Մեկնաբանություն

22.03.2016 09:35


4 + 4 - 4

4 + 4 - 4

Ընտրական նոր օրենսգրքի և Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված՝ Արևմուտքը բավական լուրջ ճնշումներ է կիրառում իշխանությունների վրա՝ առաջարկելով կոնսենսուսային տարբերակով ընդունել օրենքը: Ու քանի որ դրսի պարտքով՝ եվրաբոնդերով ապրող «բարեշրջիչները» կախված են արևմտյան փողերից, ուստի ստիպված են տեղի տալ:

«4+4+4» ձևաչափով Ընտրական նոր օրենսգրքի շուրջ քննարկումներ իրականացնելն ու այդ փաստաթուղթը փոխելն ինչ–որ առումով պարտադրված քայլ է եղել: Չորսը՝ իշխանությունից, չորսը՝ ԱԺ ընդդիմադիր հայտարարված խմբակցություններից և չորսը հասարակական սեկտորից պետք է ներգրավվեն այդ գործընթացում:

«Էս գլխից» պարզ է, որ իշխանությունները փորձելու են ամեն կերպ պահել իրենց համար կարևոր կետերը: Այսինքն՝ այլընտրանքային մոտեցում կարող է ներկայացնել մյուս ութը: Ձևաչափն, ըստ այդմ, «4+4-4» է:

Շատ կարևոր է, որ իշխանությունից դուրս գտնվողները միասնական տեսակետ և միասնական պահանջներ ներկայացնեն՝ կարևորը տարբերելով երկրորդականից:

Մարտավարական առումով ճիշտը ոչ թե քսան-քսանհինգ կետ ներկայացնելն է, այլ երեքից-հինգ առանցքային հարց առանձնացնելն ու դրանց մեջ անձեռնմխելի մեկ-երկու կետ ունենալը:

Իշխանությունների համար թիվ մեկ խնդիրը ռեյտինգային քվեարկությունը պահպանելն է, որն, ըստ էության, մեծամասնականի է վերածում համամասնական ընտրությունները՝ հնարավորություն տալով բազմաթիվ մանիպուլյացիաներ և կեղծիքներ իրականացնել:

Մեր կարծիքով պետք է սկզբունքորեն մերժել ռեյտինգային քվեարկության այն տարբերակը, որը ներկայացվել է:

Հայաստանյան իրողությունները հաշվի առնելով՝ պետք է լինի համամասնական ընտրություն, և կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները ներկայացնեն մեկ ցուցակ, ու այդ ցուցակը քվեարկվի մինչ այժմ գործող կարգով: Հարյուր տոկոս համամասնականի անցնելու գաղափարը հենց դրա համար է արվել, այլ ոչ թե նրա համար, որ մեծամասնական տեղերը խոշորացվեն, իշխանությունները տեղական նշանակության բդեշխներին մտցնեն մի ցուցակի մեջ, նրանց լծեն ՀՀԿ-ի համար ձայն բերող կառքին, բոլորի ձայները սեփականաշնորհեն, «թիմակիցներին» «քցեն» ու վերջնարդյունքում քաղաքական կյանքից վերջնականապես դուրս թողնեն Հայաստանի ամբողջ հանրությանը՝ քաղաքացուն վերածելով «երկրպագուի»:

Որպես փոխզիջում կարող է դիտարկվել այն, որ ամբողջ հանրապետությունում ներկայացվի մեկ ցուցակ, և զուգահեռաբար ռեյտինգային քվեարկության հնարավորություն լինի (ով ուզում է՝ թող ոչ թե քաղաքական ուժին քվեարկի, այլ կոնկրետ անձի, և դա արդեն քաղաքական ուժի համար կլինի ներքին «փրայմերիզի» պես մի բան, այսինքն՝ պետք է պահպանել պատգամավորական կազմը որոշելու ցուցակային հերթականության սկզբունքը), այլ ոչ թե Հայաստանը բաժանվի 13 մեծամասնական տարածքի, և 13 տարբեր ցուցակներ ներկայացվեն:

Կարևոր է նաև ընտրողների գրանցման միասնական էլեկտրոնային համակարգի ներդրումը, որը պետք է զուգորդվի մատնահետքերի ֆիքսման ու թանաքոտման հնարավորությամբ:

Բացի այդ՝ պետք է հնարավորություն լինի «օն լայն» հետևելու քվեարկության ընթացքին և «օն լայն» արձանագրելու մասնակիցների քանակը:

Համակարգն այդ չի կարող գործել առանձին տեղամասում: Պետք է բոլոր տեղամասերը միասնական գրանցման հնարավորություն ունենան, այլապես իշխանությունների սիրելի շրջիկ խմբերը կարող են մի քանի անգամ քվեարկել ոչ թե նույն տեղամասում, այլ տարբեր տեղամասերում: Հետևաբար, եթե բոլոր տեղամասերը քվեարկողների գրանցման միասնական համակարգ չեն կազմում, ապա անիմաստ է առանձին տեղամասերում տարատեսակ գունային ու լուսային էֆեկտներ ապահովելը:

Անշուշտ, կարևոր է նաև քվեարկածների ցուցակի հրապարակումը, բայց դա անկյունաքարային պահանջ սարքելը ճիշտ չէ:

Կրկնենք՝ շեշտը պետք է դրվի ռեյտինգային քվեարկության այն մոդելի վերացման վրա, որն առաջարկվել է նախագծով:

12-հոգանոց խմբում եթե չորս հոգու ի սկզբանե հանում ենք, ապա կարևոր է, որ մնացած ութ անդամները միասնական գործեն:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը