Կարծիք

16.03.2009 19:48


Հայաստանը մարտահրավերների շեմին

Հայաստանը մարտահրավերների շեմին

Այսօր Հայաստանի ապագայի հեռանկարը մտահոգում է հասարակության ամենալայն շրջանակներին։ Երկրում առկա է քաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական խորը ճգնաժամ; Մարդիկ չեն հավատում ո'չ պետական հաստատություններին, ո'չ քաղաքական կուսակցություններին, ո'չ էլ մտավորական գործիչներին։ Ինչո՞ւ 1991 -ից, պետականության վերականգնումից 18 տարի անց, մենք ստիպված արձանագրում ենք, որ երկրի առաջընթացի տեսիլքը դարձել է շատ մշուշոտ:

 

Ի՞նչ է ցույց տալիս այլ երկրների փորձը

 

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ տոտալիտար կամ ավտորիտար համակարգից ժողովրդավարականին անցնելու համար անհրաժեշտ է, այսպես կոչված, «անցումային փուլ», որի ընթացքում դրվում են քաղաքացիական հասարակության, ազատական տնտեսության և քաղաքական ժողովրդավարության հիմքերը:

Անցումային փուլում լուծվող խնդիրներն են'

-         քաղաքական և դատական ինստիտուտների ստեղծումը,

-         անկախ մամուլի միջոցների ձևավորումը,

-         ազատական տնտեսության ինստիտուտների ձևավորումը,

-         նոր քաղաքակիրթ սեփականատերերի դասի ձևավորումը և նրանց միջև արդար և մրցակցային խաղի կանոնների հիմնումը,

-         փոքր և միջին բիզնեսի աջակցումով՝ հասարակության մեջ «միջին խավի» ձևավորումը,

-         արտահանման  ուղղվածություն ունեցող տնտեսության ոլորտների խրախուսումն ու աջակցումը, այդ թվում նաև ֆինանսարդյունաբերական խմբավորումների ստեղծման միջոցով, որպեսզի երկիրը կարողանա ավելի շատ արտահանել,

-         ազգային դրամի ցածր փոխարժեքի պահպանումը, որպեսզի երկրից արտահանվող ապրանքները մրցունակ լինեն արտերկրի շուկաներում,

-         էժան աշխատանքի շուկայի ձևավորումը, որպեսզի երկրից արտահանվող ապրանքների ինքնարժեքը ցածր լինի և բնականաբար, մրցունակ լինի արտերկրի շուկաներում:

Բոլոր այն երկրները, որոնք այսօր համարվում են զարգացած ժողովրդավարություններ, իրենց անցումային փուլում լուծել են հենց նշված խնդիրները: Ընդորում, այդ երկրների մի մասը իրենց անցումային փուլն անցել են ավտորիտար ռազմական ռեժիմների, իսկ մյուս մասը՝ երկկուսակցության կամ մեկուկեսկուսակցական կիսաժողովրդավարական ռեժիմների միջոցով:

 

Ի՞նչ համակարգ է հաստատված այսօր Հայաստանում

 

Ներկայումս Հայաստանում հաստատված է բրգաձև տեսք ունեցող խմբիշխանություն, որն իր մեջ ձևավորել է փոքր օլիգարխիկ նոմենկլատուրա և վերջիններս զբաղված են սկզբնական կապիտալի կուտակմամբ' հանրային ռեսուրսների հաշվին, և որին օրգանապես հակացուցված են

  1. ազատական, մրցակցային դաշտի ձևավորումը, առանց որի չի ձևավորվի ո՛չ քաղաքակիրթ սեփականատերերի խավ, ո՛չ էլ փոքր ու միջին բիզնեսի շերտ, որը պետք է ժողովրդավարական համակարգի հիմնական սոցիալակն հենարանը հանդիսանար,
  2. ժողովրդավարական քաղաքական համակարգի ձևավորումը' իր ընտրության ինստիտուտներով,
  3. անկախ դատական համակարգի ստեղծումը:

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում վարվող դրամավարկային քաղաքականությունը ուղղակի ոչնչացրեց դեպի արտահանող ուղղվածություն ունեցող բիզնես ոլորտների խրախուսումը։ Արդյունքում մենք այսօր ունենք թույլ, հիմնականում ներկրվող բազա ունեցող տնտեսական համակարգ: Փաստացի երկիրն  ապրել է դրսի տրանսֆերտների հաշվին:

Այսպիսով, Հայաստանի կլանաօլիգարխիկ համակարգի կառուցվածքը հուշում է, որ Հայաստանում անցումային փուլը ոչ միայն վերջ չունի, քանզի չեն լուծվում այդ փուլում դրված խնդիրները, այլ իր մեջ դրված է ինքնաոչնչացման ծրագիր: Իսկ այժմյան միջազգային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը ուղղակի արագացնում է այս գործընթացը:

2008-ի նախագահական ընտրություններից հետո ստեղծված  իշխանությունների գործունեությունը ցույց տվեց, որ «վերևում» ուրվագծվում է ոչ թե այս համակարգի բարեփոխում, այլ կլանաօլիգարխիկ նոմենկլատուրայի կրճատում և կենտրոնացում  ավելի նեղ շրջապատի ձեռքում: Իսկ այդ նպատակին հասնելու համար կիրառվում են հետևյալ մեթոդները.

1.      Վարվում է մեծ բյուջե ունենալու քաղաքականություն՝ օգտագործելով սոցիալ-պոպուլիստական կարգախոսները  (թոշակների և աշխատավարձերի բարձրացում և այլն):

2.      Ընդանում է պայքար փոքր և միջին բիզնեսի դեմ' օգտագործելով ՀԴՄ-ացման և  լոտոյամանիայի շոուները: Այստեղ փոքր բիզնեսի եկամուտները վերաբաշխվում են ի օգուտ պետբյուջեի։

3.      Պատրաստվում է արշավ խոշոր բիզնեսի ներկայացուցիչների դեմ' նպատակ ունենալով վերաբաշխել նրանց սեփականությունն ի օգուտ ավելի նեղ իշխանական  շրջանակի:Այստեղ օգտագործվում են ստվերային տնտեսության դեմ պայքարի դեմագոգիկ կարգախոսները:

Վերջաբան

Այսպիսով, 1993թ -ից մինչև 2009թ. ձևավորված և կայացած կլանաօլիգարխիկ համակարգը թույլ չտվեց, որ մեր երկիրը անցներ իր անցումային փուլը և դառնար գոնե միջին կարգի զարգացած երկիր: Եթե այլ երկրների համար դա կհամարվեր ժամանակավոր ձախողում, ապա Հայաստանի համար դա կարող է ունենալ ճակատագրական նշանակություն, քանզի մենք ունենք չլուծված ազգային անվտանգության հարցեր, որոնց լրջության աստիճանը չի գիտակցում մեր պետական և քաղաքական վերնախավի  մեծամասնությունը:

ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆ

քաղաքագետ

Այս խորագրի վերջին նյութերը