Կարծիք

18.01.2016 12:22


Ո՞րն էր իրականում հրաժարականի պատճառը

Ո՞րն էր իրականում հրաժարականի պատճառը

Ախր, հարգելի՛ Կարեն Անդրեասյան, Ձեր` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից հրաժարականի պատճառի մասին հայտարարություն եք տարածել, լավ եք արել: Բայց այդ տեքստից ես ոչինչ չհասկացա:

Մասնավորապես, ո՞րն էր կոնկրետ հրաժարականի պատճառը` իշխանության ճնշմա՞մբ դրան գնացիք, թե՞ ինչ-որ անհայտ ուժեր Ձեզ ստիպեցին թողնել պաշտոնը` բախտի քմահաճույքին թողնելով նաեւ տարիների Ձեր կատարած աշխատանքը: Իսկապես, ես ոչինչ չհասկացա Ձեր «բացատրությունից»:

Ընդհանրապես, Հայաստանում ավանդույթ է դառնում հրաժարականի դիմում ներկայացնել` դրա պատճառների մասին ենթադրություններն ու գուշակությունները թողնելով ուրիշներին:

Ցանկացած պաշտոնյա` բարձրաստիճան, թե ոչ, հրաժարականի դիմում է ներկայացնում եւ երբեք որեւէ հոդաբաշխ պարզաբանում չի տալիս, որ հանրությունն, ի վերջո, իմանա հրաժարականի իրական պատճառը կամ պատճառները:

Էս ինչ «ադաթ» է` չեմ հասկանում. հրաժարականի պատճառների մասին խուճուճ բացատրություններ տալը: Խոսեք պարզ, արտահայտվեք հստակ, այսպես թե այնպես, պաշտոնը կորցրել եք: Իսկ եթե վախենում եք ճշմարտությունն ասելուց (ինչն ակնհայտ է բոլոր հրաժարական տվողների դեպքում), ուրեմն սա պետություն չի դառնա հաստատ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը