Մեկնաբանություն

14.10.2018 13:26


Ինչպես ամբոխի մեջ հայտնաբերել հակահեղափոխականին. մեթոդական ցուցում

Ինչպես ամբոխի մեջ հայտնաբերել հակահեղափոխականին. մեթոդական ցուցում

Նոր իշխանությունները պաշտպանվածության հսկայական պաշար ունեն: Հենց որևէ մեկը փորձի նրանց թույլ տված սխալներից խոսել, միշտ էլ կարող են հայտնվել հպարտ մարալիկցիները կամ «Չորս ոտքը լավ է, քան երկուսը» ոճի կարգախոս գոռացող դուխով քաղաքացիներն ու խլացնել քննադատական ձայնը:

Նոր իշխանությունների պաշտպանվածությանն օգնում է նաև հակահեղափոխական «բոբոն»: Միշտ էլ կարելի է հպարտ քաղաքացիներին վախեցնել, որ եթե նրանք այսինչ բանը չանեն կամ խոսեն սխալներից, ապա «բոբոն» կգա ու իրենց կտանի մութ անկյուն:

Իսկ ինչպե՞ս ամբոխի մեջ հայտնաբերել հակահեղափոխականին: Կան մի քանի մեթոդական ցուցումներ:

1.Հակահեղափոխականին գտնելու ամենահեշտ տարբերակը հետևյալն է. եթե որևէ մեկը քննադատում է նոր կառավարությանը (կապ չունի՝ հիմնավոր, թե անհիմն քննադատություն), ուրեմն հակահեղափոխական է: Ու նշանակություն չունի, որ այդ քննադատողը կարող է լինել մեկը, ով նախորդ ռեժիմի դեմ պայքարել է այն փուլում, երբ այսօրվա հեղափոխականները եղել են Սերժ Սարգսյանի հաճախորդները: Միշտ էլ կարելի է այդ հակահեղափոխականներին ասել «Ba ur eir Serji jamanak?» և թեման փակել:

2.Եթե որևէ մեկը հիշեցնի, որ տերտեր Նավասարդ Կճոյանը օրհնում էր նաև նախորդ իշխանությունների միջոցառումներն ու զուգահեռաբար զբաղվում կասկածելի գործերով, ապա նրան պետք է հռչակել հակահեղափոխական:

3.Հակահեղափոխական կլինեն բոլոր նրանք, ովքեր սպասվելիք հանրաքվեում դեմ կարտահայտվեն տրանսպորտի գնի թանկացմանը և կհիշեցնեն, որ քաղաքապետ Մարությանը, երբ դեռ կարգին Հայկո էր, պայքարում էր թանկացումների դեմ:

4.Ամբոխի մեջ հեշտ կլինի գտնել այն մարդուն, ով հակահեղափոխական է: Ընդամենը պետք է լսել, թե նա ինչպես է գնահատում Ջիբրալթարի ոչ այնքան հպարտ քաղաքացիներից կազմված ֆուտբոլի հավաքականից մեր հպարտներից կազմված հավաքականի պարտությունը սեփական հարկի տակ: Եթե դրական չես գնահատում այդ պարտությունը, ուրեմն հակահեղափոխական ես և որ ամենավատն է՝ նեմեցական:

5.Եթե մի իդիոտի կամ կասկածելի ծագում ունեցող մեկին նշանակում են բարձր պաշտոնի և որևէ մեկը բարձրացնում է տվյալ նշանակվածի բարոյական ցածր մակարդակի ու պրոֆեսիոնալ հատկանիշների բացակայության մասին հարցը, ուրեմն նա հակահեղափոխական է: «Hnery durd galis ein, aj kextoti meky»,- կարելի է ասել այդ հակահեղափոխականի հասցեին ու շեղել նորանշանակ հեղափոխական իդիոտի մասին քննարկումները:

6.Եթե ձեզ հետաքրքրում է, թե որտեղի՞ց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն այդքան փող, որ հեղափոխությունից անմիջապես հետո սնկի պես աճող գրասենյակներ է բացում ողջ հանրապետությունով մեկ և Երևանի ավագանու ճոխ քարոզարշավ անցկացնում, ապա ձեզ կարելի է շնորհավորել, քանզի դուք բռնվել եք հանցանք կատարելիս, որովհետև հակահեղափոխական հարցեր եք բարձրացնում:

7.Եթե դուք հիացած չեք Երևանի նոր քաղաքապետ Հայկ Մարությանով, եթե ձեր մոտ հարցեր են առաջացել դերասան Հովոյի պատգամավորական հեռանկարի թեմայով, եթե դուք տեսնում եք, որ նախորդ ռեժիմի համեմատ միայն ձևական, այլ ոչ թե բովանդակային փոփոխություններ կան, ապա զգուշացեք, քանզի ձեզ, ինչպես առաջնորդն էր ասում, նկարահանում է ԱԱԾ-ի թաքնված տեսախցիկը և դուք բացահայտվել եք որպես հակահեղափոխական:

8.Եթե ձեզ մոտ զարմանք է առաջացնում այն հանգամանքը, թե ինչու են իրավապահ մարմինները դարձել շատ կոնկրետ թերթին կից արտահաստիքային թղթակիցներ, ապա դուք հակահեղափոխական եք և ձեզ միշտ կարող են ասել, թե բա «inchi Serji vaxt cheir boxoqum»: Ի դեպ, լատինատառ հայերեն գրողների գրեթե 100 տոկոսը «Serji vaxt» հաստատ չի բողոքել:

9.Եթե որևէ մեկը հարց է տալիս, թե ինչու են իրավախախտումների պահով որևէ մեկի դեմ պետականորեն «շուխուռ» բարձրացնում, ցեխ շպրտում, հանրային կարծիք ձևավորում ու որոշ ժամանակ անց հերքում իրենց «շուխուռոտ» բացահայտումները, բայց արդեն առանց «շուխուռ», ապա այդ մեկը հաստատ հակահեղափոխական է:

10.Հակահեղափոխական են նաև նրանք, ովքեր չեն ցանկանում, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցուցակը ԱԺ արտահերթ ընտրություններում 90 տոկոսից ոչ պակաս քվե հավաքի:

Հակահեղափոխականներին պարզելու լիքը այլ մեթոդներ էլ կան, բայց առայժմ բավարարվենք այսքանով:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը