Մեկնաբանություն

25.02.2010 17:46


Եթե այսքան թույլ չգտնվեինք…

Եթե այսքան թույլ չգտնվեինք…

2009թ. օգոստոսի 31-ին նախաստորագրվեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» արձանագրությունները:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ինքնին, որը նախանշվեց Սերժ Սարգսյանի՝ Աբդուլլա Գյուլին արված հրավերով, բավական մեծ լարվածություն առաջացրեց թե՛ քաղաքական կյանքում, թե՛ հասարակության լայն շրջանակներում, թե՛ սփյուռքում։ Սփյուռքի արձագանքն արձանագրությունների վերաբերյալ ավելի սուր էր, քան հայրենիքում։ Դա ուներ իր օբյեկտիվ պատճառները։ Այսօր սփյուռքը բազմաշերտ և բազմատարր մարմին է, և թերևս Ցեղասպանության հարցն է, որ միավորում է սփյուռքի ջանքերը՝ դառնալով կոնսոլիդացիոն գործոն։ Եթե Հայաստանի Հանրապետությունում արձանագրություններին «ոչ» ասող ուժերը կենտրոնանում էին 3 կետերի վրա՝ առկա սահմանների ճանաչում, արցախյան հիմնախնդրի փոխկապակցում հայ-թուրքական գործընթացին, պատմական հարցերն ուսումնասիրող հանձնաժողով, ապա սփյուռքը մեծ մասամբ կենտրոնանում էր երրորդ կետի վրա, որն անուղղակիորեն նշանակում է պատմաբանների հանձնաժողովի ստեղծում, որտեղ քննարկվելու էր Ցեղասպանության հարցը։ Սակայն բացի հանձնաժողովից, հայ-թուրքական բուն հարաբերությունների կարգավորման գործընթացն արդեն իսկ բերել էր Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի անուղղակի կասեցմանը։ Հետևաբար, բնական էր Ցեղասպանության հետևանքով պատմականորեն ձևավորված սփյուռքահայության (սփյուռքի մեծ մասը կազմող)  արձագանքը։

Այս հարցում ևս նախաձեռնողական, ինչպես նաև աննախադեպ լինելու համար  նախագահ Սերժ Սարգսյանը որոշում կայացրեց արձանագրությունների վերաբերյալ խորհրդակցություններ անցկացնել նաև սփյուռքում՝ մեկնելով սփյուռքի խոշորագույն օջախներ՝ ԱՄն, Ֆրանսիա, Լիբանան, Ռուսաստան։ Վերոնշյալ բոլոր օջախներում Սերժ Սարգսյանին դիմավորեցին «Մի՛ դավաճանիր», «Ո՛չ հայ-թուրքական արձանագրություններին»  և այլ վանկարկումներով և պաստառներով, տեղի ունեցան բավական տգեղ միջադեպեր։ Սերժ Սարգսյանն իսկապես «աննախադեպ» նախագահի համբավ ձեռք բերեց, քանի որ, չնայած կլոր սեղանի շուրջ սփյուռքի հետ «բացատրական աշխատանքներին», հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ստորագրեց արձանագրությունները։ Այդ քայլով նա ևս մեկ անգամ ապացուցեց, որ սփյուռքն անտեսված է և լսելի չէ, համենայնդեպս, քաղաքական առումով։

Այսպիսով, մինչ արձանագրությունների ստորագրումը սփյուռքը բավական ակտիվ էր պայքարում դրանց դեմ։ Արձանագրությունների ստորագրվելուց հետո, սակայն, կարծես «թափն ընկավ»։

Ի՞նչ է այսօր անում սփյուռքը, ի՞նչ միջոցներ է գործի դնում, ի՞նչ մթնոլորտ է տիրում սփյուռքում։  Պայքարը վերջացա՞վ, հիասթափվա՞ծ է սփյուռքը, թե՞ ոչ։ Միգուցե հիասթափված է, սակայն, ինչպես սփյուռքի ներկայացուցիչ ծանոթներիցս մեկն է նշել, սփյուռքը կազմուպատրաստ սպասում է գործողությունների, ուղղակի չգիտի, թե ում ապավինի։ Այս հարցում սփյուռքն ու հայաստանյան ժողովուրդն իրարից այնքան էլ չեն տարբերվում։ Երկուսն էլ պայքարով լի են. բայց ինչպե՞ս պայքարել։ Չկա այն ուժը, որին կարելի է ապավինել։

-Եթե մենք՝ սփյուռքահայերս, այսքան թույլ չգտնվեինք անցած տարիների իրողության դիմաց, այսօր ներկա իշխանությունները չէին համարձակվի առանձին որևէ որոշում կայացնել, և եթե բոլորս՝ թե՛ ներսի, թե՛ դրսի հայերս, այսքան թույլ չգտնվեինք, մեր բոլորիս հայրենիքի հանդեպ ու մեր առօրյա կյանքում իրարով չզբաղվեինք և փորձեինք արտաքին քաղաքականության հատուկ ձև սովորել, այդ ժամանակ օտարը երբեք չէր համարձակվի մեզ հրամցնել այսպիսի մեծ կարկանդակ, այն մեզ պարտադրել հայ-թուրքական և արցախյան ճակատներում,- ասել է լիբանանահայ Թորոս Սեֆիլյանը։ Նա նշել է նաև, որ սփյուռքահայությունն այսօր խնդիրների լուծումը տեսնում է առաջին հերթին ներքին, համակարգային փոփոխությունների միջոցով, որոնցից առաջնայինն իշխանափոխությունն է։

Այսօր արձանագրությունները ՀՀ Ազգային ժողովում են։ Վերջինս կամ պետք է վավերացնի դրանք, կամ ոչ։

-Հուսով ենք, որ արձանագրությունները չեն վավերացվի, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ վավերացնելու են,- կարծիք է հայտնել Լիբանանի ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական միության ատենապետ Գոքոր Դեքիրմեջյանը։  

Նրա խոսքերով՝ լիբանանահայությունը պատրաստ է նորից ցույցեր և բողոքի ակցիաներ անցկացնել, որպեսզի արձանագրությունները չվավերացվեն։ Սակայն, չնայած պայքարելու պատրաստակամությանը, լիբանանահայությունն, այնուամենայնիվ, հիասթափված է. «Այդ զգացմունքը կա՝ անտեսվածության և մոռացվածության, նամանավանդ որ մենք ենք այդ արձանագրությունների տուժողները»,- ասել է նա։

Նրա խոսքերով՝ այս պահին միջոցառումներ նախատեսված չեն, սակայն հավանական է, որ եկող ամիս քննարկումներ սկսվեն։ Նա նշել է նաև, որ գոնե այս հարցում լիբանանահայությունը միասնական դիրքորոշում ունի։

Ի տարբերություն լիբանանահայության և ընդհանրապես սփյուռքի՝ հայաստանյան հասարակությունն այս հարցում էլ միասնական չէ։ Այդուհանդերձ, Հայաստանում Ազգային ժողովում արձանագրությունների վավերացման դեմ քայլեր են ձեռնարկելու և՛ ՀՅ Դաշնակցությունը, և՛ «Ժառանգություն» կուսակցությունը, և՛ այն բոլոր կուսակցությունները, որոնք միացել էին ՀՅԴ–ի նախաձեռնությանը։ Համենայնդեպս այդ ուժերը չեն հրաժարվել իրենց ասածներից։ Բայց այս ուժերի առումով խնդիրն այն է, որ նրանք խնդիր չեն դնում իշխանափոխության, այլ հիմնականում բավարարվում են «Ոչ»–ի գիծն առաջ տանելով, ինչը հնարավորություն չի տալիս հանրության լայն կոնսոլիդացիա ապահովել։

Իշխանափոխություն իրականացնելու դրոշն այսօր իր վրա չի վերցնում և մինչև 2012-ի ընտրություններն իր վրա չի վերցնի և ոչ մի կուսակցություն, այդ թվում նաև ՀԱԿ-ը, որի հետ հասարակության մի մասը ժամանակին հույսեր էր կապում, բայց որը կողմ է «ֆուտբոլային» դիվանագիտությանը։ Այս հարցում ոչ միայն սփյուռքը, այլև հայաստանցիները չեն կարող ապավինել որևէ ուժի։ Իշխանափոխությունը կարող է տեղի ունենալ այն պարագայում, եթե Հայաստանի իշխանությունը նախաձեռնողական քայլերի գնա նաև Արցախի հարցում։

Իշխանափոխության վտանգից խուսափելու համար իշխանությունն ինքնաթիռից հղված նամակների և կոալիցիոն մի շարք պատգամավորների հայտարարությունների (որ Հայաստանը պետք է Թուրքիայից շուտ վավերացնի արձանագրությունները) միջոցով «խաղն» ամբողջությամբ փորձում է տեղափոխել հայ-թուրքական հարաբերությունների կիսադաշտ։  

Թե ինչպես կզարգանան իրադարձությունները՝ պարզ կդառնա առաջիկա շաբաթների ընթացքում։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը