Մեկնաբանություն

09.10.2010 12:57


Ներկոալիցիոն ռեբուս. «50 + 1» - ՀՀԿ + Վարդան Օսկանյան

Ներկոալիցիոն ռեբուս. «50 + 1» - ՀՀԿ + Վարդան Օսկանյան

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կրկին առաջ քաշեց 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ հնչեցրած իր բանաձևը՝ 50+1: Այսինքն ուզում էր ասել, թե ԱԺ հսկիչ փաթեթին տիրանալու ցանկություն ունի՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

2007-ին «50+1»-ը կյանքի կոչել չհաջողվեց։ Ավելի ճիշտ հաջողվեց, բայց ՀՀԿ-ին։ Եվ ահա կրկին շրջանառության մեջ է դրվում «50+1» բանաձևը, և կրկին «Բարգավաճ Հայաստանի» կողմից։ Սակայն հիմիկվա ու այն ժամանակվա «50+1»-ի միջև մի քանի տարբերություն կա։ Նախ, այն ժամանակ ԲՀԿ-ն նորաստեղծ կուսակցություն էր և ընտրություններին առաջին անգամ էր մասնակցելու։ Երկրորդ, ԲՀԿ-ն հիմա ֆորմալ առումով իշխող կոալիցիայի անդամ է և խորհրդարանի թիվ երկու ուժը, իսկ այն ժամանակ այդպես չէր։ Եվ ամենակարևորը՝ 2007-ին «50+1»-ի ցանկությունն ընկալվում էր որպես Ռոբերտ Քոչարյանի ծրագրերի մաս, իսկ այժմ, երբ իշխող կոալիցիայի անդամը խոսում է «50+1»-ի մասին, ապա ստացվում է, որ խնդիր կա իշխանափոխության, ավելի որոշակի՝ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու։

Շատերը չնկատեցին, բայց Ծառուկյանն իր ճեպազրույցում, ըստ էության, անվստահություն հայտնեց կառավարությանը։ «Մենք աշխատում ենք, որ կարողանանք լիարժեք մեծամասնություն վերցնենք, կարողանանք մեր ծրագրերն իրականացնել։ Հազար անգամ քվեարկություններ են եղել, մենք առաջարկել ենք մեր ծրագիրը, որը մենք փոքրամասնություն լինելով՝ չենք կարողացել անցկացնել։ Այսօր մենք պայքարում ենք, որ մեծ լինենք, որ մենք կարողանանք ունենալ 50+1, որ մեր որոշումները, մեր ծրագրերն իրականացնենք և կարողանանք, ոնց որ մեր խոսքը գործ է, այդ քայլով էլ շարժվենք»,- հայտարարեց Ծառուկյանը։ ԲՀԿ ղեկավարի ասածից ստացվում է, որ, նախ, իրենք չեն ընդունում կառավարության ու ԱԺ մեծամասնության որոշումները, բայց քանի որ ձայների անհրաժեշտ քանակ չունեն, ուստի չեն կարողանում ընդդիմանալ ՀՀԿ-ին։ Երկրորդ, եթե Ծառուկյանը խոսում է «50+1»-ից, ապա ստացվում է, որ առնվազն ուզում է փոխել կառավարության կազմը, որը, ըստ ՀՀ Սահմանադրության, հաստատում է ԱԺ-ն։ Իսկ ցանկություն հայտնելով փոխել կառավարությունը՝ հաջորդ քայլը արդեն պարզ է, թե որն է լինելու։

Ի դեպ, Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի հեռակա այս բանավեճի մեջ մի շարք տեխնոլոգիաներ են կիրառվում։ Իշխանությունները «վրայից» ժպտում են, բայց «տակից»՝ «ընդդիմադիր» լրատվամիջոցների օգնությամբ, Ծառուկյանին պարբերաբար հաթաթա են տալիս։ Մասնավորապես՝ շրջանառության մեջ են դրվում ԲՀԿ առաջնորդի դեմ մահափորձի լուրերը, որի նպատակը Ծառուկյանին ու նրա շրջապատին հոգեբանական ճնշման ենթարկելն է։

Ծառուկյանի պատասխան քայլերն էլ իրենց սպասեցնել չեն տալիս։ ԱԺ փոխնախագահի պաշտոնում նախկին ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանին առաջարկելով՝ Ծառուկյանը յուրօրինակ ձևով «փչացրեց» ՕԵԿ-ին։ Ճիշտ է, վերջինիս ներկայացուցիչները քվեարկությանը չմասնակցեցին, բայց ստիպված եղան համակերպվել Բալասանյանի թեկնածության հետ։ Այդ փաստը հատկապես ուշագրավ էր Սերժ Սարգսյանի այն գործողությունների ֆոնին, համաձայն որի ՀՀ նախագահը փորձում է ուժեղացնել ՕԵԿ-ին՝ որպես ապագայում (անհրաժեշտության դեպքում) ՀՀԿ-ին ծառայող կցորդ ուժ։

Այս ամենը հաշվի առնելով՝ չի բացառվում, որ Սարգսյանին հերթական կադրային հարվածը հասցվի, և 2012թ. ընտրությունների նախաշեմին ԲՀԿ-ում հայտնվի Վարդան Օսկանյանը, ով 2008-ից սկսած աչքի է ընկել Սերժ Սարգսյանի քաղաքականությունը քննադատելով՝ շեշտը դնելով հատկապես «ֆուտբոլային» դիվանագիտությունը ոչնչացնելու վրա։ Այդպիսով, Ծառուկյանն անուղղակիորեն կհակառակվի նաև Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությանը։ Օսկանյանի պարագայում ԲՀԿ-ի քաղաքական հռետորաբանությունը որոշակի փոփոխության կենթարկվի, ինչը չի կարող չազդել ներկոալիցիոն փոխհարաբերությունների վրա։ Թե որքանով այս սցենարը կիրականանա, ցույց կտա ժամանակը։ Մեկ բան ամեն դեպքում ակնհայտ է. որ գործող կոալիցիան ընդամենը իներցիայի հետևանք է, և ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն դաժան մրցապայքար են մղելու միմյանց դեմ։ Երկուսն էլ այլընտրանք չունեն։ ՀՀԿ-ն էլ է ուզում ունենալ 50+1, ԲՀԿ-ն էլ։ Իսկ դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանն այլևս չի ուզում կոալիցիա ունենալ ու իշխանությունը կիսել որևէ մեկի հետ։ Գագիկ Ծառուկյանն էլ իր հերթին չի ուզում դուրս մղվել համակարգից, և քանի որ այս երկու ցանկություններն անհամատեղելի են, հետևաբար, ուզեն թե չուզեն, կողմերը գնալու են բախման։ Դարվինի տեսությունն արդիականությունը դեռ չի կորցրել, նամանավանդ՝ Հայաստանի քաղաքական ջունգլիներում։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը