Կարծիք

30.01.2010 09:43


Ֆիլիպ Գորդոնի, Սահմանադրական դատարանի որոշման և օրինապաշտության մասին

Ֆիլիպ Գորդոնի, Սահմանադրական դատարանի որոշման  և օրինապաշտության մասին

Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Սահմանա­դրական դատարանի (ՍԴ) որոշումից (12.01.2010թ.) հետո նշյալ որոշման մասին բազմաթիվ կարծիքներ են հնչել: Կարծում եմ, ինչպես արդեն առիթ ունեցել եմ արտահայտվելու, որոշումը խիստ կաևոր էր: Թեև ինքնին որոշումը միջազգային իրավունքի առումով հարց չի լուծում, այսուհանդերձ, որոշման իրավա­կան դիրքորոշումը, որը պարտադիր է բոլորիս' այդ թվում օրենսդիր և գործադիր իշխանու­թյունների համար, լուրջ հիմքեր է ստեղծում արձանագրությունների հասցնելիք վնասը մեղմելու (damage control) համար: Ըստ այդմ, այսուհետ ամեն ինչ կախված է լինելու ՀՀ նախագահի և Ազգային ժողովի օրինապաշտության աստիճանից:

Այս ամենի մեջ խիստ հետաքրքրական է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի (Philip Gordon) հայտարարությունը. ՙԴատարանի որոշումը մենք դիտարկում ենք որպես դրական առաջքայլ' Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բնականոնացման արձանագրությունները վավերացնելու գործընթացի առումով: Դատարանի որոշումը թույլ է տալիս արձանագրությունները, ինչպես դրանք բանակցվել և ստորագրվել են, առաջ մղել դեպի խորհրդարանական վավերացում և չի թվում, որ [դատարանի որոշումը] որևէ բանով սահմանափակում կամ պայմանավորում է դրանքե: (We view the Court decision as a positive step forward in the ratification process of the normalization protocols between Turkey and Armenia. The court decision permits the protocols, as they were negotiated and signed, to move forward towards parliamentary ratification, and does not appear to limit or qualify them in any way.)

Կարծում եմ, որ այս պարբերության մեջ ամենակարևոր և նույնքան խնդրահարույց միտքը' ՙինչպես դրանք բանակցվել և ստորագրվել են՚ արտահայտությունն է: Խնդիրը հենց այն է, որ կողմերը միևնույն պարբերությունների, անգամ արտահայտությունների ու մինչևիսկ բառերի նկատմամբ չունեն նույնական ըմբռնում: Այդ ըմբռնումները հաճախ ոչ միայն էապես տարբեր են, այլև իրարամերժ: Բավական է համե­մատել ՀՀ նախագահի ու արտգործնախարարի և Թուրքիայի վարչապետի ու արտգործնախարարի արձանագրությունների միևնույն հարցերի մասին արտահայտած մտքերը, որ ակնհայտ լինի. չկա կողմե­րի միասնական ըմբռնում ընդգրկված հարցերի նկատմամբ, հետևաբար հնարավոր չէ ընդհանրացնել. ՙինչպես դրանք բանակցվել և ստորագրվել են՚:

Հենց այս առումով էլ խիստ կարևոր է ՀՀ ՍԴ-ի խնդրո առարկա որոշումը: Այն ոչ այլ ինչ է, եթե ոչ արձանագրությունների մեջ ներառված հարցերի հայկական կողմի իրավական ըմբռնումը' ՀՀ սահմանադրության և օրենքների, ինչպես նաև միջազգային իրավունքի հիման վրա:

Ես համաձայն եմ պրն Գորդոնի հետ' ՀՀ ՍԴ-ի որոշումը չի խոչընդոտում արձանագրությունների վա­վերացմանը: ՀՀ ՍԴ-ը որոշել է, որ արձանագրու­թյունների նպատակն ու առարկան (object and purpose), այն է դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումը, ինչպես նաև դրան­ցով ստանձնվող պարտավորությունները, չեն հակասում ՀՀ սահմադրությանը և օրենքնե­րին: Պարզա­պես ՍԴ-ը հստակեց­նում է հայկական կողմի դիրքորոշումն արձանագրությունների մեջ ներառված այլ հարցերի նկատմամբ և այդ հարցերի նկատմամբ հայկական կողմի ըմբռնումներին տալիս է իրավական ձևակերպումներ:

Այստեղ պարոն Գորդոնին պետք է հիշեցնել մի քանի հանգամանք: Առաջին. ՀՀ ՍԴ-ի որոշումը վերջ­նական և ուժի մեջ մտած դատավճիռ է: Երկրորդ. ՀՀ ՍԴ-ի որոշումը, ինչպես ամերիկացիների համար ԱՄՆ-ի ՍԴ-ի որոշումը, անսակարկ ու պարտադիր փաստաթուղթ է ՀՀ բոլոր քաղաքացիների համար' ներառյալ ՀՀ նախագահի և արտգործնախարարի, ինչպես նաև ԱԺ պատգամավորների: Երրորդ. ՍԴ-ի որոշումն ամբողջական փաստաթուղթ է, որտեղ իրավական դիրքորոշումն ունի նույնքան իրավական ուժ, որքան եզրափակիչ մասը:

Այսպիսով, առաջին հերթին հաշվի առնելով ՀՀ ՍԴ-ի մասին օրենքի պահանջը, ինչպես նաև ամերիկացիների դրական վերաբերմունքը ՀՀ ՍԴ-ի որոշման նկատմամբ, ՀՀ նախագահը պարտավոր է խնդրո առարկա արձանագրություններն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնել ՀՀ ՍԴ-ի իրավական դիրքորոշմամբ հանդերձ' դրանք արդեն իսկ որպես վերապահումներ ձևակերպած:

Հայաստանի Հանրապետության նախագահը պարտավոր է իր օրինակով մեզ բոլորիս ցույց տալ, որ հարգում է երկրի օրենքները: Ամերիկացիներն էլ պարտավոր են ցույց տալ, որ հարգում են օրենքներն ընդհանրապես և ոչ միայն ամերիկյանը:

Արա Պապյան

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար

Այս խորագրի վերջին նյութերը