Մեկնաբանություն

11.06.2016 08:50


Ղարաբաղյան էքսպերիմենտ

Ղարաբաղյան էքսպերիմենտ

Հայաստանի ու Ղարաբաղի իշխանությունները բովանդակային առումով նույնն են: Մեկը մյուսի շարունակությունն է: Պարզապես Երևանում ստիպված են ձևեր թափել, իսկ Ստեփանակերտում՝ ոչ:

Հայաստանում էլ, Ղարաբաղում էլ իշխանության վերարտադրության հարց են ուզում լուծել:

Սերժ Սարգսյանը, փոխելով Սահմանադրությունը, գնաց խուճուճ և իր համար անորոշ ճանապարհով, բայց ոչ թե որ բարի է կամ ժողովրդավար, այլ այն պատճառով, որ դեռ հանրային դիմադրության ռեսուրս կա, և միահեծան իշխանություն ստեղծելը դժվար է:

Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա Սերժ Սարգսյանն այնտեղ ուզում էր Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո նախագահի պաշտոնին վերադարձնել ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին, ում վրայով Ղարաբաղում մինչև վերջերս «կարում էին» սուպերնախագահական մոդել: Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը Ստեփանակերտում հենց այդ ուղղությամբ էր աշխատում, սակայն Սամվել Բաբայանի վերադարձից հետո այդ ծրագրերը հետ են պտտեցվում, որի արդյունքում Արկադի Ղուկասյանի թեման փակվում է, ու ոմանց հաշվարկները փոզմիշ են լինում:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ հիմա Ղարաբաղում որոշել են անցնել ոչ թե սուպերնախագահական (որի պայմաններում պետության գլուխը նախագահն է, ով հանդիսանում է նաև գործադիր իշխանության ղեկավարը), այլ խորհրդարանական կառավարման մոդելին, սակայն 2020-ից, իսկ մինչև այդ փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելը Բակո Սահակյանը, ում լիազորություններն ավարտվում են մեկ տարուց, ընդունվելիք Սահմանադրության անցումային դրույթների ուժով առանց ընտրությունների կշարունակի պաշտոնավարել, այսինքն՝ ԼՂՀ գործող նախագահի պաշտոնավարման ժամկետն ուզում են սահմանադրական հանրաքվեով ավտոմատ երկարաձգել մինչև 2020թ.: Այս ամենի անունը դրել են «Ղարաբաղում կայունության ապահովում», բայց սա լրիվ ուրիշ բան է նշանակում:

Թե որքանով իրականություն կդառնա այս «ղարաբաղյան էքսպերիմենտը», ցույց կտան առաջիկա զարգացումները:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը