Քաղաքական

20.03.2009 14:18


Արամ Գասպարի Սարգսյան. «Մենք ոչ թե սուզվող նավի վրա ենք, այլ սուզանավում»

Արամ Գասպարի Սարգսյան. «Մենք ոչ թե սուզվող նավի վրա ենք, այլ սուզանավում»

Հանրապետության նախագահի հետ տնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով կուսակցությունների  ղեկավարների հանդիպումն անցնում է «փակ դռների ետևում»։ «7 օր»–ը փորձել է կուսակցապետերի կարծիքներին ծանոթանալ մինչև խորհրդակցության սկսվելը։

Հանրապետության նախագահի հետ ճգնաժամից դուրս գալու թեմայի շուրջ խոսելու եկած ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։ «7 օր»-ին նա ասաց, որ պետք է վերադառնալ խոշոր արդյունաբերության զարգացմանը, ինչպես եղել է Սովետական Հայաստանում, և ֆինանսական հոսքերը վերցնել վերահսկողության տակ։

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ ակնկալում է, որ հանրապետության նախագահի հետ հանդիպման ժամանակ «ոչ թե ականջով իրենց լսեն», այլ հասկանան, որ քաղաքական կուրսի մեջ անհրաժեշտ է փոփոխություններ կատարել։

-Մենք բոլորս ոչ թե մի նավում ենք, որի խորտակվելու ժամանակ ճարպիկները կարող են փրկվել, այլ՝ մի սուզանավում, որը եթե սուզվի, փրկություն չի լինի։ Օլիգարխների ստվերային կապիտալի չափը շատ բարձր է և, եթե լիներ իշխանություն, որը գողացված կապիտալը հետ բերելու քաղաքական կամք կունենար, ես կառաջարկեի, որ դրանով զբաղվեն, բայց, հաշվի առնելով, որ նրանք իշխանական համակարգի հետ սերտաճած են, դրա պատճառով կոռուպցիայի չափն ընդամենը կավելանա։ Նրանց ձեռքից զոռով վերցնելն իսկապես բարդ է, բայց կարծում եմ պետք է ստեղծել «տրաստֆոնդ» և պարտադրել նրանց իրենց ստվերային կապիտալի գոնե 40%-ը ներդնել այդ ֆոնդում։ Դրա հաշվին մենք կկարողանանք անտոկոս վարկավորել պետական հատուկ ծրագրերը,- ասաց Արամ Սարգսյանը։

Իսկ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ առաջարկում է պատրարստ լինել վատատեսական սցենարներին։

-Շատ հնարավոր է , որ մի պահ դրսից արտարժույթի ծավալների խիստ կրճատում լինի, ուստի թիվ մեկ հարցը առնվազն կարևորագույն ապրանքատեսակների մասով ինքնաբավության ապահովման խնդրի լուծումն է,- ասում է Արմեն Ռուստամյանը՝ առաջարկելով արտարժույթի սեփական աղբյուրներն ունենալ։

ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանն էլ եկել էր հարկային բեռը թեթևացնելու և ՀԴՄ-ների քաղաքականությունը մեղմելու առաջարկով, թեև «նախագահի հետ այսպիսի հանդիպումներից մեծ ակնկալիքներ չունի, դրանք ձևական բնույթ են կրում»։

Փոխարենը՝ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ողջունում է քաղաքական կուսակցությունների առաջնորդներին մեկ հարկի տակ մեկտեղելու հանրապետության նախագահի նախաձեռնությունը և կարծում, որ քննարկումների շրջանակը պետք է ընդլայնել։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը