □միասնականություն՝ ներկայացուցչական կառույցի միջոցով□ տեսակետը պետք է թողնել ապագային և կյանքի կոչել մի ավելի անվտանգ և հասունացած ժամանակաշրջանում:

Արտակ Սարգսյան

Այս խորագրի վերջին նյութերը