Լրահոս

26.11.2009 15:27


Ի՞նչ է լինելու Փոսի թատրոնի հետ

Ի՞նչ է լինելու Փոսի թատրոնի հետ

Երևանի երիտասարդական փորձարարական պետական թատրոնի (Փոսի թատրոն) գլխավոր ադմինիստրատոր Կարեն Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ամիսներ առաջ իրենք բարձրաձայնել էին, որ իրենց թատրոնին լուծարելու և ձուլվելու վտանգ է սպառնում։

-Մեր բողոքին հաջորդեցին Մշակույթի նախարարության մի շարք աշխատակիցների մեկնաբանություններ, որտեղ ասում էին, թե նման վտանգ չկա, ինչը, իհարկե, ժամանակավորապես հանգստացրեց մեզ, բայց վերջերս տեղի ունեցած իրադարձություններն ավելի անհանգստացրին,-ասել է նա։

Փոսի թատրոնի  փոխտնօրեն Հերմինե Վահանյանն էլ պատմել է, թե ինքը հանդիպում է ունեցել Մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանի հետ, որն իրեն ասել է, թե իրենք համակարգված աշխատանք են իրականացնում թատրոնում։

-Հանդիպմանը ներկա էր նաև թատրոնի տնօրենի պաշտոնակատար Արթուր Նալբանդյանը, ով ինձ ասել է, թե բարի նպատակներ և միտում ունի թատրոնը հանելու այս վիճակից (չգիտեմ էլ՝ ինչ վիճակ է, որ պետք է հանի) և տանել՝ կցելու Մազմանյան Արմենի թատրոնին,-ասել է նա։

Մոտ մեկ շաբաթ առաջ էլ Փոսի թատրոնի ողջ աշխատակազմը ծանուցագրեր է ստացել, ինչն ավելի է վրդովեցրել թատրոնի աշխատակիցներին։

-Թատրոնի ողջ անձնակազմին տրվել են ծանուցումներ աշխատանքային պայմանագրերի լրացման վերաբերյալ, որտեղ չեն նշվում ո՛չ հիմքը, ո՛չ պատճառը։ Բոլորս էլ գիտենք, որ ծանուցում է տրվում միայն այն դեպքում, երբ հակառակ կողմը չի ցանկանում շարունակել աշխատանքային պայմանագիրը, կամ պատճառ և հիմք է նշվում։ Ավելին, չի կարելի ողջ թատրոնին տալ ծանուցում այն մասին, որ պայմանագրի ժամկետն ավարտվել է,-նշել է  Կարեն Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով՝ իրենց ասել են, թե այդ ծանուցագրերի տրամադրումը ոչ մի միտում չունի, բայց իրենք  միանշանակ համոզված են, որ մի քանի ամիս առաջ սկսված խաղն այսօր շարունակվում է։

-Ես միայն այն կարող եմ ասել, որ թատրոնը մնում է առանց անձնակազմի։ Ես ի՞նչ կարող եմ ասել. ո՞վ է հունվարի 1-ին նոր պայմանագիր կնքելու։ Ես մեր աշխատատեղերի մասին եմ խոսում։ Ես դիմում եմ մեր երկրի նախագահին այս հարցին լուծում տալու համար,-հավելել է Կարեն Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը