Աշխարհ

21.01.2016 08:48


Մոլդովայում իրավիճակը շարունակում է լարված մնալ (տեսանյութ)

Մոլդովայում իրավիճակը շարունակում է լարված մնալ (տեսանյութ)

Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին հրամանագիր է ստորագրել, որով վարչապետի պաշտոնում հաստատել է Պավել Ֆիլիպին։ «Jurnal TV»–ն հայտնում է, որ այս մասին տեղեկացրել է Մոլդովայի նախագահի խորհրդական Վլադ Ցուրկանուն։

Վարչապետի պաշտոնում Ֆիլիպի թեկնածությանը կողմ էր քվեարկել 57 պատգամավոր։ Խորհրդարանը նաև հաստատել էր կառավարության կազմը և ծրագիրը։

Հիշեցնենք, որ երեկ Քիշնևում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Բողոքի գործողության մասնակիցները ներխուժել էին խորհրդարանի շենք։ Նրանք դեմ էին արտահայտվում Պավել Ֆիլիպի գլխավորությամբ նոր կառավարության հաստատմանը։ Ոստիկանների ուղղությամբ շշեր էին նետվել, ինչին ի պատասխան՝ վերջիններն արցունքաբեր գազ էին կիրառել։

Որոշ ժամանակ անց ցուցարարները, ընդդիմության առաջնորդների հորդորով, հեռացել էին խորհրդարանի շենքից։

Վերջին տվյալներով՝ բախումների հետևանքով տուժել է 15 մարդ, որոնցից 9–ը ոստիկան է, 6–ը՝ ցուցարար։ Կան բերման ենթարկվածներ։

ТАСС–ը հայտնում է, որ ընդդիմության առաջնորդները կոչ են արել քաղաքացիներին չգնալ բախումների և իշխանության հրաժարականին հասնել խաղաղ ճանապարհով։ Ելույթ ունենալով հեռուստաալիքներից մեկով՝ նրանք խոստացել են այսօր խորհրդարանի շենքի մոտ հավաքել տասնյակ հազարավոր մարդկանց և պահանջել Մոլդովայում արդեն 6–րդ տարին կառավարող կոալիցիայի հրաժարականը, որին մեղադրում են կոռուպցիայի և անգործության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը