Լրահոս

06.10.2010 17:50


Էդվարդ Նալբանդյան. «Երբ արտգործնախարարը հայտարարություն է անում, դա պաշտոնական հայտարարություն է»

Էդվարդ Նալբանդյան. «Երբ արտգործնախարարը հայտարարություն է անում, դա պաշտոնական հայտարարություն է»

ՀՀ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի հարցին՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ ԵԱՀԿ դաշտային փաստահավաք առաքելությունը ՄԱԿ-ի հետ առնչություն չունի։ Նա նշել է, որ ԵԱՀԿ համանախագահներին ուղեկցելու է ՄԱԿ-ի փախստականների հարցով հանձնակատարի գրասենյակի մեկ-երկու ներկայացուցիչ.

-ՄԱԿ-ի որևէ այլ կառույցից մասնակից և ուղեկցող չի լինելու, ինչպես այսօր որոշ թերթերում հրապարակում եղավ, թե արտգործնախարարը մի բան է հայտարարում, բայց այլ բան է դուրս գալիս։ Այդպիսի բան չկա։ Երբ արտգործնախարարը հայտրարություն է անում, դա պաշտոնական հայտարարություն է,-շեշտել է Էդվարդ Նալբանդյանը։

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե Շվեյցարիայի, Հայաստանի և Անկարայի միջև դիվանագիտական հեռախոսազրույցներ են տեղի ունենում, ապա Է. Նալբանդյանն ասել է, թե Շվեյցարիայի արտգործնախարարությունից տեղեկացրել են, որ իրենց արտգործնախարարը ընթացող կամ ենթադրվելիք բանակցությունների վերաբերյալ ոչինչ չի ասել։

-Վստահեցնեմ, որ որևէ հեռախոսազրույց կամ բանակցություն թուրքական կողմի հետ վերջին ամիսների ընթացքում տեղի չունի, և մոտակա ժամանակներս չի էլ նախատեսվում, որովհետև դա հնարավոր կլինի անել այն ժամանակ, երբ Թուրքիան նորից պատրաստ լինի առանց նախապայմանների գնալ հարաբերությունների կարգավորմանը,- ասել է նա։

Իսկ թե ինչո՞ւ են ՄԱԿ-ի երկու փորձագետներն ուղեկցում ԵԱՀԿ առաքելությանը և վերջինիս կողմից ուսումնասիրվող հարցերի շրջանակի վերաբերյալ արտգործնախարարն ասել է.

-Ինչ վերաբերում է այս երկու փորձագետների ուղեկցությանը առաքելությանը, որը գալու է Ղարաբաղի շուրջ շրջաններ, ապա սա դաշտային առաքելություն է, որն ուսումնասիրելու է իրավիճակը այս տարածաշրջանում։ Հիշեցնեմ նաև, որ եռանախագահներից երկուսը նոր են նշանակվել և ծանոթ չեն մանրամասն իրավիճակին,-ասել է Էդվարդ Նալբանդյանը։

Նա նաև նշել է, որ փախստականներ կան երկու կողմից՝ թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի, և հարցը կարող է քննարկվել միայն, երբ անվտանգության համապատասխան երաշխիքներ ապահովվեն, սակայն փախստականները բազմաթիվ հարցեր ունեն, և նրանք բազմիցս դիմել են իրենց հարցերով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը