Քաղաքական

09.02.2011 18:25


Վարդան Օսկանյան. «Հաջորդ ընտրություններին Հայաստանում քաղաքական մոնոպոլիան պետք է վերացվի»

Վարդան Օսկանյան. «Հաջորդ ընտրություններին  Հայաստանում քաղաքական մոնոպոլիան պետք է վերացվի»

Փետրվարի 9-ին «Սիվիլիթաս» հիմնադրամը քննարկում էր կազմակերպել «Լրատվամիջոցներ. ինչպե՞ս աշխատել նեղ պայմաններում» խորագրով, որի բանախոսներն էին «ԳԱԼԱ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը, «Epress» ինտերնետային պարբերականի համահիմնադիր Արմեն Մելիքբեկյանը և ԼՂՀ-ում լույս տեսնող «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը։ Քննարկման ժամանակ եզրափակիչ խոսքով հանդես է եկել ՀՀ նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանը։

Նա նշել է, որ չնայած ինտերնետային դաշտը Հայաստանում շատ արագ զարգանում է, սակայն առնվազն 8-10 տարի է հարկավոր, որպեսզի կարողանա տեղակատվության ոլորտում իրական ակտիվություն դրսևորել։ Հիմնական խնդիրը, նրա կարծիքով, այն երկընտրանքն է, թե քաղաքական դա՞շտը պետք է փոխվի, որպեսզի լրատվական դաշտն էլ փոխվի, թե՞ հակառակը՝ լրատվական դաշտը պետք է նպաստի քաղաքական իրավիճակի փոփոխությանը։

-Կարծում եմ՝ այս դիլեմայի պատասխանը պետք է լինի այն, որ երկուսը պետք է զուգահեռաբար գնան,-ասել է նա։

Նա նշել է, թե այնպես չէ, որ տեղեկատվական ոլորտում բիզնես դաս չի ձևավորվել։ Նրա խոսքերով՝ բիզնեսն իր շահերը լավ գիտի և կգնա այն ծրագրերի հետևից ու գովազդ կներդնի այն լրատվամիջոցում, որն ամենամեծ լսարանն ունի։

-Բայց այսօր, դժբախտաբար, բիզնեսը չի թելադրում իր շահերը, այլ իշխանությունն է թելադրում։ Ինչո՞ւ է իշխանությունը դա անում. որովհետև այսօր կա քաղաքական մենաշնորհ։ Եթե չլիներ քաղաքական մենաշնորհ իշխանությունը չէր կարող իր կամքը թելադրել հեռուստաընկերություններին,-ասել է նա։

Նրա խոսքերով՝ մի կողմից շատ վատ է, երբ հեռուստաընկերություններ կան, որոնք պատկանում են կա՛մ կուսակցություններին, կա՛մ անհատներին, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ, կա՛մ պետական պաշտոնյաներին։ Բայց, մյուս կողմից հաշվի առնելով այսօր Հայաստանում տիրող քաղաքակն իրավիճակը, ըստ Վ. Օսկանյանի՝ դրա մեջ պետք է նաև լավը տեսնել.

-Միգուցե հենց սա՞ կարող է նպաստել իրավիճակի փոփոխությանը։ Մենք պետք է հաջորդ ընտրությունների ընթացքում հասնենք նրան, որ Հայաստանում քաղաքական մոնոպոլիան վերացվի։ Եթե յուրաքանչյուր քաղաքական ուժ, հեռուստատեսություն ունի կամ չունի, կամ առանձին կամ ինչ-որ դաշինքներով իրեն տեսնի որպես հակակշիռ այսօրվա իշխող կուսակցությանը, ես կարծում եմ, որ ինչ-որ բան կարող է փոխվել իսկապես,-ասել է Վարդան Օսկանյանը և հավելել, որ քաղաքացիական հասարակությունն այսօրվանից հենց պետք է այդ մեխի վրա նպատակային սկսի խփել, որ հաջորդ ընտրություններին հաջողվի Հայաստանի քաղաքական դաշտում ինչ-որ բան փոխել։

Նա նշել է, որ եթե այդ ճիշտ հակակշիռը ստեղծվի, հաջորդ ընտրություններին, օգտագործելով նաև հենց այդ մամուլը և հակակշռելով իշխանական մամուլին, իր կարծիքով՝ Հայաստանում ինչ-որ բան կփոխվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը