Քաղաքական

17.02.2010 16:52


Պատահակա՞ն չէր, որ Սերժ Սարգսյանը նախ խոսեց ԼՂՀ-ի, հետո նոր՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Պատահակա՞ն չէր, որ Սերժ Սարգսյանը նախ խոսեց ԼՂՀ-ի, հետո նոր՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Ընդամենը մեկ տարի առաջ (03.11.2009) ԵՊՀ փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մանասյանը հայտարարում էր.

-Հայկական դիվանագիտության հաղթանակ կարելի է համարել, որ մեզ հաջողվեց միջազգային հանրությանն ու Թուրքիային համոզել, որ այդ արձանագրություններն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ընդհանուր առմամբ կապ չունեն ղարաբաղյան խնդրի հետ, և առանձին գործընթացներ են։

Ավելին, երբ մեկ տարի հետո (13.01.2010) նրանից հետաքրքրվեցինք՝ շարունակո՞ւմ է մնալ նույն կարծիքին, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղի խնդիրը փոխկապակցված չեն, Ա. Մանասյանը պատասխանեց, թե համաձայն չէ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատճառով է վերջին շրջանում ակտիվացել ԼՂ-ի խնդրի հետ կապված գործընթացը։ Ավելին, նա հայտարարեց, որ Թուրքիան ցանկանում է այդ երկու հարցերն իրար կապել, սակայն առայժմ դա նրան չի հաջողվում.

-Թուրքն անընդհատ հոլովվում է այդ խնդիրը, և այս իմաստով կարծես թե հարցն ակտիվանում է, բայց եթե նայում ենք՝ իրականում ինչ է կատարվում, ապա կտեսնենք, որ գործընթացը գնում է իր հին տեմպով և տրամաբանությամբ։

Փոխարենն այսօր արդեն Ա. Մանասյանը ոչ միայն հայտարարում է, որ այդ երկու գործընթացները փոխկապակցված են, և ղարաբաղյան թեմայի մասին խոսելու համար պետք է խոսվի հայ-թուրքական հարաբերություններից, այլ նաև պնդում, որ Թուրքիային նույնիսկ ձեռնտու է, որ Հայաստանն այդ երկու խնդիրներն իրար չի կապում։

-Այն, որ մենք չենք կապում այդ երկու հարցերը, Թուրքիայի համար նույնիսկ ձեռնտու է։ Ինձ թվում է՝ նրանք դա դեռ կարգին չեն հասկանում, կամ լավ էլ գիտեն, բայց խաղ են խաղում։ Եթե մենք հանկարծ անդրադառնանք Ադրբեջանի հարցին, ապա այնտեղ ոչ միայն Ղարաբաղի խնդիրը պետք է բարձրանա, այլ նաև Նախիջևանի խնդիրը կարող է բարձրանալ, որովհետև այսօր Նախիջևանի վերաբերյալ կա գործող Կարսի պայմանագիր, որի ստորագրող կողմերից մեկը եղել է Թուրքիան, և մինչ օրս ուժը պահպանող այդ պայմանագրի համաձայն Նախիջևանը չի կարող դիտվել մերօրյա ադրբեջանական հանրապետության մաս։ Այնպես որ, եթե մի օր լրագրողները կամ մեր այլ քաղաքական գործիչներ, փորձագետներ, ովքեր այդ հնարավորությունն ունեն, գլխի գցեն թե՛ Բաքվին, թե՛ Անկարային, որ դա իրենց ձեռնտու չէ, որովհետև արդեն իրավական դաշտ են քաշում նաև Նախիջևանի խնդիրը, ապա գուցե նրանք ավելի հեշտ հաշտվեն այն մտքի հետ, որ ավելի լավ է սահմանափակել խնդիրը ՀՀ և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործով,- որպես իր այդ համոզման բացատրություն՝ այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այսպես ասաց Ա. Մանասյանը՝ հավելելով, որ երբ Հայաստանը ԼՂ-ի խնդիրը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն իրար հետ է կապում, դա պաշտոնական Թուրքիայի քաղաքականության վրա ազդելու և նաև հակազդելու միջոց է.

-Երբ դու Նախիջևանի անունը տալիս ես, Թուրքիան համաձայնվում է Ղարաբաղի մասին չխոսել և առանձին քննարկել։

Հենց այս համատեքստում է վերլուծաբանը դիտարկում օրեր առաջ Լոնդոնում ունեցած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, որում, Ա. Մանասյանի խոսքերով, ի տարբերություն նախկին ելույթների, առաջին անգամ բարձրաձայնվեց Նախիջևանի հարցը։ Վերլուծաբանը պատահական չի համարում նաև այն, որ Սերժ Սարգսյանն էլ իր ելույթը նախ սկսեց Լեռնային Ղարաբաղից, հետո նոր անցավ հայ-թուրքական հարաբերություններին։

Եթե Հայաստանին ձեռնտու է այդ երկու խնդիրների փոխկապակցումը, նշանակում է, որ հայաստանյան դիվանագետները մինչ այժմ տակտիկական սխա՞լ են թույլ տվել՝ պնդելով, որ այդ խնդիրները փոխկապակցված չեն, ավելին՝ դրանք իրար հետ կապելը սխալ է։ Մեր այս հարցին վերլուծաբանը հետևյալ պատասխանը տվեց.

-Եթե նպատակահարմար է, կարելի է չկապել, եթե նպատակահարմար է, կարելի է կապել։

Իսկ ինչո՞ւ է հենց հիմա նպատակահարմար, որ Սերժ Սարգսյանը Լոնդոնում Լեռնային Ղարաբաղի առնչությամբ, Ա. Մանասյանի խոսքերով, համոզիչ և իր խոսքի նկատմամբ վստահություն ներշնչող կեցվածքով ելույթ ունենար հատկապես այն դեպքում, երբ ընդամենը հունվարի 25-ին Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն արդեն համաձայնեցրել էին ԼՂ-ի խնդրի կարգավորման փաստաթղթի ներածական մասը։ Ա. Մանասյանն այստեղ ևս քաղաքական նպատակահարմարության խնդիր է տեսնում։

-Նախագահը գտնում է, որ նպատակահարմար է այս պահին հնչեցնել այդ գաղափարները,- նշեց Ա. Մանասյանը,- Թուրքիայում գործընթացներ են գնում, որոնց վրա մենք այս կամ այն կերպ պետք է ազդենք։ Եվ երկրորդ՝ պաշտոնական Թուրքիան, այնուամենայնիվ, խաղեր է խաղում և փորձում է բոլոր ամբիոններն օգտագործել ղարաբաղյան խնդրի հետ հարցը կապելու և Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խնդիրը դարձյալ Ցեղասպանության խնդրի հետ կապելու համար։ Իհարկե նպատակահարմար է, որ այնպիսի մի հեղինակավոր երկրում, ինչպիսին Անգլիան է, հնչեցվի այդ գաղափարը։

Ի դեպ, երբ «ֆուտբոլային» դիվանագիտությունը դեռ նոր էր նախաձեռնվել, և մի շարք վերլուծաբանների կողմից համատարած քարոզ էր իրականացվում, թե Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման գործընթացը բխում է Հայաստանի շահերից, հանրության շրջանում այդ քարոզիչներին բնութագրող ձևակերպում առաջ եկավ՝ պալատական վերլուծաբան։ Այսօր Ալեքսանդր Մանասյանից հետաքրքրվեցինք՝ իսկ ինքն իրեն պալատական վերլուծաբանների շարքին դասո՞ւմ է։

-Ես այնքան անկախ եմ, որ, փա՛ռք Աստծո, ողջ հանրությունն այդ մասին գիտի։ Ես՝ պալատակա՞ն...հիմա մի բան ասեմ...ես դժգոհ եմ լրագրողներից, դուք ինձ վիրավորում եք։ Չէ, բայց այսքան տարիների ընթացքում չեք տեսե՞լ, որ ես քննադատում եմ տարվող քաղաքականությունը,- պատասխանեց նա՝ եզրափակելով,- պալատում քննադատող՝ կարող է։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը