Քաղաքական

22.01.2016 13:48


Սիրիահայ գործարար. «Ակտիվիստներից վախեցա, իսկ Սերժ Սարգսյանի եղբայրն ինձ օրենքները բացատրեց»

Սիրիահայ գործարար. «Ակտիվիստներից վախեցա, իսկ Սերժ Սարգսյանի եղբայրն ինձ օրենքները բացատրեց»

Արամի 30 հասցեի հետնամասում կառուցապատվող շինության կառուցապատող Ավո Քարագոզյանը պնդում է, որ տեղյակ չի եղել, որ իր կողմից ապամոնտաժված շինությունը հուշարձան է կամ պատմական նշանակություն ունի: Նա այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս տարածքը դեռևս 2004 թվականին իրեն է ներկայացվել որպես հանրային շահ ներկայացնող տարածք:

«Ես Սիրիայից եմ եկել, և այն ինձ մասնավոր շահի համար պետք չէ: Ես չեմ իմացել, որ սա հուշարձան է, ինձ տրված է այս բաժինը, և ես այն պիտի հանձնեմ ու պիտի ճանապարհ կառուցեմ: Ես ակնկալիք ու շահ չունեմ. դա պետք է լինի քաղաքային ճանապարհի համար»,- ասաց նա: Այս մասին հայտնում է «Newsbook.am»–ը։

Վերջինս տեղեկացրեց, որ այս տարածքը որպես հանրային շահ է ներկայացվել դեռևս 2004 թվականին, երբ Երևանի քաղաքապետն էր Երվանդ Զախարյանը: Վերջինս տարածքի համար վճարել է մոտավորապես 500 հազար դոլար: Դիտարկմանը, որ 2013 թվականից Արամի 30 հասցեի շինության համար պայքար է գնում, արձագանքեց.

«2013-ին ինձ ասացին, որ արդյունքի պիտի հասնեք, արդյոք պետք է պահե՞ն, թե՞ ոչ: Քանի որ այդ խնդիրն ինձանով չի սկսվում և ավարտվում, ես երեք տարի սպասեցի, և բան չփոխվեց: Ինձ մեկը չի ասել, որ դա հուշարձան է, թե ինչ է»,- շարունակեց Ավո Քարագոզյանը:

Հարցին՝ եթե խնդիր չկա, ինչո՞ւ շինությունը քանդվեց երեկոյան ժամը 4-ին, Քարագոզյանը պատասխանեց. «Ակտիվիստների խնդիրը կար. վախեցել էի, որ խնդիր չունենամ, դրա համար երեկոյան քանդեցի»:

Անդրադառնալով մամուլում ակտիվորեն քննարկվող լուրերին, որ կառուցապատող Ավո Քարագոզյանը բիզնես կապեր ունի Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի հետ՝ պատմեց.

«Երբ Լևոն Սարգսյանը հյուպատոս էր Հալեպում, ես Երևանում խնդիր ունեի Մելիք Սարգսյանի հետ. Ամիրյան փողոցի իմ տարածքում շինություն էր կառուցում: Ես դիմեցի նրան, նա օգնեց, բացատրեց օրենքները և ասաց, որ դիմեմ դատարան, և ես շահեցի դատը, քանի որ առաջին հողահատկացումը Երևանում ինձ է եղել, իսկ Նալբանդյան, Արամի և Աբովյան փողոցների հետ Լևոն Սարգսյանը կապ չունի»:

Իսկ նախագծի հեղինակ, ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանին հասկանալ դժվար էր, քանի որ նա նախ մինչ ասուլիսի սկսվելը նեղացավ լրագրողների հարցերից, փորձեց հեռանալ, սակայն, ի վերջո, խոսեց.

«Արամի փողոցը շատ նեղ է և առվակի նման է, կարևոր է նրա լայնացումը, քանի որ մեքենաները պետք է շրջանցեն հրապարակը: Արամի փողոցին կից մայթ կա, որը հարակից է թանգարանի շենքին, որն ունի 10 աստիճան: Այս մայթը լիարժեք մայթ չէ. մեքենաների երթևեկությանը խանգարում է: Շենքերի հետ դրվում և հասնում է մինչև չինական ռեստորանի ճակատը: Մենք կանաչ պուրակ ենք ստանում, իսկ մյուս հատվածը տրանսպորտի և հետիոտնի համար է»,- պարզաբանեց նա:

Մանրամասները՝ «Newsbook.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը