Մեկնաբանություն

22.12.2018 13:28


Կրճատե՞լ, թե՞ չկրճատել. սա՛ է խնդիրը

Կրճատե՞լ, թե՞ չկրճատել. սա՛ է խնդիրը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզչության փուլում ՀՀԿ-ականները հայտարարում էին, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է պետական ծառայողների կրճատումներ անել: «Իմ քայլը» դաշինքից հակադարձում էին, թե բա ՀՀԿ-ականները ստում են:

Դատելով ընտրության արդյունքներից՝ քվեարկությանը մասնակցած միջին վիճակագրական ընտրողը հավատացել է «Իմ քայլին», քանզի ՀՀԿ-ն նախկինում այնքան էր ստել, որ երբ սկսեց ճիշտ խոսել, չհավատացին: Հավատացին նրան, ում դեռ չեն ֆիքսել, որ ստում է, այն էլ՝ ոչ պակաս, եթե ոչ ավելի:

Միջին ընտրողը, որպես կանոն, ճկուն ու դինամիկ չէ: Նա առաջնորդվում է կարծրատիպերով ու էմոցիաներով: Ահա դրա արդյունքում հիմա վճարելու է: Վճարելու է ամեն օր և ամեն առիթով: Թեև մյուս կողմից էլ միջին ընտրողին չես կարող մեղադրել, քանզի «Իմ քայլին» իրական այլընտրանք չտեսավ քվեաթերթիկում և այդ իսկ պատճառով էլ մեծամասամբ չմասնակցեց ԱԺ ընտրությանը:

Ֆունկցիան պետք է որոշի կառուցվածքը

Ընտրություններից հետո տեղի ունեցավ այն, ինչի մասին զգուշացնում էին «Իմ քայլի» ընդդիմախոսները և հիմա մարդիկ դուրս են եկել փողոց՝ պահանջելով չվերացնել նախարարությունները:

Անկախ Հայաստանում շատ են հնչել պարզունակ, դեմագոգիկ, դատարկ ու պոպուլիստական բանաձևեր, որոնք, սակայն, ստացել են լայն զանգվածների աջակցությունը և մարդկանց մեջ հույս արթնացրել:

«Ջերմուկը և մոլիբդենը ծախենք, լավ կապրենք», «Հենց սեփականաշնորհենք ամեն ինչ, երկիրը կծաղկի», «Մենակ թե Լևոնը (Ռոբերտը, Սերժը) գնա, ով ուզում է գա, արդեն լավ կապրենք», «Եթե Լֆիկի ու Շմայսի փոխարեն պատգամավոր լինեն Լենա Նազարյանի ու Լիլիթ Մակունցի պես մարդիկ, ապա խորհրդարանի աշխատանքները կլավանան» (պարադոքսն այն է, որ Լֆիկի ու Շմայսի փոխարեն կոճակ սեղմող Լենան ու Լիլիթը շատ ավելի են խեղաթյուրելու օրենսդիր մարմնի ֆունկցիան, քան դա անում էին Լֆիկն ու Շմայսը, ինչից, բնականաբար, չի բխում, որ Լենայի ու Լիլիթի այլընտրանքը միայն Շմայսն ու Լֆիկն են. դա էլ է կեղծ բանաձև) և նմանատիպ այլ բանաձևերը ճիշտ են թվացել շատերին, ինչի արդյունքում ձևավորվել են կեղծ սպասումներ ու հետո եղել են մեծ հիասթափություններ:

Կեղծ ու պոպուլիստական կարգախոսներից է նաև «Պետական ապարատը կրճատենք ու լավ ապրենք»-ը: Նորանկախ Հայաստանում պետական ապարատի կրճատումից խոսել են գրեթե բոլորը, բայց որևէ մեկը չի խոսել այն մասին, թե կրճատում ենք, որ ի՞նչ անենք: Թվում է, թե պարզ է՝ կրճատում ենք, որ գումար տնտեսենք: Բայց դա պարզունակ մոտեցում է:

Եթե առաջնորդվենք զուտ կրճատման ու տնտեսման տրամաբանությամբ, ապա կարելի է գրեթե ողջ կառավարությունը փակել, վերացնել ազգային ժողովը և թողնել մեկ դատավոր, մեկ դատախազ, որոնք կկատարեն «վերևինի» հրահանգները և վերջ (ի դեպ, փաստացի դրան ենք գնում):

Այն, որ պետական ապարատը պետք է պարբերաբար օպտիմալացնել, հնարավորություն ստեղծել պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման համար և խուսափել բյուրոկրատացումից, երկրորդ կարծիք լինել չի կարող: Սակայն գլխավոր խնդիրը ֆունկցիայի որոշումն է:

Իշխանությունը պետք է ասի, թե ի՞նչ է պատկերացնում մշակույթի, գիտության, սպորտի, առողջապահության և այլ ոլորտներում, ի՞նչ խնդիր է ուզում լուծել և դրանից հետո նոր ներկայացնի կառուցվածքային փոփոխությունները: Չէ՞ որ մենեջմենթի ոսկե կանոնի համաձայն՝ ֆունկցիան պետք է որոշի կառուցվածքը, այլ ոչ թե հակառակը:

Եթե պետության ու կառավարության նպատակներն ու ծրագրերը բոլոր ոլորտներում հստակեցվեն, ապա հասկանալի կլինեն թե՛ կրճատումները, թե՛ ավելացումները: Իսկ այսպես զուտ մեխանիկական քայլեր են արվում: Հասկանալի չի դառնում, թե ինչու պետք է Հայաստանում լինի 10, այլ ոչ թե 20 նախարարություն: Հարցը քանակը չէ, հարցը ֆունկցիան է: Եթե հայտարարում ես, որ մի քանի տասնամյակից Հայաստանի բնակչության քանակը կրկնապատկելու ես, ապա պետք է, օրինակ, փոխես Սփյուռքի նախարարության հայեցակարգը՝ այն դարձնելով Ներգաղթի և աբսորբցիայի խնդիրներով զբաղվող պետական կառույց։ Բայց երբ նպատակներդ բաժակաճառային բնույթի են ու չկա ֆունկցիայի հստակ սահմանում, ապա ստանում ենք լրիվ այլ բան:

Տպավորությունն այնպիսին է, որ նախարարությունների թվաքանակի ու աշխատողների կրճատումը պոպուլիզմի ու պարզունակ պատկերացումների, այլ ոչ թե հստակ հաշվարկի ու ռազմավարական ծրագրի իրագործման հետևանք են:

Եթե ուզում են փող տնտեսել, ապա դա կարճաժամկետում միգուցե ճիշտ է, բայց ռազմավարության բացակայության պայմաններում, անիմաստ քայլ է ու կարող է նույնիսկ հակառակ էֆեկտն ունենալ:

Փաշինյանը նախընտրական փուլում հենց այս թեմաներից պետք է խոսեր, այլ ոչ թե պատերին ծեփեր ու ասֆալտին փռեր: Չխոսեց, քանզի հեշտ է հեղափոխական հռետորաբանություն կիրառելը, քան թե լուրջ թեմաներին անդրադառնալն ու լուծումներ առաջարկելը:

Ընտրողը (տվյալ դեպքում՝ կրճատվողների հսկայական բանակը) հերթական անգամ խաբվեց, բայց դա նաև խաբվողի մեղավորությունն է:

Ժողովորդավարությունը, որն ամբոխավարության քույրն է, բարդ ու ծանր բան է: Թվում է, թե հեշտ է ժողովրդավարությունը, բայց իրականում այն դժվար է և ինչպես Չերչիլն էր ասում՝ ընդամենը պետք է 5 րոպե զրուցել միջին ընտրողի հետ, որպեսզի հասկանաս, որ ժողովրդավարությունը և համընդհանուր ընտրական իրավունքն այնքան էլ լավ բան չեն, բայց դե ժողովրդավարությունից լավ բան դեռ չի հորինվել: Պետք է պարզապես կրթվել որպես քաղաքացի, որպեսզի իրականում դառնաս երկրի տերը, այլ ոչ թե ամբոխավարի գործիքը:

Հայկ Ուսունց

Հ.Գ.: Պետական աշխատողների կրճատումը և պատգամավորների քանակի ավելացումը կոնտրաստային պատկեր են ստեղծում: Մի կողմից Նիկոլի հետ չքայլածներն են, մյուս կողմից՝ քայլածները:

Ասում են, թե բա նախարարություններոը փակելով ուզում ենք պետական ծախսերը կրճատել, բայց իրենց շրջապատին դարձնում են պատգամավոր՝ հսկայական ծախսային բեռ ավելացնելով բյուջեի վրա: Սա ցինիզմ է և փարիսեցիություն:

Այս խորագրի վերջին նյութերը