Մեկնաբանություն

18.10.2018 12:20


Անցյալի բեռը ճնշում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Անցյալի բեռը ճնշում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը շարունակում է փոթորկել հեղափոխական ու ոչ այնքան հեղափոխական զանգվածների հոգիները:

Շատերն են տարակուսում, թե ինչպե՞ս կարելի է նախկին ռեժիմի կարկառուն ներկայացուցչին վստահել մի մարզ, որը ասպատակության էր ենթարկվել Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի կողմից, ով նաև ոստիկանության կույր ու համր ձևանալու արդյունքում էր դարձել այդ մարզի սարսափը:

Ու թեև Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները, վերադառնալով իրենց իսկ կողմից հռչակած ու երբեմն մոռացության մատնած «սիրո և հանդուրժողականության» կարգախոսին, փորձում են հիմնավորել այդ նշանակումը, միևնույն է կրքերը չեն հանդարտվում: Չեն հանդարտվում, քանի որ Նիկոլ Փաշինյանը նախկինում լրիվ այլ բաներ է ասել Հունան Պողոսյանի մասին ու լրիվ այլ տեսակետ ունեցել ոստիկանական համակարգի մասին:

Համացանցում այժմ ակտիվորեն պտտեցվում է այն տեսանյութը որտեղ Փաշինյանը պատմում է, թե ինչ է արել նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը Շանթ Հարությունյանի նկատմամբ (տե՛ս կից տեսանյութը):

Մարդիկ հարց են տալիս, թե արդյոք Փաշինյանը իր ո՞ր կարծիքն է ճիշտ համարում՝ Պողոսյանը «բեսպռեդելշիկ» ոստիկա՞ն է եղել ու հետևաբար պետք է իրավական դաշտում պատասխան տա, թե՞ Պողոսյանը «Նոր Հայաստանի» հեղափոխական առաջամարտիկ է և օրինակելի պաշտոնյա:

Հարկ է նկատել, որ անցյալի բեռը բազմիցս է ճնշել ու դեռ ճնշելու է ժողովրդի վարչապետ Փաշինյանին (այս փուլում՝ ժողովրդի վարչապետի պաշտոնակատար): Վիճակը չի փրկի անգամ նրա արտաքին տեսքի փոփոխությունը. անցյալը միշտ է կառավարելու Փաշինյանի ներկան ու կանխորոշելու նրա ապագան:

Ի՞նչ իմանար սիրված պատգամավոր Փաշինյանը, որ մի օր դառնալու է սիրված վարչապետ ու ստիպված է լինելու բախվել բազմաթիվ խնդիրների: Ի՞նչ իմանար Փաշինյանը, որ կուտակային համակարգին դեմ արտահայտվելով հետագայում կողմ է լինելու դրան: Ի՞նչ իմանար Փաշինյանը, որ իր իսկ կողմից քննադատված Հունան Պողոսյանին մի օր նշանակելու է «ժողովրդի մարզպետ»: Ի՞նչ իմանար Փաշինյանը, որ «ժողովրդի քաղաքապետ» է նշանակելու մեկին, ով դեմ էր խոսում տրանսպորտի թանկացմանը, բայց այսօր այլ բաներ է խոսում: Ի՞նչ իմանար Փաշինյանը, որ արագաչափերը փակելով Երևան է գալու ու հետո պահելու է այդ արագաչափերը: Ի՞նչ իմանար Փաշինյանը, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկ ներկայացնելուց հետո դառնալու է ԵԱՏՄ-ի մոլի երկրպագու: Ի՞նչ իմանար Փաշինյանը ...

Ինչպես հայտնի է, Փաշինյանը նախկինում սիրված պոպուլիստ էր և անում էր հայտարարություններ, որոնք այսօր բումերանգի պես վերադառնում են իրեն:

Պետությունն ու իշխանությունն այնպիսի բաներ են, որոնք ստիպում են ցանկացած իշխանավորի, այսպես ասած, «շողուլի» գալ և մտնել ռացիոնալ դաշտ: Բայց դրանից հետո սկսվում են խնդիրները ու արդեն չես կարողանում բացատրություններ գտնել: Հո չե՞ս ասելու, թե ես նախկինում սխալ էի ու հիմա ճիշտ: Եթե ասես էլ, ապա մարդկանց մոտ այլ հարցեր կառաջանան:

Միշտ էլ անցյալը «քաշում» է ներկային:

Օրինակ՝ եթե Ռուսաստանում իշխանության գա «քոքված» կոմունիստը, միևնույն է մարքսիզմ-լենինիզմը չի կարող վերահռչակվել որպես դոմինանտ գաղափարախոսություն, չի կարող վերացվել մասնավոր սեփականությունը, երշիկը չի դառնա 1 ռուբլի 20 կոպեկ և չի վերականգնվի ՍՍՀՄ-ը: «Քոքված» կոմունիստը, հակառակ իր նախկին հայտարարությունների, ստիպված է լինելու հաշվի նստել իրականության հետ ու արժանանալ իր «զոմբիների» դաժան քննադատությանը, որը հետագայում վերածվելու է ատելության:

Եթե նախկինում հայտարարել ես, որ թոշակներն ու աշխատավարձերը կարելի է շատ արագ բարձրացնել, ասենք, 20 անգամ, ապա գալով իշխանության հասկանում ես, որ դա հնարավոր չէ ու ստիպված ես «կռուտիտ» լինել, որպեսզի դուրս գաս նախկին հայտարարություններիդ տակից, բայց սպասումներ ունեցողներին դա չի հետաքրքրում, քանզի իրենց կախարդական փայտիկ է խոստացվել:

Կամ եթե նախկինում հայտարարել ես, որ ովքեր իշխանության մեջ են, նրանք սրիկաներ են ու հանցագործներ, իսկ այսօր ասում ես, որ նրանք հիմնականում լավն են ու քաջալերանքի արժանի, ապա միշտ էլ քեզ կարող են հիշեցնել նախկին ասածներդ ու մնաս քո իսկ «պրիյոմի» տակ:

Հատկապես ինտերնետի դարաշրջանում ամեն ինչ խոշորացույցի տակ է ու շատ հեշտ է անցյալը հիշեցնելը:

Ջորջ Օրուելն իր «1984» անտիուտոպիայում նկարագրում էր, թե ինչպես է «Ճշմարտության նախարարությունը» ամեն օր վերաշարադրում ու կեղծում պատմությունը և վերացնում նախկինում գրածները:

Բոլոր տոտալիտար իշխանության ձգտողներն այդ բանն անում են՝ խմբագրելով ու սրբագրելով սեփական անցյալը և նոր միֆեր մատուցելով: Հիմա դա անելը մի փոքր բարդացել է և դրա մեղավորներն են Ցուկերբերգը, «Գուգլ» որոնողական համակարգ ստեղծողները, «Յութուբի» հեղինակները և մյուս հակահեղափոխական սևերը, որոնք «նագլիաբար» պահում են ամեն ինչ ու թույլ չեն տալիս սպիտակներին հանգիստ ապրել:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը