Հարցազրույց

15.10.2018 13:55


Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Bloomberg-ին

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Bloomberg-ին

ՀՀ երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «Բլումբերգ» մեդիաընկերությանը՝ կրճատումներով: Տեքստը հայերեն թարգմանությամբ տրամադրել է պաշտոնաթող նախագահի գրասենյակը:

Գրասենյակի ղեկավարը 2rd.am-ին հաղորդել է, որ ներկայացվող հատվածները ոչ սկզբնաղբյուր ընկերության կայքում, ոչ էլ հայկական ԶԼՄ-ներում չեն հրապարակվել:

- Մեղադրանք առաջադրելուց հետո տված հարցազրույցներից մեկում Դուք ասացիք, որ զարմացած չեք մեղադրանքի համար։ Ինչո՞ւ չզարմացաք։

- Որովհետև տեղի ունեցող իրադարձությունների ողջ կոնտեքստը խոսում էր այն մասին, որ այդ մարդիկ, իշխանության գալով, անպայման կփորձեն իրենց գործունեության ընթացքում այդ հարցին տալ առաջնահերթ նշանակություն։ Դրանից առաջ խորհրդարանական լսումներ էին տեղի ունեցել, հայտարարություններ, մեկնաբանություններ էին անում այդ հարցով։ Ակնհայտ էր, որ նրանք քայլեր են ձեռնարկում։

- Նկատի ունեք, որ դա ինչ-որ վենդետա, անձնական հա՞րց է:

- Իհարկե: Հաշվի առեք, որ վարչապետը մարտիմեկյան իրադարձությունների գլխավոր մասնակիցներից մեկն էր, և ընդհանրապես, քաղաքական հաշիվներ մաքրելու և պատմությունն իր համար ավելի հարմար համատեքստում վերաշարադրելու փորձերում գլխավոր գործիչներից մեկը: Մոտիվացիան այստեղ ակնհայտ է։

- Դուք հետ եկաք՝ ի պատասխան մղվող պայքարի։ Ըստ էության՝ Դուք վերադարձաք քաղաքականություն։ Ինչո՞ւ վերադարձաք։

-Ասում են, որ նախագահներն ընդհանրապես քաղաքականությունից չեն հեռանում։ Ես վերջին տասնամյակում պասիվ եմ եղել, հանդես եմ եկել տարին մեկ-երկու անգամ՝ գործող իշխանությանն ուղղված քննադատությամբ, ելույթ եմ ունեցել միայն այն հարցերով, որոնք հասարակական մեծ արձագանք էին առաջացնում, և ես իմ պարտքն էի համարում արտահայտել իմ դիրքորոշումն այդ հարցերի շուրջ: Դա, այսպես ասած, քաղաքական պասիվ մասնակցություն էր։ Սակայն այն, ինչ սկսեց տեղի ունենալ (ս.թ. մայիսից. խմբ.), ինձ շատ էր անհանգստացնում, և այստեղ անձնական հարց դրված չէ: Հարցը պետք է դիտարկել առավել լայն համատեքստում։

-Ի՞նչ նկատի ունեք «լայն համատեքստ» ասելով։

-Ես Հայաստանի պետականության համար բավականին խնդրահարույց իրավիճակ եմ տեսնում` կապված այն փոփոխության հետ, հանուն որի ամեն ինչ սկսվեց մայիսին և ինչը փաստացի կատարվում է այժմ: Խնդրահարույց այն հարցով, որ այս ամենը տեղի է ունենում շատ մեծ էյֆորիայի ալիքի տակ, որն ունի դրական և բացասական կողմ։ Դրականը մարդկանց «ազատագրվելն է», այսպես՝ զանգվածայնորեն հանդես գալն ընդդեմ բացասական երևույթների, որոնք երկրում տեղի էին ունենում: Սակայն դրա հետ միաժամանակ սա քաղաքական ամբողջ հարթակի դեֆորմացիա է և իսկապես վտանգավոր իրավիճակ` նոր մենաշնորհային իշխանության ձևավորման համար։

Չեմ կարծում, որ իշխանական մի մենաշնորհի անցումը մյուս մենաշնորհին կարող է երկրի համար օգտակար լինել։ Ի վերջո, թավշյա հեղափոխության ողջ իմաստը քաղաքական մենաշնորհը կազմաքանդելու մեջ էր։

Ես համարեցի, որ այդ իրավիճակում պետք է ձայն բարձրացնել, պետք է խոսել սեփական հայացքների մասին, պետք է փորձել օգնել այն գործընթացին, որը դիմակայում է նոր քաղաքական մենաշնորհի ձևավորմանը։

-Արդյո՞ք դա նշանակում է, որ Ձեր նպատակն ակտիվ քաղաքականություն վերադառնալն է՝ ինչ-որ պաշտոն զբաղեցնելը, գուցե խորհրդարանում, գուցե որպես վարչապետ, կամ լինել ընդդիմադիր առաջնորդ՝ քաղաքական համակարգում որոշ հավասարակշռություն ապահովելու համար։

-Ես ցանկանում եմ օգնել այդ հավասարակշռության ակտիվ ձևավորմանը։

-Ինչպե՞ս։

- Դառնալ դրա մասնակիցը, առաջին հերթին՝ տեսակետներ արտահայտելով, երկրորդ՝ ակտիվ փոխգործակցությամբ այլ քաղաքական ուժերի հետ, օգտագործելով ամբողջ այն գործիքակազմը, որով, սովորաբար, մասնակցում են քաղաքական գործընթացներին։ Դա կարող է լինել և անձնական մասնակցություն, կարող է լինել համագործակցություն, կարող է լինել պարզապես ակտիվ դիրքորոշում Հայաստանի քաղաքական հարթակում, դիրքորոշում՝ հասարակությանը մտահոգող հարցերի և ընդհանուր իրավիճակի վերաբերյալ։ Այսինքն՝ այստեղ բավականին լայն շրջանակ է։

Ամենակարևորն ինձ համար այն էր, որ չի կարելի հեռու մնալ տեղի ունեցող իրադարձություններից։ Ինչ-որ պաշտոն զբաղեցնելը երբեք ինձ համար ինքնանպատակ չի եղել։ Ես անցել եմ ամենաբարձր պաշտոններով, որոնց մասին ցանկացած քաղաքական գործիչ կարող է երազել։ Եվ այս դեպքում դա ինձ համար ինչ-որ նոր, այսպես ասած՝ չտեսնված բան չէ, որին ձգտելու ուժգին ցանկություն լինի։

-Արդյո՞ք ինչ-որ անձնական զգացումներ ունեք պարոն Փաշինյանի հանդեպ։

- Պատկերացրեք՝ ես նրա հետ անգամ ծանոթ չեմ։ Ես նրա հետ երբեք չեմ հանդիպել, անձնապես նրան չեմ ճանաչում։ Հնարավոր է՝ նա եղել է ինչ-որ մամուլի ասուլիսների, բայց անգամ չեմ հիշում: Անձնական շփում մենք երբեք չենք ունեցել։

-Իսկ երբեք չե՞ք փորձել նրա հետ կապ հաստատել։

-Ոչ, երբեք։

-Նույնիսկ հիմա՞։

-Երբեք, այդ թվում՝ հիմա։

-Նա չի՞ փորձել կապվել Ձեզ հետ։

-Ես կարծում եմ՝ նրա մոտ ստեղծվել է անձնական ատելություն իմ անձի հանդեպ, և այդ ատելությունն այժմ արտահայտվում է տարբեր պետական ինստիտուտների գործունեության մեջ, առաջին հերթին՝ իրավապահ մարմինների։

-Ի՞նչ եք կարծում, այս ամենը ընդհանրապես և Ձեզ համար մասնավորապես ի՞նչ հանգուցալուծում կունենա:

- Բոլոր քաղաքագետները, վերլուծաբանները հասկանում են՝ որ գործող վարչապետը բավականին համոզիչ հաղթանակ կտանի (դեկտեմբերյան ընտրություններում – խմբ.) և, ամենայն հավանականությամբ, կձևավորվի միակուսակցական խորհրդարան՝ առանց արժանի կերպով ներկայացված ընդդիմության։ Դա կնշանակի, որ Հայաստանի պետականությունը մեծ խնդիրներ ունի։ Ի դեպ, մեր ամենամեծ հաջողությունները եղել են հենց այն ժամանակ, երբ խորհրդարանում կար խելամիտ տարանջատում, այսինքն՝ ոչ մի կուսակցություն չուներ խորհրդարանական մեծամասնություն, երբ ձևավորվել էին կոալիցիաներ, երբ բոլոր հարցերը քննարկվում էին այդ կոալիցիայի շրջանակում։ Խոհրդարանում միակուսակցական գերակշռության բոլոր դեպքերը Հայաստանի համար ցավալի ավարտ են ունեցել, և, ի դեպ, այն իշխանության փոփոխությամբ, որը գերակշռում էր խորհրդարանում։ Այդպիսին էր 90-ականների սկզբին, այդպիսին էր իրավիճակը վերջին տարիներին՝ թավշյա հեղափոխությունից առաջ։ Դրա համար էլ, կրկնում եմ, դեկտեմբերին ընտրությունները կլինեն Փաշինյանի անձնական տակտիկական հաղթանակը, բայց պարտություն մեր պետականության համար:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպե՞ս կավարտվի իմ պատմությունը։ Չէի ուզենա գուշակություններ անել: Գիտե՞ք, այսպիսի քաղաքական գերակշռության պայմաններում, որը կարող է ձևավորվել, չեմ կարող գործնականում կանխատեսել երկրի դատական համակարգի վրա իշխանության ճնշման աստիճանը: Սա աննորմալ իրավիճակ է:

Ասեմ նաև քրեական գործի մասով. ինչպես ասաց իմ փաստաբաններից մեկը, այդ քրեական գործի ամենամեծ քննչական գաղտնիքը գործում անհեթեթությունների աներևակայելի թվաքանակն է: Դա պարզապես իրավական աղբ է, և ես չեմ կասկածում, որ կոնկրետ այդ գործը պարզապես հեռանկար չունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Ես հույս ունեմ, որ Հայաստանի դատական համակարգում, չնայած գոյություն ունեցող ճնշմանը, ամեն դեպքում, կարող է արդարացի որոշում լինել:

-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ մարդիկ շատ հակասական կարծիք ունեն Ձեր մասին։ Շատ մարդիկ ատում են Ձեզ, իսկ շատերը՝ հարգում։ Ինչո՞ւ կա այսպիսի խիստ տարանջատում։ Չկա մեկը, ով անտարբեր է։

-Ես երբեք չեմ փորձել հաճելի լինել մարդկանց, երբեք պոպուլիզմով չեմ զբաղվել։ Մեր քաղաքացիներն էմոցիոնալ են, նրանք սիրում են, որ ղեկավարը ևս էմոցիոնալ լինի, մշտապես հաճելի բաներ ասի, ցույց տա իր զգացմունքայնությունը։

Խառնվածքով ես այլ եմ, շատ կոնկրետ եմ կառավարման մեջ, մի քիչ չոր, սակայն, ինչպես ցույց են տվել իմ նախագահության տարիները, որոշումներ կայացնելու, իրագործելու, հետևողական լինելու հարցում՝ արդյունավետ։ Ճգնաժամային իրավիճակներում ինձ միշտ հաջողվել է գտնել ճիշտ ելքեր: Բացատրությունը, կարծում եմ, հենց այստեղ է։

Մարդիկ չեն հերքում, որ իմ նախագահության տարիներին սկսել են շատ ավելի լավ ապրել: Սակայն, կրկնում եմ, ես երբեք քայլեր չեմ արել, որպեսզի պաշտելի լինեմ։ Եվ չեմ կարծում, որ դա պարտադիր բաղադրիչ է հաջողակ պետական գործչի համար:

Հարցազրույցը վարեց Թոնի Հալփինը

Bloomberg-ի հրապարակումը՝ այստեղ:

Այս խորագրի վերջին նյութերը