Աշխարհ

02.02.2010 13:20


Դավութօղլու. «Մենք մերժում ենք Հայոց ցեղասպանության գաղափարը»

Դավութօղլու. «Մենք մերժում ենք Հայոց ցեղասպանության գաղափարը»

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հունվարի 29-ին ելույթ է ունեցել Լոնդոնի ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտում «Նոր համաշխարհային աշխարհաքաղաքականություն. ինչ է ներդնում Թուրքիան համաշխարհային խաղաղության և անվտանգության ոլորտներում որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ» թեմայով: Դավութօղլուի ելույթից հետո նրան շատ կարևոր հարց ուղղեց Եվրոպայի Հայկական Միությունների  Ֆորումի ներկայացուցիչ Տաթևիկ Գրիգորյանը:

Ըստ Դավութօղլուի Թուրքիան աշխատում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել բոլոր հարևանների հետ' ստեղծելով նոր քաղաքականություն Հարավային Կովկասում «զրո խնդիր հարևանների հետ» կարգախոսով: Նա նշեց, որ Հարավային Կովկասում կան սառը պատերազմներ, որոնց ուղղությամբ ակտիվ աշխատանքներ վարելու կարիք կա և այդ դերը իր վրա է վերցնում Թուրքիան: Որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ Թուրքիան իր վրա է վերցնում բոլոր հարևանների, այդ թվում նաև Հունաստանի և Հայաստանի հետ հարաբերությունները լավացնելու խնդիրը: Կոնկրետ հայ-թուրքական հարաբերությունների շուրջ նախարարը հայտարարել է, որ վերջին տարիների ընթացքում կատարվել են լուրջ աշխատանքներ և արդյունքում ստորագրվել են հայ-թուրքական արձանագրությունները: ԵՀՄՖ-ի ներկայացուցիչի կողմից հնչեց հետևյալ հարցը. «Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրություններում չկար որևէ նախապայման, չնայած Հայաստանը կարող էր և իրավունք ուներ որպես նախապայման առաջ քաշել 1915թ.-ի տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրիը: Հայաստանը դա չարեց: Հակառակ դրան Թուրքիան ոչ միայն սկսեց ձգձգել արձանագրությունների վավերացումը, այլև ինքը դրեց նախապայման, որը նույնիսկ վերաբերվում էր  երրորդ երկրին' Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղի խնդիրների հետ կապված: Ավելին, պատճառ բռնելով Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը, որը միայն հաստատում էր արձանագրությունների վավերացման օրինականությունը, Թուրքիան սկսեց կասեցնել արձանագրությունների վավերացման գործընթացը, չնայած ՍԴ-ի որոշումը չի կարող  իրականում արգելք հանսդիսանալ գործընթացը շարունակելու համար»:

Հարց. «Արդյոք Թուրքաին փոխել է իր դիրքորոշումը, թե անկեղծ չի եղել հենց սկզբից»:

Դավութօղլուն պատասխանեց, որ Թուրքիայի համար կարևոր է Հարավային Կովկասում անվտանգության ապահովումը և քաղաքական երկխոսության վարումը բոլոր երեք պետությունների հետ: Այդ նպատակով Թուրքիան ստորագրել է արձանագրությունները'  ներկայացնելով Թուրքիայի պառլամենտի հաստատմանը: Ստորագրումից հետո Դավութօղլուն արել է ամեն ինչ արձանագրությունները Թուրքիայի խորհրդարան ներկայացնելու և վավերացնլու  ուղղությամբ' չնայած բոլորովին պարտավոր չէր: Այսօր Թուրքիային մեղադրում են արձանագրությունների հաստատումը միտումնավոր ձգձգելու մեջ: Իրականում Թուրքիան ցանկություն ունի հարաբերություններ հաստատելու և աշխարհասփյուռ հայերի ու թուրքերի  միջև և Հայաստանի հետ: «Սակայն մենք մերժում ենք Հայոց ցեղասպանության գաղափարը», հայտարարեց Դավութօղլուն, նշելով որ «մեծաքանակ թուրքեր են զոհվել այդ ցեղասպանության տարիներին և բազմաթիվ թուրքեր են գաղթել Բալկաններից»: Նա հատկապես նշեց, որ «հայերը և թուրքերը դարեր շարունակ ապրել են կողք կողքի և ոչ ոք չի կարող հաստատել, որ մինչև 20-րդ դարի սկիզբը ունեցել են խնդիրներ: Հակառակ այլ ազգերի կողմից հակասեմիտական դրսևորումների, թուրքերը հակահայկական հայացքներ երբեք չեն ունեցել և հակահայկական քայլեր չեն արել: Ցանկալի է, որ հայերն ու թուրքերը կիսեն ոչ միայն ընդհանուր երգերը, ինչպես անում են այսօր, այլև ընդհանուր ցավը»: Ինչ վերաբերվում է նախապայմաններին, Դավութօղլին հատարարեց, որ Թուրքիան ցանկանում է հարցի ֆունդամենտալ լուծում, որպեսզի անվտանգություն հաստատվի ողջ տարածաշրջանում'  ներառյալ նաև Ադրբեջան- Լեռնային Ղարաբաղ հակամարտությունը: «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը օկուպացված է, և ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը համաձայն չեն ներկա իրավիճակի պահպանմանը, ու սա է պատճառը, որ Թուրքիան փոխել է արձանագրությունների վերաբերյալ իր վերաբերմունքը: Չնայած դրան, արձանագրությունները կարող են ստորագրվել, եթե իրականացվի վերոհիշյալ խնդրի լուծումը: Այդ ուղղությամբ Թուրքիան չի կորցնում իր հույսը»:

       Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորում

Այս խորագրի վերջին նյութերը