Աշխարհ

22.01.2016 08:24


Մեծ Բրիտանիան Լիտվինենկոյի գործի պատճառով չի ձգտի, որ ԱԱ–2018–ը չեղարկվի

Մեծ Բրիտանիան Լիտվինենկոյի գործի պատճառով չի ձգտի, որ ԱԱ–2018–ը չեղարկվի

Բրիտանիայի կառավարությունը չի ձգտելու Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի 2018թ. Աշխարհի առաջնությունը չեղյալ հայտարարելուն։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։

«Մենք չենք ձգտում սովորական քաղաքացիներին պատժելուն»,–նշել է Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը։

Այն, որ Լիտվինենկոյի գործի պատճառով Մեծ Բրիտանիան չի ձգտելու ԱԱ–2018–ի չեղարկմանը, հայտարարել է նաև այդ երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնը։ Թեև նա սպառնացել է, որ նոր պատժամիջոցներ կկիրառվեն Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է «ren.tv»–ն։

«Sky News»–ը ևս գրում է, որ Քեմերոնը չի բացառել Լիտվինենկոյի սպանության գործի վերաբերյալ հաշվետվության հրապարակումից հետո Ռուսաստանի նկատմամբ նոր սահմանափակումների ընդունումը։

«Մենք ևս մեկ անգամ շատ ուշադիր և մանրազնին կուսումնասիրենք հաշվետվության տեքստը, սակայն դա հաստատում է բրիտանական կառավարության տեսակետը, նաև՝ լեյբորիստական նախկին կառավարության, որը ճիշտ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ»,–ասել է Քեմերոնը։

ԱԱ–2018–ի հանդիպումներն ընթանալու են հունիսի 14–ից մինչև հուլիսի 15–ը 11 քաղաքի 12 մարզադաշտում։

Հիշեցնենք, որ Լոնդոնի թագավորական դատարանը ռուսական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանության հնարավոր իրագործողներ է համարել Անդրեյ Լուգովոյին և Դմիտրի Կովտունին։

Դատավոր Ռոբերթ Օուենը նախօրեին հրապարակել էր իր որոշումը՝ եզրակացնելով, որ Լիտվինենկոյի սպանությունը Լոնդոնում, հավանաբար, հավանության է արժանացել ԱԴԾ նախկին ղեկավար Պատրուշևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։

Դատավորը բացառել էր ինքնասպանության վարկածը։

«Վստահ եմ՝ նա կանխամտածված կերպով թունավորվել է 3–րդ անձանց կողմից»,–նշել էր Օուենը՝ հավելելով, որ Լուգովոյն ու Կովտունը «Պոլոնիում-201» նյութը լոնդոնյան «Millennium» հյուրանոցում լցրել են Լիտվինենկոյի թեյի մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը