Կարծիք

05.02.2010 09:47


Ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը

Ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ  հայտարարությանը

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Բուրաք Օզուրգերգինը հայտարարել է, թե Թուրքիան Մինսկի Խմբի անդամ է, և թե «ոչ ոք չի կարող իրենց ասել» ինչու են միջամտում ղարաբաղյան հակամարտությանը:

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը նշում է.

Մինսկի Խմբի մշտական անդամներ են հանդիսանում Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Ֆինլանդիան, Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը և ԵԱՀԿ Եռանախագահությունը: Սակայն, Մինսկի Խումբը, որպես այդպիսին, իրավասու չէ՝ միջամտելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Այսպես, 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ-ն (այդ ժամանակ' ԵԱՀԽ-ն) պահանջեց անհապաղ հրավիրել Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ կոնֆերանս: Այն պետք է տեղի ունենար Մինսկում, բայց տեղի չունեցավ:

1994 թվականի դեկտեմբերի 6-ին Բուդապեշտի գագաթաժողովը որոշեց հաստատել համանախագահություն' ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով: ԵԱՀԿ գործող նախագահը 1995 թվականի մարտի 23-ին, Բուդապեշտի գագաթաժողովի որոշման համաձայն, մանդատավորեց Մինսկի Գործընթացի Համանախագահությունը (ԵԱՀԿ փաստաթուղթ 525/95):

Մինչ օրս, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահությունն է ստանձնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդական առաքելությունը:

Այսպիսով, Թուրքիան իրավական որևէ հիմք չի կարող ունենալ' միջնորդելու, կամ միջամտելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջնորդ կողմ է հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահությունը, և ոչ թե ԵԱՀԿ Մինսկի Խումբը:

Իրավաքաղաքական մյուս կարևոր փաստը, որը բացառում է Անկարայի մասնակցությունը Ղարաբաղյան հարցի կարգավորմանը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության համատեքստում, Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն է' որպես օժանդակություն և հավատարմության նշան Ադրբեջանին:

1993 թվականից մինչ օրս շարունակվող Թուրքիայի շրջափակման քաղաքականությունը փաստում է Ադրբեջանի հանդեպ Անկարայի դեռևս անվերապահ աջակցության մասին:

Վահան Դիլանյան,

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ

Այս խորագրի վերջին նյութերը