Բանավեճ

20.12.2009 19:46


«Ամփոփելով 2009-ի տնտեսական տարին»

«Ամփոփելով 2009-ի տնտեսական տարին»

«7օր»-ը հյուրընկալել է «AVAG Solutions» խորհրդատվական ընկերության գլխավոր խորհրդական, ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանին և ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին։

-Ինչպե՞ս կգնահատեք 2009թ. տնտեսական տարին։

Արծվիկ Մինասյան-2009-ը սկսվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի՝ Հայաստանի վրա ազդեցության կառավարության մերժումներով, ավարտվեց նրանով, որ կառավարությունը խորապես գիտակցեց, որ չափազանց սխալվել է, և այդ սխալի հետ միասին, այնուամենայնիվ, դաս չի քաղել։ Եթե դիտարկելու լինենք տնտեսական ցուցանիշները և նաև ազգաբնակչության կենսամակարդակը, ապա 2009-ին Հայաստանն արձանագրել է մի շարք այնպիսի վատ ցուցանիշներ, որ նախորդ 9 տարիներին չէր արձանագրել։ Ինչպես վկայում են Համաշխարհային բանկի վերլուծության տվյալները, 2009 թվականին նախորդ տարիների մի շարք ձեռքբերումներ հետընթաց են արձանագրել, այդ թվում՝ ծայրահեղ աղքատության մակարդակի գծով, նաև մենաշնորհների չափազանց բարձր աստիճանով։ Հայաստանի անառողջ տնտեսությունն առավել ցայտուն դրսևորվեց 2009թ. ընթացքում (վկայությունն այն բանի, որ մենք իսկապես չունենք մրցակցային տնտեսություն, պրոֆեսիոնալ կառավարման համակարգ), հստակությամբ ամրագրվեց այս տարում, և 2009-ը կարող ենք եզրափակել որպես տնտեսական առումով անհաջող տարի։

-Նախատեսված 9,2 տոկոս տնտեսական աճի փոխարեն այս տարվա առաջին 10 ամիսներին ունեցանք շուրջ 17,5 տոկոս տնտեսական անկում, չկատարվեց բյուջեի ծախսային մասը, ըստ էության, սեկվեստր ունեցանք։ Արդյոք միայն միջազգային տնտեսական ճգնաժամո՞վ էր պայմանավորված այս ամենը, ինչպես փորձում է ներկայացնել կառավարությունը, թե՞ ներքին պատճառներն էին գերակայող։

Լևոն Բարխուդարյան- Ճգնաժամն ավելի սրեց այն, ինչ չունենք մեր տնտեսության մեջ։ Իսկ չունենք հստակ արտահանում և կայուն եկամտի աղբյուրներ։ Վերջին 5-6 տարիների փոխարժեքի   արհեստական արժեվորման քաղաքականությունը հստակ տվեց իր բացասական պտուղները։ Մինչև ճգնաժամն էլ արտահանում չունեինք, խրախուսում էինք ներկրումը, ներկրողները գերշահույթներ էին ստանում, արտահանողներն էլ ընկնում էին ծանր վիճակի մեջ։ Եկամուտները երկրում ընկան ոչ միայն բացարձակ թվերով, այլ նաև ՀՆԱ-ի նկատմամբ, որը առավել անհանգստացնող է։ Հիմնական պատճառն այն է, որ շատ մեծ է հարկային եկամուտների կախվածությունը ներկրման ծավալներից: Այսպես, ներկրումները կրճատվել են 30 տոկոսով, ՀՆԱ-ն՝ 17.5 տոկոսով, որով և բացատրվում է անուղղակի հարկերի առաջանցիկ տեմպերով անկումը։  Եթե ամփոփենք անցնող տարին, ապա այն անսպասելի ծանր ճգնաժամի և դրա դեմ մաքառումների տարի էր։

-Այդ մաքառումը որևէ արդյունք տվե՞ց։

Լ.Բ.-Ո՛չ այնքան որքան կարող էինք ակընկալել։ Ես համամիտ եմ, որ վարչապետն ասում է, թե ճգնաժամի ժամանակ ընդլայնողական քաղաքականություն պետք է վարվի։ Բայց լայն առումով քաղաքականությունն ընդլայնողական չէր, որովհետև հսկայական միջոցներ ներդնելով՝ 180 մլն դրամով ավելացնելով բյուջեի դեֆիցիտը, մենք էլի ծախսեցինք պակաս, քան նախատեսել էինք 2009-ին։ Սա ընդլայնողականություն չէ։ Եթե ավելին ծախսեինք, դա բառի բուն իմաստով կլիներ ընդլայնողական։ Քաղաքականությունն ավելի ճիշտ եղավ կոմպենսացնող՝ որոշ չափով պահելով ֆիսկալ կայունություն, որպեսզի ճգնաժամի հետևանքները մեղմվեն։

-Այսինքն, եթե այս քաղաքականությունը չլիներ, 17,5 տոկոսից ավելի վա՞տ կլիներ։

Լ. Բ.-Իհարկե՛։ Մենք ծախսել ենք մոտավորապես 280 մլրդ դրամ գումար, որը դրսից է բերվել։ Եթե դա չծախսվեր, վիճակն ավելի վատ կլիներ։ Մոտ 100 մլրդ գումար տրվել է բանկերին, մասնավոր բիզնեսին փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցման համար։ Հետևելով այն որոշումներին, որ կառավարությունն իրականացրեց ռուսական վարկը ներգրավելով՝ դա էլ պետք է ներառենք, որովհետև դրանք ներարկումներ էին տնտեսության մեջ, որպեսզի ծանր վիճակում հայտնված բիզնեսներն սկսեն աշխատել։ Իհարկե, ես այն կարծիքին եմ, որ պետք է ոչ թե առաջարկը խթանել, այլ պահանջարկը։

-Դրամի արհեստական արժեզրկման անմիջական պատասխանատուն այսօրվա վարչապետն է։ Կենտրոնական բանկի այդ քաղաքականությունն, ըստ էության, խրախուսվեց իշխանությունների կողմից, և Կենտրոնական բանկի ղեկավարը, որ այդ քաղաքականության անմիջական պատասխանատուն էր, նշանակվեց կառավարության ղեկավար։ Այդ առումով կառավարության ղեկավարի գործունեությանն ինչպիսի՞ գնահատական կտաք։

Լ. Բ.-Այստեղ ես մի վերապահում ունեմ։ Կենտրոնական բանկին մեղադրելու հիմքերն այդքան մեծ չեն։ Հայաստանում, դրամի արժեվորմանը զուգընթաց, գներն սկսեցին բարձրանալ։ Կենտրոնական բանկի գործիքներից մեկը չաշխատեց։ Փորձեցին, չաշխատեց։

-Հասկանալի է։ Վարչապետի նախորդ մեկ տարվա գնահատականը։

Լ.Բ. - Վարչապետի ցանկությունները և այն փաստաթղթերը, որ վարչապետն սկսում է առաջարկել, ճիշտ ուղղությամբ են գնում։ Ինչքանո՞վ է դա հաջողվում անել՝ մեծ հարց է։

Ա.Մ.-Ես արդեն ասել եմ, որ կառավարության գործունեությունը, այդ թվում նաև վարչապետի գործունեությունը հինգ բալանոց սանդղակում երկու եմ գնահատում և նույնիսկ ավելի ցածր էլ, որովհետև  հրապարակային, պետական, այս վերջերս էլ նաև քաղաքական գործիչն իրավունք չունի հայտարարել մի բան, բայց իրականացնել ճիշտ հակառակը։ Վերցնենք նույն ,հակաճգնաժամային միջոցառումներե կոչվածը, որը հետագայում սահուն ձևով ձևակերպվեց իբրև հակաճգնաժամային ծրագիր ու նայենք, թե կառավարությունն ինչեր էր տեսնում և ինչ գործիքներ էր օգտագործում այդ նպատակներին հասնելու համար։ Հիշեցնեմ, որ այդ նպատակները երեքն էին հայտարարված՝ մակրոտնտեսական կայունության ապահովում, ֆինանսական կայունության ապահովում, լրացուցիչ խթանների բացահայտում, որը պետք է ապահովեր սպառման ծավալների մեծացում, աշխատատեղերի ստեղծում և ազգաբնակչության եկամուտների աճ։ Հիմա դիտարկենք գործիքակազմը, որն օգտագործվեց, և տեսնենք՝ արդյոք հասա՞վ այս նպատակներին, թե՞ ոչ։ Գործիքակազմից առաջինը հայտարարվեց համախառն պահանջարկի խրախուսման քաղաքականություն, և հետագայում նորից սահուն կերպով ձևակերպեցին, որ խոսքը համախառն առաջարկի, համախառն պահանջարկի համակցված քաղաքականության մասին է, բայց գործիքակազմը, որ ընտրվեց նույն շինարարության աջակցության ոլորտում, ոչ թե ոլորտն աջակցվեց, այլ սուբյեկտային քաղաքականություն տարվեց, այսինքն՝ աջակցվեց կառուցապատողներին, այն էլ՝ ընտրաբար կառուցապատողներին՝ առանց հաշվի առնելու, որ դիմացը պահանջարկ չկա, որովհետև նույն արտաքին տրանսֆերտների 30%-ից ավելի կրճատման պայմաններում, երբ ազգաբնակչությունը չունի եկամուտ, որ ներկայացնի պահանջարկ և բնակարան գնի։ Ստացվում է՝ ստեղծում ես նույնիսկ արհեստական բնակարանային ֆոնդ, որն, ընդ որում, ոչ թե միջին խավի համար է, որը, ցավոք, Հայաստանում ձևավորված էլ չէ, այլ էլիտար բնակարանային ֆոնդ, որի դիմաց ակնհայտ է, որ ազգաբնակչությունը չի կարող պահանջարկ ներկայացնել մի կողմից, մյուս կողմից էլ մեր շատ հայրենակիցներ, այդ թվում նաև սփյուռքահայերը, որոնք ներկայացնում էին որոշակի պահանջարկ, ելնելով տնտեսական ճգնաժամի սպասվող բացասական ազդեցությունններից, անցան խնայողության ռեժիմի և սկսեցին այդ ուղղությամբ այլևս գումարներ չներդնել։

-Կառավարությունն ասում է, դրա համար էլ հիպոթեկային համակարգն ենք խրախուսում։

Ա.Մ. -Շատ լավ, հիմա վերցնենք հիպոթեկայինը։ Դրա ժամանակ ձևավորվեց ազգային հիպոթեկային հիմնադրամը, որը 7%-ով վարկավորում է բանկերին, որ բանկերը կարողանան վարկավորել ազգաբնակչությանը և այն կառույցներին, ովքեր պահանջարկ պետք է ներկայացնեն։ Բանկերի ամենացածր տոկոսադրույքը 13% է։ Խոսակցություն կա, որ ցանկանում են իջեցնել մինչև 12%, բայց նույնիսկ այդ տոկոսադրույքի պայմաններում, երբ չկա բնակչության եկամուտների աճ, ավելին՝ եկամուտների անկում է արձանագրվել, հնարավոր չէ խրախուսել սպառողական ծախսերը կամ այս դեպքում առանձին, նաև ներդրումային ոլորտները։ Արդյունքում մենք գործ ունենք ընդամենը բերված միջոցների անարդյունավետ օգտագործման փաստի հետ, որովհետև այդքան վարկային ռեսուրսներ ներգրավելով (հիշեցնեմ, որ 1,5 մլրդ դոլարի չափ 2009թ. ընթացքում կառավարությունը ներգրավել է արտաքին պարտքի տեսքով) արդյունքները հեռու են բավարար լինելուց։ Բերեմ մի օրինակ՝ բերված ռեսուրսները մեծ մասամբ ուղղորդվել են բանկեր։ Երբ այսօր դիտարկում ենք բանկերի վարկային պորտֆելը համախառն ներքին արդյունքում, կազմում է ընդամենը 17%, երբ միայն 1,3 մլրդ դոլարի ներգրավումը, ավանդների կշիռը(ՀՆԱ 12%), և բանկերի մասնակիցների կողնից բանկային կապիտալի կատարած համալրումներն արդեն մի քանի անգամ ավելի բարձր են քան 17%-ը։ Կառավարության ներկայացուցիչները հաճախ ասում են, թե իբր 2010թ. ընթացքում մենք պահում ենք եկամուտների նույն մակարդակը, աբսուրդ է։ Անվանական աշխատավարձերը կամ կենսաթոշակները, նպաստները պահելը դեռևս չի նշանակում նույն մակարդակի պահել եկամուտները, որովհետև բնական ինֆլյացիա կա, աճ կա....

-...թաքնված եկամուտների կրճատում կա՝ տրանսֆերտների կրճատման դրսևորումով։

Ա.Մ. -Այո՛, թաքնված եկամուտների կրճատում կա։ Հիմա մյուս կարևոր հանգամանքը գնաճի հետ կապված։ Պարոն Բարխուդարյանն ասաց՝ այն գործիքը, որը կիրառվում է Սահմանադրությամբ Կենտրոնական բանկի կողմից։ Բայց ակնհայտ է, որ չենք կարող արդյունքներ ունենալ, ու պատահական չէ, որ փորձագիտական տվյալներով՝ չորրորդ եռամսյակում գնաճը 9%-ց ավելի է։ Իսկ Կենտրոնական բանկը հիմա արհեստականորեն միջամտելով արտարժույթային շուկային՝ փորձելու է բերել նրան, որ հայտարարված տարեկան կտրվածքով գնաճի թիրախին հասնի՝ 5-5,5%։

-Այսինքն, այս վերջին օրերի դոլարի և դրամի՝ տարադրամային շուկայում տեղի ունեցող  տատանումները դրանո՞վ եք պայմանավորում։ Կուզենայի նաև հիշեցնել Տիգրան Սարգսյանի կոչը, թե դրամով պահեք ձեր խնայողությունները։

Ա.Մ. -Իհարկե, ես միանշանակ դրանով եմ պայմանավորում։ Եկեք դիտարկենք դինամիկան։ Նման ակտիվ միջամտություն ԿԲ-ն ցուցաբերեց՝ առաջին եռամսյակի ավարտով պայմանավորված, մարտի 3-ին կտրուկ թողնելով, հետո ամռանը և աշնանը թողեց ինքնուրույն տատանումներ։ Հիմա, քանի որ ինքն ունի նաև խնդիր՝ ցույց տալու, որ գնաճը գտնվում է իր սահմանված թիրախի՝ 4 +, - 1,5% շրջանակներում, նա արհեստականորեն միջամտելու է շուկային։ Որպեսզի անվանական առումով ցուցանիշները բերի ցույց տա, բայց իրականում ազգաբնակչության կենսամակարդակն անկում է ապրում։

Լ.Բ. -Ես սա, ճիշտն ասած, մի քիչ օբյեկտիվորեն եմ բացատրում։ Ինչքա՞ն են հիմա դրսից գումար ուղարկում Նոր տարվա հետ կապված։  Կենտրոնական բանկը կարծեմ 5մլն-ի չափ գնել էր շուկայից, որ այդ անկումն ավելի գահավիժող չլինի։ Ինչ կապված է առաջին եռամսյակի կամ մինչ այդ ընկած ժամանակահատվածի հետ, ապա համաձայն եմ Ձեզ հետ։

Ա.Մ. -Բայց պարո՛ն Բարխուդարյան, մենք նախորդ տարիների փորձերն էլ ունենք։ Արժեվորման նման տատանումներ մենք չենք ունեցել, և եթե ելնում ենք այն թեզից, որ նորից մեր ազգաբնակչության բարեկամները դրսում ստացած գումարներով փորձում են օգնել այստեղ Նոր տարվա առևտուր կազմակերպելու համար, վերցնենք, նախորդ տարիներն էլ նայենք։ Նման տատանումներ չեն եղել։

Լ.Բ. -Չէ, նախորդ տարիներին շատ ավելի հավասարաչափ էին, բայց  նախորդ տարիները չափանիշ չեն, մանավանդ 2007-ը և 2008-ը։ Այդ ժամանակ կուրսն, ըստ էության, ֆիքսված էր։ Դա էր պատճառը, որ վախենալով մեծ փլուզումից՝ Կենտրոնական բանկն ահագին գումար ստերիլիզացրեց (իմ հաշվարկներով՝ 120 մլրդ), որ փլուզում չլինի, որովհետև եթե լողացող կուրսի քաղաքականություն լիներ, այդպիսի սպասվող ռեակցիա ժողովրդի կողմից չէր լինի, իրենք կհասկանային, մինչդեռ  ֆիքսվածի դեպքում փոփոխությունները նաև հոգեբանորեն են բարձրացնում փլուզման վտանգը։ Եթե հիշում եք, հունվարի սկզբից արժեզրկվեց ռուսական ռուբլին, և շատ ընկերություններ մասսայաբար այստեղից դոլար էին արտահանում ու այնտեղ վաճառում, և դրանով շահում էին։ Դա էլ պետք է հաշվի առնել, բայց այնուամենայնիվ փլուզումից կարողացանք խուսափել։

Ա.Մ. -Բայց մի բան էլ ճշտենք նաև որպես տնտեսագետներ։ Ակնհայտ է, որ ազատ լողացող կուրսի քաղաքականություն, բնականաբար, չի կարող իրականացվել մեր տիպի երկրներում։ Այսինքն, կարգավորվող լողացողի միջամտության աստիճանի մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է վարչապետի ,խնայողությունները պահեք դրամովե արտահայտությանը, վերցնենք նույն կառավարության ուղերձում բերված ցուցանիշը՝ Հայաստանում 22,7%-ով աճել է դոլարայնացման աստիճանը։ Սա՛ է մեր կառավարության, մեր իշխանության դրական ազդակի հետևանքը։ Ակնհայտորեն երևում է, որ հասարակությունը չի վստահում նրանց քաղաքականությանը, որն արտահայտվում է ազգային արժույթի նկատմամբ նման վերաբերմունքով։ Սա ինչի՞ մասին է խոսում՝ կառավարությունն իսկապես ձախողել է իր քաղաքականությունը։ Օրինակ՝ հարկային վարչարարության մասով անընդհատ խոսում էինք, որ ,պռեսինգիե քաղաքականությունը պետք է փոխարինվի և դառնա նորմալ զարգացող, արևելաեվրոպական եկրների մոդելներին համապատասխան։ Կառավարությունն ընդունելով այդ ամենը՝ հայտարարեց, որ եռամսյակում ինքն արդեն ամփոփելու և հաստատելու է ռիսկերի վրա հիմնված, չափորոշիչներով որոշվող ստուգումների համակարգ։ Անցել է 3-րդ եռամսյակը, չկա՛ հաստատված որևէ բան։ Դիտարկում ենք ուղերձը։ Այնտեղ ասվում է՝ մենք այդ չափորոշիչները կհաստատենք 2010-ին։ Լավ, ի՞նչ պատճառով հետաձգեցիք։ Չկա՛ ոչ մի բացատրություն։ Կառավարության այս ամբողջ մոտեցումն արտահայտվում է նաև այն փոփոխություններով, որոնք 2009-ին կառավարությունը նախաձեռնեց, և քաղաքական մեծամասնությունը հավանություն տվեց։ Օրինակ՝ փոփոխություն կատարվեց, որով բյուջետային համակարգի մասին օրենքի համապատասխան պահանջը (ըստ որի բյուջեն պետք է կառուցվի միջնաժամկետ ծախսերի ծրագրի վրա) 2010-ից հանվեց։  Այս պայմաններում խոսել կառավարության տեսանելի, կանխատեսելի և վստահելի քաղաքականության մասին առնվազն միամտություն է, և դրա համար էլ, երբ մենք դիտարկում ենք նույն 2010-ի համար սպասվող տնտեսության կանխատեսումները, աբսուրդ են։ Մի ժամանակ կառավարությունը, այդ թվում նաև այսօրվա վարչապետը, որ նաև Կենտրոնական բանկի նախագահն էր, բողոքում էր, որ տրանսֆերտները գալիս են, մենք չենք առաջարկում այնպիսի գործիքներ, որ դրանք ներդրումների վերածվեն։ Իսկ այսօր իր հույսը նորից կապում է տրանսֆերտների հետ։ Կանխատեսումներում 2010-ի 1,2% տնտեսական աճը պայմանավորվում է 2 գործոնով՝ տրանսֆերտ և հանքահումքային ապրանքատեսակների հումքի գնի աճ։ Երկուսն էլ Հայաստանից չեն կախված, հետևաբար ի՞նչ է ստացվում՝ մենք հաշվի չենք առել մեր ներքին տնտեսական պոտենցիալը և չենք բերել լուծման ուղիներ։ Էլի մեզ կապում ենք դրսի հետ։ Մի ցուցանիշ էլ նշեմ։ Ըստ բյուջետային ուղերձի՝ 2010-ին մենք ունենալու ենք ամենավատ ցուցանիշը 2000-ից այս կողմ. զուտ արտահանման տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքում՝ մինուս 26%։

-Պրն. Բարխուդարյա՛ն, որքանո՞վ է իրատեսական 2010-ի պետական բյուջեն։ Ընդ որում, կտրուկ ավելացավ ծախսային մասը։

Լ. Բ.- Ավելացա՛վ, բայց համամասնաբար եկամտային մասերն էլ ավելացվեցին։ Հարկային եկամուտները մոտ 35 միլիարդով ավելացան, և գոնե մյուս տարի ՀՆԱ-ի նկատմամբ 17,7 տոկոս մակարդակը  եթե պահպանվի, ինչ-որ դրական միտում կա ։

-Իրատեսակա՞ն եք համարում։

Լ.Բ.- Կախված է կառավարության աշխատանքից։ Աշխատելու դեպքում կարող է ավելի լավ լինել։

-Բայց անցած տարի մեզ ասում էին 9,2 % աճ...

Լ. Բ.- Չէ՛, չէ՛։ Ճգնաժամ էր։ Ճգնաժամի պարագայում մի քիչ, իհարկե, ավելի լավատես էին, թե մեզ վրա չի ազդի։ Չազդեց առաջին ալիքի դեպքում, որովհետև ֆինանսաբանկային համակարգը փակ է, ոչ մի ինտեգրվածություն չունի, և դա մեզ փրկեց առաջին ալիքից։ Բայց հետո մենք արդեն զգացինք։ Ինչպես որ եղավ 1998-ից հետո։  1998-ին չազդեց, 1999-ին ազդեց նույն տրանսֆերտների պատճառով և այլն։ Հիմա ինչպես կանխատեսում են՝ այս տարվա ամփոփիչ 15,5% անկումից հետո մյուս տարի 1,2% աճ ապահովելն ինչ-որ շատ լայնամաշտաբ միջոցառումներ չի պահանջում։ Եթե միջազգային գներն աճում են, պետք է ընդամենը մի քիչ ազատություն տալ, որ տնտեսությունը շնչի։ Մենք այնպիսի հսկայական հնարավորություններ ունենք Հայաստանում ու նույնիսկ դեռ մնացած պոտենցիալով, որ եթե մի քիչ ազատություն տրվի, խրախուսվի, չհետապնդվի, մարդիկ կարող են, օրինակ, արտահանումը 50%-ով ավելացնել։ Մարդիկ կան՝ վախենում են արտադրությունը մեծ մասշտաբով անել։ Անկախ ճգնաժամից՝ մենաշնորհայնությունը, օլիգարխացումը, հասարակության բևեռացվածությունն են ամենամեծ խոչընդոտն են եղել, ինչպես նաև կառավարումը, վարչարարությունը, կոռուպցիոն գործոնը։ Ինձ առաջինը մտահոգողն այստեղ  բյուջետային ծախսերի կառուցվածքն է։ Ճի՛շտ է, այս տարի և մյուս տարի բյուջեի ծախսերը շնորհիվ դեֆիցիտի էական ավելացման կկազմեն ՀՆԱ-ի 28-29 տոկոսը (2009-ին նախատեսված էր ծախսել ՀՆԱ-ի 22%-ը), բայց արի ու տես, որ այս իրավիճակում սոցիալական ոլորտի բացարձակ թվերը պահպանելու կամ մի փոքր էլ աճ տալու համար ստացվում է, որ ծախսերի 60-65%-ը սոցիալական ոլորտում է։

-Դրանում քաղաքական պոպուլիզմի էլեմենտներ չե՞ք տեսնում։

Լ.Բ.- Սա զուտ փաստն է, որովհետև սոցիալական ծախսերը անհնարին է նվազեցնել:   Ստացվում է 60-65%, դա  շատ վատ է։ Ինչո՞ւ, որովհետև նույն կայուն զարգացման ծրագրով նախատեսված էր պետական ծառայողների աշխատավարձերի աճ, սոցիալական փաթեթներ, հակակոռուպցիոն այլ միջոցառումներ, որոնք չեն արվում, չարվեցին նույնիսկ 2008-ի վերջին։ Շատ քիչ ձևով արվեցին՝ դատավորներին, քննիչներին, բայց քաղծառայողը չստացավ։ Գիտե՞ք՝ 150 հազար դրամը երևի թե լավ աշխատավարձ է դպրոցում աշխատելու համար, բայց սարսափելի ցածր աշխատավարձ է փոխնախարար աշխատելու համար։ Այդ մարդիկ զրկված են որևէ այլ տեղ աշխատելուց, չնորմավորված ախատանքային օր, ահավոր պատասխանատվություն և հսկայական տարբերություն մասնավոր ոլորտի համանման մասնագիտությունների մեջ։ Մրցակցային պետք է լինի աշխատավարձը։ Կարող եմ ասել, որ մի վարչության, մի բաժնի պետը Ֆինանսների նախարարությունում ստանում է 3 անգամ պակաս աշխատավարձ, քան մասնավոր ոլորտում համապատասխան պաշտոնը զբաղեցնողը։ Բարձր ղեկավարության մասին էլ  չեմ խոսում։ Դրանք չեն արվում, բայց հետո խոսում ենք հակակոռուպցիոն միջոցառումների մասին։ Հակակոռուպցիոն ամենաանհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն աշխատավարձերի բարձրացումն է կամ երաշխիքների ստեղծումը։ Ի՞նչն է խանգարում այսօր, օրինակ, թոշակային ապահովության համար պետծառայողների օրենք ընդունելուն։ Քաղծառայողների միջին տարիքը բավականին երիտասարդ է, այսինքն՝ դա կսկսի աշխատել 15-20 տարի հետո։ Մեծ գումարներ չեն, կարելի՞ է, չէ՞, բյուջեում նախատեսել լրացուցիչ կետ թոշակային ապահովագրության համար, ինչպես արտասահմանում է։ Մարդիկ անբասիր աշխատելով 20-25 տարի՝ ստանում են աշխատավարձի 75%-ը՝ որպես թոշակ, և ապահովված են։ Ի՞նչն է խանգարում բժշկական ապահովագրություն անել, որպեսզի գոնե քաղծառայողը, պետծառայողը կարողանա գնալ իր քարտով առողջապահական ծառայություններից օգտվել։ Դա էլ շատ մեծ գումարների հետ չի կապված։ Բայց չի արվում։

-Ինչո՞ւ չի արվում։

Լ.Բ. - Երևի հրատապությունը՝ ինչպես անենք, ընթացիկ այս հարցերը և այլն, այն խոր գիտակցությունն էլ չկա, թե կառավարման որակն ինչքան կարևոր է։ Մենք ինքներս ժամանակը բաց թողեցինք բավականին, որովհետև, ընդհանուր առմամբ, մինչև 1990-ականների վերջերը ոչ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից և առանձին կառավարությունների կողմից քանի որ այդ էնտուզիազմը կար, կառավարման բարեփոխումների վրա այդքան մեծ ուշադրություն չէին դարձնում։ 2000-ականների սկզբից ասացին՝ այս ի՞նչ է լինում, բոլորը գլուխները բռնեցին, թե միջազգային կազմակերպություննե՛ր, եկեք աջակցե՛ք, ստիպե՛ք և այլն։ Գումար դրա դիմաց չէին տալիս՝ բացառությամբ այս կառուցվածքային փոփոխությունների, ասում էին՝ ինքներդ Ձեր հարկերը հավաքեք և Ձեր աշխատավարձերը բարձրացրեք, բոլորդ ունեք ստվերային տնտեսություն, և ճիշտ էին ասում։ Բայց դա չեղավ, մի տեսակ աչքաթող արվեց, իսկ կառավարման որակն էական նշանակություն ունի ցանկացած մակարդակում՝ կենտրոնական, ռեգիոնալ, տեղական և այլն։ Ամենամեծ խոչընդոտը հենց կոռուպցիոն բարձր մակարդակն է և մենաշնորհային տնտեսությունը, երբ չկա մրցակցային միջավայր։ Մենք միաժամանակ ունենք անասելի մեծ առավելություն շատ այլ երկրների, ոչ նավթաբեր երկրների համեմատ, որ Սփյուռք ունենք։ Բայց ցանկացած սփյուռքահայ  ձեռներեց որևէ ներդրում չի անի մինչև վերենշյալ բարեփոխումները իրենց դրական արդյունքը չտան:

-Իսկ խոսակցություններն այն մասին, որ հայ-թուրքական սահմանն ահա կբացենք, և երկնքից մանանա կթափվի։ Որպես տնտեսագետ...

Լ.Բ. -...ոչ մի բան չի լինի, մինչև այս փոփոխությունները չլինեն։

- Ձեր տեսակետը չենք լսել հայ-թուրքական հարաբերությունների առումով, ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը։ Պե՞տք է վավերացնի Հայաստանը արձանագրությունները, թե՞ ոչ։

Լ.Բ. -Ես հայ-թուրքական արձանագրություններն այդ ձևով չեմ ընդունում։ Գիտեք՝ վավերացնելն այլ հարց է, եթե դա կբերի մեր սահմանի բացման, բայց կոնկրետ այն ձևով գրված տեքստը, ինչքանով ես կարողացել եմ նայել , ինձ չի գոհացնում։ Այսինքն, իմ կարծիքով (միգուցե  ես շատ  մանրամսներ չգիտեմ) կարելի է դրան հասնել շատ ավելի քիչ բան զիջելով։ Ես ինքս դիվանագետ աշխատել եմ, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը երկու դեսպանների կողմից ստորագրվող ընդամենը մի արձանագրություն է, լա՛վ, շատ էին ուզում, թող նախարարները ստորագրեին։ Ինչո՞ւ վավերացնել խորհրդարանում, ինչո՞ւ մենք պետք է տանենք խորհրդարան, իրենք ուզում են, թող տանեն. սահմանն իրենք են փակել, թող բացեն։

-Այսինքն, ֆուտբոլային դիվանագիտությունը մեծ հաշվով բացասակա՞ն բալանս է արձանագրել։

Լ.Բ. -Չէ. ըստ իս կարող էր շատ ավելի դրական լինել, եթե պատմաբանների հանձնաժողովի և սահմանների ճանաչման հետ կապված հարցը չլիներ։ Ի՞նչ է, մենք Վրաստանի հետ սահմանները ամբողջովին ճանաչե՞լ ենք։ Շատ լավ էլ դիվանագիտական հարաբերություններ ունենք, աշխատում ենք և այլն, և այլն։ Հիմա մենք ընկել ենք շատ ծանր վիճակի մեջ, սպասում ենք, թե Էրդողանն այսօր գնաց Ամերիկա, լավ խոսե՞ց Օբաման, դեմ տվե՞ց, կվավերացնե՞ն, թե՞ չեն վավերացնի...

-Փաստորեն, նախաձեռնողականությունը սա է, երբ նախաձեռնությունը տալիս ես ուրիշին ու սպասում։

Լ.Բ. -Կամ էլ գոնե քիչ բան էր պետք տալ։  Թուրքիային պակաս ձեռնտու չէ այս սահմանի բացումը։

Ա.Մ. -Նախ՝ ողջունում եմ պարոն Բարխուդարյանի տեսակետներն այդ առումով։ Ինձ թվում է՝ մեր իշխանությունները շփոթել են նախաձեռնողական քաղաքականությունը ներքին և արտաքին հարաբերություններում։ Նախաձեռնողական քաղաքականությունը պետք է առաջին հերթին երկրի ներսո՛ւմ լիներ, այդ թվում թե՛ տնտեսական համակարգի առողջացման, թե՛ կոռուպցիայի դեմ պայքարի, թե՛ մենաշնորհային տնտեսության կազմաքանդման հետ կապված, մինչդեռ մենք հակառակ բանն ենք անում՝ երկրի տնտեսությունը թողնում ենք լճացման պրոցեսում, չենք իրականացնում բարեփոխումներ կառավարման ոլորտում։ Բազմաթիվ այլ հարցեր կան, որպեսզի ունենաս կառավարման լավ համակարգ, պատշաճ և արժանապատիվ վարձատրություն, որպեսզի հանրային ծառայողը գիտակցի թե՛ իր պարտականությունը, թե՛ բավարարված լինի։ Դրա անվան տակ այսօր կառավարությունը դեմ է տվել կենսաթոշակային համակարգի բարեփոխումների մի ծրագիր, որով առաջարկում է 2011-ին անցնել պարտադիր կուտակային համակարգի։ Լինելով մարդ, որն աշխատել է թե՛ ֆինանսական սեկտորում, թե՛ սոցիալական պաշտպանության ոլորտում՝ ակնհայտորեն կարող եմ ասել՝ այդ բարեփոխումները բխում են ֆինանսական շուկայի զարգացման առաջնահերթությունից։ Սոցիալական պաշտպանությունն ընդամենն ածանցված է։ Մինչդեռ կենսաթոշակային ոլորտի բարեփոխումները և ընդհանրապես սոցիալական ոլորտի բարեփոխումը պետք է նպատակ լինեն, ոչ թե ածանցվող ինչ-որ մի դրսևորում։ Երբ դիտարկում ենք այն սցենարը, որն առաջարկում է կառավարությունը ,կենսաթոշակային բարեփոխումե անվան տակ, սա համակարգի ամբողջ ռեսուրսը հավաքագրում է և ուղղում կենսաթոշակային համակարգի՝ իբրև թե ապագայում նորմալ կենսաթոշակ տալու գաղափարի իրականացմանը։ Այդ բարեփոխման արդյունքը, որ պետք է երևա 23 տարի հետո, և նաև այն մեխանիզմները, որ դրված են սրա մեջ, այսօր թույլ չեն տալիս հստակ ասելու, որ համակարգի բացասական դրսևորումների ռիսկերը չեզոքացված են։ Բացի այդ, կենսաթոշակային համակարգի այս ռեֆորմի ազդեցության արդյունքում հավաքագրված ռեսուրսային փաթեթը չի ապահովելու նաև սոցիալական մնացած ռիսկերը։ Այսօր ծերությունը, որպես աշխատունակության կորստի ռիսկ, վերցրել է, անունը դրել իբրև կենսաթոշակային համակարգի բարեփոխում, բոլորին մտցնելու է այս ծրագրի տակ՝ սկսած հանրային ծառայողից մինչև աշխատանքային ստաժ չունեցող մարդով, և սրանով փորձում է իբր ներկայացնել, թե տեսե՛ք, մենք ռեֆորմ ենք անում։ Սա բերելու է Հայաստանի թե՛ ներկա, թե՛ ապագա սերունդների կենսամակարդակի է՛լ ավելի վատացմանը։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը