Կարծիք

18.02.2010 15:03


Աթենքյան առաջարկներ. Հայաստանը բարդ ընտրության առաջ

Աթենքյան առաջարկներ. Հայաստանը բարդ ընտրության առաջ

Ադրբեջանի արտգործնախարարն ընդհանուր առմամբ ընդունելի է համարել անցնող տարվա դեկտեմբերին Աթենքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած ղարաբաղյան կարգավորման նորացված սկզբունքները։ 1997 թ. ի վեր սա առաջին դեպքն է, երբ Բաքուն ընդունելի է համարում միջնորդների առաջարկը:

Հիմա հերթը Հայաստանինն է, իսկ Հայաստանը դժվար թե կարողանա «այո» ասել 2009-ի հուլիսին Կրակովում մշակված, ապա տարեվերջին Աթենքում և այս տարվա հունվարի 25-ին Սոչիում ներկայացված տարբերակին, քանի որ այն, ի տարբերություն 2007-ի Մադրիդյան առաջարկների ոչ միայն շատ աղոտ կերպով է հաշվի առնում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այլ հակամարտության հետևանքների վերացման հարցում Ադրբեջանին տալիս զգալի առավելություն:

Ադրբեջանը 1997-ից ի վեր մերժել է կամ համաձայնություն չի տվել կարգավորման բոլոր առաջարկներին, մերժել է նաև 2007-ին ներկայացված Մադրիդյան փաստաթուղթը: Եվ ահա ընդամենը երկու տարվա ընթացքում միջնորդները ներկայացնում են առաջարկներ, որոնք ընդունելի են լինում Ադրբեջանի և մերժելի' Հայաստանի համար: Միջնորդների առաջարկի մերժումը գին ունի: Եվ շատ կարևոր է, թե ով և ինչ հիմնավորմամբ է մերժում: Հատկապես, որ առաջարկները ծնվում են բանակցության արդյունքում, և ուրեմն առաջարկի բովանդակության համար հավասարապես պատասխանատու են բանակցող կողմերը:

Վերջին ամիսներին հայկական կողմի հայտարարությունները, ինչպես նաև նախագահ Սերժ Սարգսյանի լոնդոնյան ելույթը շեշտադրումների կտրուկ փոփոխություններ էին պարունակում, ինչը հավանաբար պայմանավորված է ղարաբաղյան հարցում Հայաստանի համար սպասվելիք ոչ հաճելի զարգացումներով: Տպավորություն էր ստեղծվում, թե նախագահ Սարգսյանը Լոնդոնից «ոչ» է ասում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին թարմացված առաջարկին:

Նախագահ Սարգսյանի լոնդոնյան ելույթը շեշտադրումների առումով շատ նման էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 1996թ. դեկտեմբերի Լիսաբոնի ելույթին: Միջազգային հանրությունը շվեյցարացիների գլխավորությամբ (այն ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահողը հենց Շվեյցարիան էր) ու թուրք-ռուս-ամերիկյան ճնշումների տակ փորձում էր լուծում պարտադրել, սակայն Հայաստանը մերժեց և բացատրեց, թե ինչու է անընդունելի միջազգային հանրության պարտադրանքը:

Անկասկած, նախագահ Սարգսյանը եւս ճիշտ է վարվում, եթե մերժում է ղարաբաղյան կարգավորման նորագույն' Աթենքյան առաջարկները, որոնք Սոչիում ընդունելի է համարել Ադրբեջանի նախագահը' չափազանց անհարմար վիճակ ստեղծելով Հայաստանի նախագահի համար: Այդ առաջարկները, որոնք անբարենպաստ են Լեռնային Ղարաբաղի համար, պետք է մերժել: Եվ ընդհանրապես, պետք է մերժել որևէ առաջարկ, եթե այն հստակ կերպով չի ապահովում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ մյուս կողմից' Ադրբեջանին տալիս տարածքներ ստանալու հեռանկար:

Անտրամաբանական է նախագահ Սարգսյանի Լոնդնի ելույթի մեկ այլ հատված, որով նա պատրաստակամություն է հայտնում Իլհամ Ալիևին ևս հրավիրել հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման արարողությանը: Շատերին կարող է թվալ, թե սա դիվանագիտական հնարք է: Իրականում, եթե Թուրքիան բացի սահմանը, ապա արարողությանը Գյուլի և Սարգսյանի հետ նաև Ալիևի մասնակցությունը կարող է նշանակել' սահմանի բացման դիմաց Հայաստանը զիջումեր է անում Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում:

Անհասկանալի ու վտանգավոր է Հայաստանի իշխանությունների' Թուրքիայի «հետևից ընկնելուե» այս մոլուցքը, ինչը դրսևորվեց Մեծ Բիրտանիայի ճանապարհին: Որքան մոտ լինի հայ-թուրքական սահմանի ապաշրջափակումը, այնքան իրական է դառնալու Լեռնային Ղարաբաղում հողային զիջումների գնալու վտանգը: Հայաստանը ուղղակի կարող է կանգնել մղձավանջային ընտրության առաջ, բայց դրա պատասխանատուն և մեղավորը բացառապես Հայաստանի գործող իշխանություններն են, որոնք մինչև վերջ էլ չեն գիտակցել (կամ չեն ուզում ընդունել), որ երկու գործընթացները կապված են միամյանց հետ: Որքան մոտ լինի հայ-թուրքական մերձեցումը, այնքան մոտ է լինելու Լեռնային Ղարաբաղում հող զիջելու և դրա դիմաց կարգավիճակի հարցում ոչինչ չստանալու' հայ ժողովրդի համար անընդունելի, Հայաստանի իշխանությունների համար վտանգավոր հեռանկարը:  

Թուրքերը բազմիցս ասել են, որ սահմանը չեն բացելու, իսկ Գյուլին ուղերձներ հղելով Հայաստանը հեշտացնում է Թուրքիայի գործերը: Գյուլի համար Հայաստանից ստացվող նման ուղերձները միայն ու միայն ծառայում են մի նպատակի' բարեհաջող հաղթահարել մեկ «Ապրիլի 24» ևս:

Թաթուլ Հակոբյան 

Civilitas հիմնադրամ

Այս խորագրի վերջին նյութերը