Բանավեճ

13.03.2010 17:36


«Ներքաղաքական ստատիկան և զարգացումների դինամիկան»

«Ներքաղաքական ստատիկան և զարգացումների դինամիկան»

«7օր»-ը հյուրընկալել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության  կենտրոն» հ/կ նախագահ Ստեփան Դանիելյանին և «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանին։

-Հաճախակի են հնչում կարծիքներ, որ երկրում պայթյունավտանգ իրավիճակ է սոցիալական հիմնախնդիրների և արտաքին մարտահրավերների առումով, և դա թուլացրել է Հայաստանի պետականության հիմքերը։ Դուք համամի՞տ եք այդ տեսակետի հետ։

Ստեփան Դանիելյան-Համամիտ եմ։ Սակայն հիմնական պատճառը Դուք չնշեցիք։ Դա,  կարծում եմ, այն է, որ կենտրոնական իշխանությունն այլևս չի վերահսկում իրավիճակը։ Այսինքն, հայտնվել են որոշակի խմբավորումներ (կարելի է դրանք անվանել օլիգարխիկ, նոմենկլատուրային), որոնք արդեն լուրջ հավակնություններ ունեն իշխանությունն ամբողջությամբ վերցնելու, և այդ խմբերը միմյանց հետ մրցակցում են։ Այդ մրցակցությունը որոշակի խաղի կանոններում է ընթանում, և այսօր կենտրոնական իշխանությունն արդեն փաստի առջև է կանգնել։

-Այսինքն, ընդդիմության դերակատարումն այստեղ մեծ հաշվով չկա՞, և իշխանության ներսո՞ւմ է գզվռտոցը։

Ս.Դ.- Հայաստանի իշխանական համակարգն այնպես է ձևավորված, որ այն ժողովուրդը չի ընտրում, ինչպես Սահմանադրությունում է գրված, այլ մարդիկ որոշակի տեխնոլոգիաներով կարողանում են այդ «ընտրությունները» կազմակերպել և ստանում են այն, ինչ ստանում են, և այսօր, բնականաբար, մի փուլ է եկել, երբ այդ խմբավորումներն արդեն ոչ թե որևէ մեկի համար են աշխատելու, այլ հենց իրենց համար։ Հավակնություններ ունեցողները շատ են, և սպասենք բախումների։

-Պարո՛ն Բալանյան, նախ մեկ ճշտող հարց, այնուհետև կանցնենք բուն թեմային։ «Սարդարապատ» շարժումը ՀԱԿ-ի հետ որևէ առնչություն ունի՞։

Հայկ Բալանյան-Այնքանով ունի, որքանով մենք գտնվում ենք նույն քաղաքական դաշտում։ Անկասկած, «Սարդարապատն» ինքնուրույն է և՛ որոշումներ կայացնելու մեջ, և՛ կազմակերպական առումով։ Եվ այն  ՀԱԿ-ի անդամ չէ։ ՀԱԿ-ը բաղկացած է մի քանի, տասնյակից ավելի կազմակերպություններից և անհատներից, իսկ «Սարդարապատ» շարժումն ինքնուրույն է։ Ուղղակի մենք համագործակցում ենք ՀԱԿ-ի հետ այնքանով, որքանով դա բխում է մեր ընդհանուր շահերից։

-Հասկանալի է։ Համամի՞տ ենք այն տեսակետի հետ, որ իշխանության ներսում գզվռտոց է, որը լուրջ հետևանքներ կունենա։

Հ.Բ.- Ես մի քանի նրբերանգներ էի ուզում ընդգծել։ Իսկապես համամիտ եմ, որ այդ օլիգարխիկ իշխանիկների ամբիցիաները և հնարավորությունները մեծացել են։ Համամիտ եմ նաև, որ դա կապված է կենտրոնական իշխանության թուլացման հետ։ Ուղղակի կուզենայի ընդգծել, որ դա կապված է նաև դաժան տնտեսական ճգնաժամի հետ։ Որպեսզի ավելի հասկանալի լինի, կարելի է ներկա իրավիճակը համեմատել պատմության հետ։ Մենք ունեինք թագավորություններ՝ Արշակունիների, Բագրատունիների դինաստիա, ունեինք տեղական իշխաններ՝ Սյունիքի իշխանները, Արարատի իշխանը, Արցախի իշխանները, կաթողիկոսը։ Ամեն մեկն իրենն էր առաջ տանում։ Համեմատելով՝ կարող ենք ասել, որ Արարատի ֆորմալ իշխանը Հովիկ Աբրահամյանն է, Շիրակինը՝ Վարդանիկը։ Նույն վիճակն է։ Ես սա ասում եմ, որ ավելի պարզ լինի, որովհետև բոլորս դպրոցից մեր պատմության մասին տարրական գիտելիքներ ունենք։ Հիմա կենտրոնական իշխանությունը թուլացած  է, միջին դասակարգը՝ ազատները, գոյություն չունեն, և պետությունն այլևս ռեսուրսներ չունի՝ ֆինանսական, տնտեսական, բարոյական, կադրային։ Համամիտ եմ Ստեփանի հետ, որ իշխանության մեջ այդ մարդկանց տեսակարար կշիռն աճում է, և բարիքն արդեն կրճատվել է (առաջ բարիքը միավորում էր, իշխանափոխության վտանգը բոլոր օլիգարխներին միավորում էր, բայց իրենց գաղափարը փողն է)։

Ս.Դ.-Եթե պատմական առումով ենք դիտարկում այս փաստը, ապա պետք է հիշենք, որ ֆեոդալական խմբավորումները պայքարում են միմյանց դեմ և որոշակի հավասարակշռություն պահում, կամ մի կողմը պարտվում է, և այդ ժամանակ նրանք բերում են օտար խաղացողների, որոնք հետո դառնում են նվաճող։ 50/50 հավանականությամբ մի բան կասեմ, որն աբսուրդ կթվա և շատերի համար՝ անհավանական, բայց չեմ զարմանա, որ մի օր այդ օլիգարխների խմբավորումներից մեկը նույնիսկ Ադրբեջանից ուժ բերի այստեղ հարցեր լուծելու համար։ Դա շատ է եղել պատմության մեջ, և Աստված չանի՝ հիմա էլ այդպես լինի։

Հ.Բ.-Լիովին համամիտ եմ այդ առումով, որովհետև պետությունը կորցնում է իր ուժային մենաշնորհը (Դա N1 ցուցանիշն է։ Պետության N1 ֆունկցիան բռնության մենաշնորհն է)։ Այդ ֆունկցիան մեր պետությունը կարծես կորցնում է, որովհետև յուրաքանչյուր  օլիգարխ ունի նաև սեփական հրոսակախումբը՝ զինված ուժերը։ Հաջորդ քայլը լինելու է նաև ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելը, ինչը մենք արդեն տեսնում ենք։

Ս.Դ.-Հետաքրքիր կլինի հարցում անցկացնել՝ ով որքան զորք ունի։ Ինձ հետաքրքիր է, և ես ամենայն լրջությամբ եմ ասում։

-Ճիշտ է, Հայաստանը շատ հեռու է ժողովրդավար պետություն կոչվելուց, բայց մի գործոն կա՝ հասարակությունը։ Հիմա հասարակությանը տարբեր անուններ են տալիս՝ զոհված, ապականված, նույնիսկ տեսակետ է հնչում, որ այն ավելի շուտ կմտնի հարևանի նկուղ գողություն անելու, բայց չի ընդվզի իր իրավունքների պաշտպանության համար։ Ըստ Ձեզ՝ ստեղծված իրավիճակում հասարակության գործոնը հնարավո՞ր է լրջանա։

Ս.Դ.-Երկու տարբերակ գոյություն ունի։ Առաջինն այն է, որ բնակչությունը «x» պահին կարող  է վերածվել ամբոխի և զբաղվել համապատասխան գործողություններով (ինչպիսիք մենք երրորդ կարգի երկրներում ենք տեսնում հեռուստացույցով)։ Կարող են ամբոխն օգտագործել։ Մյուս տարբերակն այն է, որ բնակչությունը դառնա հասարակություն և արդեն կազմակերպված գործողությունների գնա։ Բայց դրա համար պետք են որոշակի արժեհամակարգեր։ Այսինքն, եթե հասարակությունը հանրահավաքներ է անում, ոչ թե գոռա, ասենք, «Ջհանգիրյա՛ն, Ջհանգիրյա՛ն» կամ «Մանվե՛լ, Մանվե՛լ», այլ ազատության, հավասարության կամ այլ արժեքային  համակարգերին վերաբերող կոչեր անի։ Եթե այդ շարժումը որոշակի արժեքային համակարգի շուրջ է, ապա բնակչությունն արդեն կարող  է շատ լուրջ գործոն դառնալ և վերածվել հասարակության։ Նա կգնա այն ուղղությամբ, որ ուղղությամբ կտանի նրան այդ արժեքային համակարգը կրող ուժը։ Բնականաբար, մենք այդտեղ դրական զարգացումներ կտեսնենք։

Հ.Բ.-Ես հավելեմ, որ, անկասկած, մեր ժողովուրդն իր մեղքի բաժինն ունի ստեղծված իրավիճակում։ Ինչպես ասվում է, դաժանորեն պատժվում է նա, ով կամովին հրաժարվում է իր իրավունքներից։ Հենց այդ պատճառով է մեր ժողովուրդը պատժվել։ Մեր ժողովուրդը դասական արևելյան ժողովուրդ է, որն ամենօրյա աշխատանքով պետականություն ստեղծելու ընդունակ չէ, բայց գալիս է մի «x» պահ, երբ դանակը ոսկորին է հասնում, և ինչ-որ հրաշք կարող է տեղի ունենալ։ Կարող է և տեղի չունենալ։ Այսինքն, չեմ բացառում, բայց, այնուամենայնիվ, լավատես եմ, և որոշակի «x» պահի ոչ ստանդարտ տրամաբանությամբ ամեն ինչ կզարգանա։ Այդ դեպքում որակական փոխոխություն կլինի, որովհետև վիճակն իսկապես օրհասական է, և այսքանից հետո ժողովուրդը պետք է գիտակցի, որ վերջը կարող ենք կորցնել շատ ավելին։ Ես հուսով եմ, որ փոփոխություն տեղի կունենա։

Ս.Դ.-Ես այնքան էլ համաձայն չեմ Հայկի հետ այն առումով, որ հասարակությունը հրաժարվել է իր իրավունքներից. հասարակությունը նունիսկ տեղյակ չէ իր իրավունքներից։

Հ.Բ.-Իրավունքն աստվածային է, ի վերուստ տրված։ Ինչպե՞ս կարող է մարդ արդարության իրավունքին տեղյակ չլինել։ Կարելի է ասել, որ անգրագետ է, բայց հասարակությունը մեղքի իր բաժինն ունի, որ հրաժարվել է իրազեկ լինելու իր իրավունքից։

Ս.Դ.-Աստծո ներկայացուցիչներն այսօր Հայաստանում մարդկանց քարոզում են ոչ թե Աստծո իրավունքները, ճիշտ հակառակը. նրանք բոլոր իրավունքներն ապազգային են հայտարարում և դրա դեմ քարոզչություն վարում։ Ամբողջ խնդիրն այն է, որ մեզ մոտ ֆեոդալական մի տաֆտալոգիա է ձևավորված։ Դա է մեր դժբախությունը. հասարակ մարդն ուղղակի չի կարողանում կողմնորոշվել, որովհետև փոքր տարիքից սկսած նրանց հակագաղափարներ են սովորեցնում (սկսած հեռուստատեսությունից), որ սև հագած «ձյաձյաները» հակաիրավունքներ են սովորեցնում։

-Գանք արտաքին ոլորտին։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ հանգրվանի բերեց Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությունը։

Ս.Դ.-Շատ դժվար է այսպես կարճ գնահատական տալ։

-Հայ-թուրքական գործընթացը փլվե՞ց, թե՞ ոչ։

Ս.Դ.- Գոյություն չունի հայ-թուրքական գործընթաց. գոյություն ունի թուրքական խնդիր համաշխարհային քաղաքականության մեջ, որի վրա ազդելու գործիքներից մեկն էլ հայ-թուրքական հարաբերություններն են, որոնք օգտագործվում են որոշակի խնդիրներ լուծելու համար և օգտագործվում են ոչ մեր կողմից։

-Այսինքն, ուզում եք ասել, որ Սերժ Սարգսյանն ինքնակա՞մ չի նախաձեռնել այդ գործընթացը։

Ս.Դ.- Ես նույնիսկ կասկածում եմ՝ արդյոք նա ի վիճակի՞ է որևէ միլպետի այսօր աշխատանքից հանել Հայաստանում։ Ի վիճակի լինել գլոբալ համաշխարհային խնդիրներ լուծել լուրջ չէ. ուղղակի Սերժ Սարգսյանը որոշակի դերակատարություն է ստանձնել՝ վստահ եմ՝ չհասկանալով՝ գլոբալ առումով ինչ խաղ է գնում, բայց, բնականաբար, որոշ բաներ գոնե բացատրել են իրեն։ «Ֆիգարո»-ին տված վերջին հարցազրույցում, երբ հարցրին Ցեղասպանության գործընթացի ընդունման մասին, մարդը շատ անկեղծորեն ասաց՝ մենք ողջունում ենք, մենք գոհ ենք, որ ընդունում են, բայց մեզ ոչ ոք չի հարցնում՝ ընդունե՞լ, թե՞ չընդունել։

Հ.Բ.- Ես կուզենայի այդ գործընթացը 2 մասի բաժանել։ Հայ-թուրքական բանակցությունները շատ վաղուց են տարվել՝ դեռևս Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, ամերիկացիների կողմից նախաձեռնված հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը պարբերաբար աշխատում էր, այսինքն՝ մեր և թուրքերի միջև շփումներ եղել են։ Այդ բանակցությունները տեղի էին ունենում գաղտնի։ Բայց իրավիճակն իսկապես փոխվեց աշխարհում։ Կոնկրետ արձանագրությունների առումով այն քաղաքական դիրքորոշումը, որ հիմա ցուցաբերում է Միացյալ Նահանգները (երբ ասում է՝ կապ չունեն ո՛չ Ղարաբաղը, ո՛չ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը, Թուրքիան պետք է վավերացնի արձանագրությունները և բացի հայ-թուրքական սահմանը), նշանակում է մի բան՝ այն զիջումները, որ կատարվել էին արձանագրությունները ստորագրելու համար (նկատի ունեմ տարածքային ամբողջականության հարցի շեշտադրումը և պատմաբանների հանձնաժողովի ստեղծման համաձայնությունը), լիովին անիմաստ էին։ Այսինքն, Սերժ Սարգսյանը զիջել է մի բան, որը կարելի էր չզիջել, և պետք էլ չէր զիջել։ Այս գործընթացը հենց դա է ապացուցում, որ իսկապես արձանագրությունների մեջ այդ երկու կետը հնարավոր էր պահպանել, ուրիշ հարց է, որ Սերժ Սարգսյանը կոպիտ սխալ արեց։ Իսկ գործընթացը շատ ավելի գլոբալ է և ընդհանրապես կապ չունի արձանագրությունների հետ։ Դա ավելի խորքային քաղաքական պրոբլեմների հետևանք է։ Կարծում եմ՝ այնուամենայնիվ, Թուրքիան առաջիկա ամիսներին, ինչքան էլ Միացյալ Նահանգները ճնշի, սահմանը չի բացի, չեմ կարծում, որ դա բերի շատ մեծ ճնշումների Թուրքիայի նկատմամբ։ Կլինի մի մեծ առևտուր (Թուրքիան մեծ խնդիրներ ունի, Միացյալ Նահանգները մեծ շահեր ունի այս տարածաշրջանում), որտեղ Հայաստանն ընդամենը ֆոն է, միջոց։

-Ղարաբաղի հարցում ճնշումներ կարո՞ղ են լինել, և այս նեխած համակարգը կարո՞ղ է բերել դրան։

Հ.Բ.- Այստեղ ուղղակի մեր հայ իշխանությունների բախտն է մի քիչ բերում այդ իմաստով, ոչ թե դա արտաքին քաղաքականության փայլուն նվաճումն է։ Այս պահին Ղարաբաղի հարցում ես որևէ փոփոխություն չեմ տեսնում։

-Եթե կա ուժ, բնականաբար, պետք է լինի հակաուժ։ Ստեփա՛ն, Դուք նշեցիք, որ մենք ունենք նեխած իշխանական համակարգ։ Դրա հակաուժն այսօր ո՞վ է, կամ ո՞րն է։

Ս.Դ.- Հիմնական հակազդող ուժը կամ ուժերը հենց իշխանության ներսում են, որովհետև եթե մենք փորձենք պատմության մեջ ցանկացած հեղափոխություն ուսումնասիրել՝ սկսած ֆրանսիական, անգլիական, հոլանդական, այսպես կոչված, բուրժուական հեղափոխություններից, ապա կտեսնենք, որ հիմնական ճեղքումն իշխանության մեջ է եղել։ Բնականաբար, ժողովուրդը և որոշ մտավորականներ այդ գործընթացի մեջ ներգրավված են եղել, չնայած մենք պետք է նշենք, որ հենց այդ երկրներում կային որոշակի արժեքային համակարգեր, և մարդիկ գրում էին, չէ՞, օրինակ, Ռուսսոն, Դիդրոն և այլն, և մշակույթ, ապագա հասկացողություններ ձևավորում ապագա հասարակության համար։ Հայաստանի առումով, բնականաբար, նույն մեխանիզմը պետք է լինի. պետք է օգտագործվեն այդ ներքին ճեղքումներն իշխանության մեջ, և այդ ուժերից որը պրոգրեսիվ կլինի, կհասկանա պահի հրամայականը։ Բնականաբար, դրանք նույնպես պետք է օգտագործվեն, և մյուս կողմից պետք է լինի այն դիսկուրսը, որ ձևավորում է հասարակության մտածող հատվածը, թե ինչպես է տեսնում ապագա Հայաստանը։

-Տիտղոսային ընդդիմություն ՀԱԿ–ն այսօր հակազդող ուժ չէ։ 

Ս.Դ.- Տիտղոսային ընդդիմությունը կարող է լինել հակազդող ուժ, կարող է չլինել. հարցն այն է, թե ի՞նչ խնդիրներ իր առջև կդնի։ Համենայնդեպս, մեխը դնելով ինչ-որ պահից հետո՝ հայ-թուրքական հարաբերություններն ակնհայտորեն ֆիասկո ապրեցին, տիտղոսային ընդդիմության բոլոր «պռագնոզները» սխալ դուրս եկան, և հակասական էին իրենց բոլոր տեսակետները, երկրորդ՝ այժմ շեշտը դնենք սոցիալական խնդիրների վրա՝ հասարակության դժգոհությունն օգտագործելու։ Այստեղ կան դրական և բացասական կողմեր, բացասականն այն է, որ դա ուղղակի ուժ է, որը նրանք փորձելու են օգտագործել, սակայն իրենք այդ սոցիալական կուրսը չունեն, այսինքն՝ մենք չենք կարող ասել՝ ՀԱԿ-ը սոցիալական գաղափարների վրա գաղափարական շարժում է։ Ես չեմ տեսնում, որ ՀԱԿ-ն ունի կոնկրետ առաջարկներ, գաղափարներ հենց սոցիալական դաշտում։ 

Հ.Բ.- Ես տիտղոսային ընդդիմություն կհամարեի նաև «Սարդարապատը», որը սխալ դուրս չեկավ։ Մենք հենց սկզբից էլ դեմ ենք եղել արձանագրություններին։ Ստեփանը շատ ճիշտ նշեց, որ արժեքային համակարգ չունի այս իշխանությունը, այդ իսկ պատճառով ես բացառում եմ, որ իշխանության մեջ ճեղքվածքներ լինեն, և ինչ-որ ձևով՝ կա՛մ ռեֆորմացիայի, կա՛մ ժողովրդի հետ միավորվելու, որևէ շանս լինի։ Հակառակը՝ նրանք հենց տեսնեն, որ վտանգ կա ներքևից, նորից կմիավորվեն ժողովրդի դեմ, որովհետև իրենց հոգեբանությունը քրեականի հոգեբանություն է, պետականաստեղծ հոգեբանություն չի, իսկ այդ միջավայրից վերադարձ դեպի քաղաքացի չի լինում։ Հենց որ իշխանությունները, իշխանության մաս կազմող խմբավորումները տեսնեն, որ ժողովուրդն ուժեղանում է, և կա շարժում, նորից կմիավորվեն ընդդեմ սեփական ժողովրդի։ Անկասկած, դրսից կբերեն նաև աջակցություն. մենք գիտենք՝ և՛ Ռուսաստանն է, և՛ Միացյալ Նահանգները, և՛ Եվրոպան, որոնք արտաքին քաղաքական զիջումներ կորզելու նպատակով կամ Հայաստանի ներսում ինչ-որ տնտեսական բաներ ստանալու համար միշտ աջակցում են մեր իշխանություններին։ Այդ իմաստով իրենց համար իշխանության պահպանումը գերնպատակ է, գերարժեք։ Այդ ճեղքվածքը մենք պետք է փորձենք օգտագործել, բայց որ այնտեղից մարդ գա և կանգնի ժողովրդի կողքին, ես բացառում եմ։ 2008-ին այն մարդիկ, ովքեր եկան Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ, եկան, դրանից հետո այլևս ոչ ոք չի գա։ Պետք է ժողովուրդն ուղղակի պայթի և ամբողջ համակարգը սրբի. ուրիշ ձև չկա։ Հակառակ դեպքում իմաստ էլ չկա, որովհետև եթե մենք պետք է օգտագործենք դրանց, և հետո դրանք մնան, վիշապը կվերարտադրվի։

-Տեսանելի ապագայում ի՞նչ է սպասվում Հայաստանում։ 

Ս.Դ.- Սցենարներից մեկն այն է, որ իշխանությունները ճեղքվածք կտան, և միմյանց դեմ կսկսվի պայքարը՝ այն, ինչ միշտ եղել է մեզ մոտ՝ սկսած 1991-ից՝ ճեղքումներ, իշխանությունից մի մասը գնում էր ընդդիմություն և փորձում օգտագործել այնտեղ եղած ռեսուրսները։ Երկրորդ սցենարը՝ տնտեսական անկումը, կարող է բերել որոշակի սոցիալական խնդիրների, բայց այստեղ նաև ուրիշ բան գոյություն ունի, քանի որ Հայաստանն օգտագործվում է Թուրքիայի հետ կապված խնդիրներում, որոշակի օգնություններ կլինեն Հայաստանին և դրանք կմեղմեն։ Սցենար երրորդ՝ չեն բացառվում որոշակի պատերազմական իրավիճակներ, որոնցից հետո կսկսեն արդեն գլոբալ գործընթացներ քաղաքական կյանքում։

Հ.Բ.- Հայաստանի համար այս պահին համար մեկ խնդիրը ես համարում եմ տնտեսական ճգնաժամը, որովհետև արդեն իսկ չեն կարողանում հավաքագրել բավական ֆինանսներ, որպեսզի աշխատավարձեր վճարեն, իսկ դա իրական անկում է տնտեսության մեջ, մասսայական արտագաղթ է։ Այսինքն, այն տնտեսական բազան, որի վրա հենված է իշխանությունը, ուղղակի փլուզվում է։ Դա՛ է նաև զգալի չափով ստիպում Սերժ Սարգսյանին գնալ նախաձեռնողական քաղաքականության և այս կամ այն քաղաքական ուժի հետ սակարկությունների մեջ մտնել, որ, այսպես ասած, դրսից փող բերի, երկիրը վերակենդանացնի։ Այն, ինչ ես հիմա եմ տեսնում, Սերժ Սարգսյանի մերձեցումն է Միացյալ Նահանգների, Արևմուտքի հետ։ Իմ կարծիքով դա առայժմ չի բերի խաղաղության կնքման Ադրբեջանի հետ։ Ես այստեղ առայժմ ինչ-որ նվաճումներ չեմ տեսնում։ Այլ հարց է, որ իսկապես շատ հավանական է, որ Ղարաբաղի հարցում լինի ֆորս մաժոր։ Թե ինչպես է ընդունակ այս պետությունը, այս 2 մլն. 300 հազ. մարդն այդ մարտահրավերին դիմագրավել, թե ինչպես դա կզարգանա, կանխատեսումներ անել չեմ ուզում, չնայած ուզում եմ նաև լավատես լինել։ Արտաքին էքսցեսներից է մեծապես կախված Հայաստանի ներքին իրավիճակը։ Ներսում առայժմ գլխավոր մարտահրավերը ֆինանսներն են. եթե դրսից աջակցությունը կա, ինքն այդ իրավիճակը ոստիկաններին աշխատավարձ տալով կպահպանի, որովհետև ընդդիմությունը դեռևս այդ ուժը չունի։ Հենց որ աշխատավարձ չկարողանա տալ ոստիկաններին, կամ արտաքին հզոր էքսցես լինի, այդ դեպքում համակարգն իսկապես կարող է հայտնվել եզրին։

-Հայաստանում արտահերթ ընտրություններ կլինե՞ն։ Այո՞, թե՞ ոչ։

Ս.Դ.- Տրամաբանություն կա արտահերթ ընտրությունների մեջ։

 Հ.Բ.- Ես բացառում եմ դա։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

 

Այս խորագրի վերջին նյութերը